- Գլխավոր
- Նորություններ
- «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարտ 31, 2021 | 18:28
Մշակույթ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին իր յուրօրինակ մասնակցությունն ունի ԵՊՀ-ն: ԵՊՀ մշակույթի կենտրոնն արդեն 12-րդ տարին է՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի հետ կազմակերպում է Ֆրանսիական երգի փառատոն՝ իր ներդրումն ունենալով ֆրանսերենի դասավանդման և ֆրանսիական մշակույթի տարածման գործում:
Ֆրանսիական երգի փառատոնին ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, գրականագետ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ էդոյանը, Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Վերջինս նշեց, որ շատ ուրախ է, որ համաճարակային նման պայմաններում ԵՊՀ մշակույթի կենտրոնը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ համագործակցելով համալսարանի տարբեր ֆակուլտետների հետ:
«Մենք հավատարիմ ենք ամեն տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի ունեցող միջոցառումներին կազմակերպմանը՝ ներկայացնելով ֆրանսիական մնայուն արվեստի գործերը. այս անգամ, կարելի է ասել, որ տոնը երկակի է, քանի որ կայանալու է նաև ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը»,- ասաց Կ. Դավթյանը:
«Ֆրանսիական պոեզիա» գրքին անդրադարձան նաև բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը, Ֆրանսիական ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը։
Վերջիններս կարևորեցին գրքի բովանդակությունն ու հեղինակի խոսքը՝ ներկայացնելով այն որպես ֆրանսիական պոեզիայի թարգմանության նոր խոսք և որակ։
Շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ պոետական սիրո լավագույն դրսևորումը երախտիքի զգացողությունն է։
«Ձեր բոլորի ներկայության շնորհիվ պոետական հիշողությունը շարունակելու է կայուն մնալ։ Սեր ստանալու համար անհրաժեշտ է բացել հենց այդ պոետական հիշողության դուռը»,- ասաց հեղինակը։
Միջոցառման ավարտին, ավանդույթի համաձայն, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Անուշ Սեդրակյանը գիրքն օծեցին գինով։
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվեց ֆրանսիական հայտնի երգերի կատարումներով:
Անգին Խաչատրյան