- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒԽ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ
Ապրիլ 28, 2021 | 16:38
Հասարակություն
ՈՒԽ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբին նոր անդամագրված ուսանողները ծանոթացան ակումբի գործունեությանը, իրականացրած աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Շուրջ վեց տարի գործող ակումբի նպատակն է ուսանողների շրջանում զարգացնել մարտական պատրաստության վիճակը և աջակցել ուսանողների հայրենասիրական դաստիարակությանը: Մեզ հետ զրույցում ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն ասաց, որ հատկապես այսօր ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին և ներքին սպառնալիքները բազմաթիվ են, ուստի շատ կարևոր է, որ հատկապես ուսանողները լինեն իրազեկված և պատրաստ դիմագրավելու մարտահրավերներին:
Մարտական պատրաստության ակումբը կազմակերպում է տարածաշրջանային ու անվտանգային թեմաներով հանդիպումներ և դասընթացներ ոլորտի փորձագետների, ռազմական գործիչների, ազատամարտիկների հետ, մասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, հետախուզական, կապի, կրակային պատրաստության տեսական ու գործնական պարապմունքներ, ուսանողական բանակումներ և այլ միջոցառումներ:
Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ Մարտական պատրաստության ակումբի առջև դրված խնդիրները շատ կարևոր են համալսարանի ու երիտասարդության համար, և այն արդյունքները, որոնք գրանցել է ակումբը մեծ նշանակություն են ունեցել, հատկապես վերջին ժամանակահատվածում:
Նա փաստեց, որ շուտով տեղի կունենա ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի սենյակի պաշտոնական բացումը: ՈՒԽ նախագահը վստահեցրեց նաև, որ ակումբի այս կազմը նոր որակ է թելադրելու, քանի որ մեծ աշխատանքներ են իրականցվել նախապես ու արդյունքում ներմուծել նոր գաղափարներ:
ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն էլ հույս հայտնեց, որ հատկապես հետպատերազմյան Հայաստանում ակումբի յուրաքանչյուր մասնակից ակումբի իրականացրած ծրագրերի շնորհիվ իր ներդրումը կունենա պետության անվտանգության կազմակերպման և զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում Լիպարիտ Ղազարյանը մասնակիցներին ներկայացրեց ակումբի գործունեությունը, իրականացրած աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Նա փաստեց, որ ակումբի հիմնադրման օրվանից մինչ այսօր իրականացված բոլոր ծրագրերին մշտապես աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Իրազեկումից հետո Մարտական պատրաստության ակումբի ջոկատների նոր հրամանատարները հանդես եկան ելույթներով, որից հետո վիճակահանության սկզբունքով ջոկատները համալրվեցին նոր անդամներով:
Քնար Միսակյան