- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
Ապրիլ 02, 2020 | 16:48
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Իրավագիտության ֆակուլտետին է նվիրել հայտնի հրատարակչությունների 160 անուն օտարալեզու գիրք:
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ ֆակուլտետի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև համագործակցությունը սկսվել է գրեթե քսան տարի առաջ, որի արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր:
«Այս ընթացքում «GIZ»-ի աջակցությամբ ֆակուլտետում մշակվել են առարկայական նոր ծրագրեր, որոնցից կարելի է հիշատակել «Վարչական դատավարություն» դասընթացի առարկայական ծրագիրը, որի արդյունքում առարկան ներմուծվել է ֆակուլտետի բակալավրիատի ուսումնական պլան: «GIZ»-ի օժանդակությամբ և գերմանացի պրոֆեսորների ներգրավվածությամբ մշակվել է նաև արդիական մեթոդիկայով կազմված «Քաղաքացիական իրավունք» առարկայի խնդրագիրք, որը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Մշակվել են նաև ուսումնական տարբեր նյութեր»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա փոխանցմամբ, այս ընթացքում աշխատանքներ են իրականացվել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, որոնց ակտիվորեն մասնակցել են ֆակուլտետի ներկայացուցիչները, իրականացվել են ճանաչողական այցեր, հրավիրյալ դասախոսների դասախոսություններ և համատեղ այլ միջոցառումներ. «Կարող ենք առանձնացնել Համբուրգի համալսարանի դիդակտիկ կենտրոնի հետ իրականացվող դասավանդման նոր մեթոդների կիրառմանը նվիրված համագործակցությունը»:
Գագիկ Ղազինյանը փաստեց, որ հենց այդ համագործակցության արդյունքում է մշակվել «Վարչական դատավարություն» դասընթացը. «Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով «GIZ»-ի աջակցությամբ Իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, և արդյունքում առարկան բակալավրիատի ուսումնական պլանով նախատեսված հիմնական առարկաների ցանկում է: Շուտով լույս կտեսնի նաև դասագիրքը»:
Նրա խոսքով, համագործակցության արդյունքում ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն ներգրավվել են «GIZ»–ի կողմից կազմակերպված պարբերաբար կազմակերպվող դպրոցներին: Բացի դրանից՝ «GIZ»-ի կողմից աջակցություն է ցույց տրվել ֆակուլտետի տեխնիկական հագեցվածությունն ապահովելուն. «Կարող եմ փաստել, որ «GIZ»-ը մեր ֆակուլտետի միջազգային կարևոր գործընկերն է»:
«Ցավոք, կազմակերպության հայաստանյան գրասենյակն այս տարվանից սահմանափակել է կրթական ծրագրերի իրականացումը, և պայմանավորված նաև այդ հանգամանքով, և թերևս որպես արդյունավետ ու հուսալի գործընկեր, մեզ է նվիրել անգլերեն և ռուսերեն մասնագիտական շատ հարուստ գրականություն, որը շատ օգտակար կլինի մեր ուսանողների և իրավագիտությամբ հետաքրքրվողների համար՝ մասնագիտությունն ավելի խորությամբ ուսումնասիրելու և տիրապետելու տեսանկյունից»,- նշեց Գագիկ Ղազինյանը:
Ֆակուլտետի դեկանը փաստեց, որ ԵՊՀ գրադարանի հետ պայմանավորվածության արդյունքում նոր գրքերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի ԵՊՀ գրադարանի քարտարանում, ինչը հնարավորություն կտա այլ գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներին իմանալու, թե ինչպես կարող են օգտվել գրքերից:
Տեղեկացնենք, որ նոր գրքերն արդեն տեղ են գտել Իրավագիտության ֆակուլտետի ընթերցասրահում և հասանելի են բոլորին:
Քնար Միսակյան