- Գլխավոր
- Նորություններ
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հուլիս 07, 2021 | 14:37
Ուսանողական
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, դասախոսներ, շրջանավարտներ և ծնողներ:
Հանդիսավոր արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը նախ ողջունեց ներկաներին, ապա իր խոսքն ուղղեց շրջանավարտներին:
«Տարիներ անց այս դիպլոմը ձեր ձեռքը վերցնելով՝ անթաքույց հիացմունք եք ապրելու, քանի որ հիշելու եք այն երանելի օրերն ու տարիները, որոնք անցկացրել եք հարազատ կրթօջախում»,- ասաց դեկանն ու հույս հայտնեց, որ շրջանավարտներից շատերը կշարունակեն կրթությունը մագիստրատուրայում:
Գ. Բարսեղյանը մասնագիտական և անձնական հաջողություններ մաղթեց շրջանավարտներին և հորդորեց ցանկացած պարագայում պահպանել կապը Մայր բուհի հետ՝ գնահատելով ու փայփայելով այն մեծագույն արժեքը, որի անունը ԵՊՀ է:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը. «Գիտելիքն այն արժեքն է, որ ոչ ոք չի կարողանալու ձեզնից խլել: Այն միշտ ուղեկցելու է ձեզ ու հնարավորություն է տալու վստահաբար առաջ քայլելու և ամուր կանգնելու հողի վրա»:
Տիկին Գասպարյանը մեր երկրին մաղթեց խաղաղություն ու կայունություն, իսկ շրջանավարտներին՝ դառնալ ազգի արժանի զավակ. «Դարձեք իսկական նվիրյալներ ազգի համար. եղեք բարի, ազնիվ, նպատակասլաց, որ կարողանաք որևէ օգուտ տալ մեր երկրին»: