- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԻՏՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ապրիլ 02, 2020 | 15:14
Հասարակություն
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԻՏՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում է առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը:
«Հայագիտական ֆիլմերի դիտում» խորագրով կինոդիտումներ անցկացնելու գաղափարի, հեղինակային ֆիլմերի ու հետագա անելիքների մասին այսօր զրուցել ենք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հետ:
Վերջինս նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինչպես բոլորը, իրենք ևս անցան հեռավար ուսուցման, և դասախոսությունները, բնականաբար, սկսեցին կազմակերպվել առցանց:
«Սակայն դասախոսությունները՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար, ունեն որոշակի սահմանափակումներ: Փաստագրական ֆիլմերը, որոնք տարիներ շարունակ պատրաստում ենք, որոշ առավելություններ ունեն, քանի որ խոսելով որևէ թեմայի մասին՝ դու կարող ես այն ավելի պատկերավոր դարձնել ֆիլմի դիտման միջոցով: Դասախոսությանը զուգահեռ դու ֆիլմով կարողանում ես ամեն ինչ միանգամից մատուցել»,- նշեց Ա. Մովսիսյանը:
Նա ասաց, որ այս օրերին ցանկալի է ուսանողությանը և ընդհանրապես ժողովրդին մատուցել հայագիտական գիտելիք: ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը պատմեց, որ առցանց դասախոսություններին զուգընթաց շատերը սկսեցին դիտել, տարածել իր հեղինակային ֆիլմերը, ինչն էլ առիթ դարձավ ֆեսյբուքյան էջում կազմակերպել կինոդիտումներ. «Սկսած մարտի 27-ից՝ ես ամեն օր հրապարակում եմ մեկ ֆիլմ, որը դիտելուց հետո տեղի են ունենում առցանց կամ հեռախոսային քննարկում, կարծիքների փոխանակում նաև ֆեյսբուքյան անձնական նամակագրությամբ: Այսօր հրապարակվել է 7-րդ՝ «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» նորացված, ավելի բարձր որակով ֆիլմը»:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը նշեց, որ նմանօրինակ ֆիլմերը 9-ն են, և երբ հրապարակվի վերջինը, նա նախատեսում է շարունակել այս ձևաչափը․ «9-րդ ֆիլմի ցուցադրությունից հետո կանցնեմ հայագիտական հաղորդումներին: Ես մեկ հաղորդում ունեմ «Մեր մեծերը» շարքում, ռեժիսոր Վահե Սուքիասյանի հետ 10-15 հաղորդումներ ունենք «Հայերը» հաղորդաշարում և այն»։
Ա. Մովսիսյանը պատմեց, որ ուսուցման այս ձևն ավելի ազդեցիկ և տարողունակ է, քան զուտ դասախոսությունը․ «Բացի այս ամենը՝ ԵՊՀ-ն մեր երկրի Մայր բուհն է, և նա՝ որպես Մայր բուհ, և ես՝ որպես Մայր բուհի հայոց պատմության ամբիոնի վարիչ, այս ընթացքում պարտավորություն ունենք օգտակար լինել մեր ազգին: Այս ֆիլմերի ցուցադրությունը սկսեցի կազմակերպել նաև այն պատճառով, որ բացի մեր ուսանողներից՝ հայագիտությանը հաղորդակից դարձնեմ նաև մեր ամբողջ ժողովրդին՝ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում»:
Ա. Մովսիսյանը պատմեց նաև, որ գրեթե բոլոր ֆիլմերը, բացառությամբ մեկի, ունեն մի քանի լեզվով թարգմանություններ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն։
«Վաղը նախատեսում ենք ցուցադրել Ադրբեջանի կեղծարարությունների մասին ֆիլմը՝ «Պատմության կեղծարարները. Ադրբեջան», որը կա 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, պարսկերեն և շուտով կլինի նաև գերմաներեն թարգմանությունը»,- պատմեց դասախոսը և նշեց, որ ամեն դիտումից հետո թե՛ համացանցում և թե՛ հեռախոսազրույցներով լինում են քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, հարցուպատասխան:
Ուսանողները և համացանցի մյուս օգտատերերը մեծ հետաքրքրությամբ են դիտում ֆիլմերը ու շնորհակալություն հայտնում դրանք առցանց հրապարակելու համար:
Նշենք, որ Արտակ Մովսիսյանի հեղինակած բոլոր ֆիլմերը հասանելի են նրա ֆեսյբուքյան և յութուբյան էջերում:
Մարինա Առաքելյան