- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 25, 2021 | 14:22
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գագիկ Ղազինյանը, մեկնաբանելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, նշում է, որ դրանում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ:
Գագիկ Ղազինյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 19-ի արտահերթ նիստում քննարկվել և ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք), որում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միսանականության հիմնարար պահանջների հետ։ Այսպես.
1. Օրենքի 2-րդ հոդվածում առաջարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը լիազորվում է վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) կամ բարդության գործեր։
Առաջարկվող կարգավորումը փաստացի նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, այսպես կոչված, բարդության վրա։ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի՝ դատավորների մասնագիտացվածության վերաբերյալ 2012 թվականի թիվ 15 կարծիքը[1] մասնագիտացվածության դրական կողմերի հետ միասին, իբրև հնարավոր բացասական երևույթ, առանձնացնում է դատական համակարգի միասնականության խարխլումը։ Այսպես, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը մտավախություն է հայտնել առ այն, որ հատուկ մասնագիտացված դատավորներ առանձնացնելու պարագայում հանրության շրջանում կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջիններս դատավորների առանձին էլիտար խումբ են կազմում։ Դա էլ կարող է հանգեցնել, այսպես կոչված, պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահության նվազմանը։ Բացի դրանից՝ հիշյալ կառույցը բարձրացնում է նաև այն մտավախությունը, որ մասնագիտացված դատարանի (դատավորների) առանձնացումը կարող է նպատակ հետապնդել դատավորների որոշակի խմբի առանձնացնելու ընդհանուր դատավորներից՝ վերջիններիս կողմերի, շահագրգիռ խմբերի կամ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինների ճնշմանը ենթարկելու համար («բ» ենթաբաժնի 18-19-րդ կետեր)։
Վերոշարադրյալից բխում է, որ դատավորների կամ դատարանի մասնագիտացվածությունը կարող է իրավաչափ շեղում համարվել դատավորների միասնական կարգավիճակի պահանջից, եթե դա խիստ արդարացված է նեղ մասնագիտական գիտելիքների առկայության անհրաժեշտությամբ՝ պայմանավորված ոլորտի որոշակի առանձնահատուկ բարդությամբ։ Մինչդեռ Օրենքով առաջարկվող՝ գործի բարդության հիման վրա դատավորների առանձնացումը չի համապատասխանում մասնագիտացվածության իրավաչափության պահանջներին։
Բացի դրանից՝ ինքնին անորոշ է «գործի բարդություն» եզրույթը։ Մասնավորապես անհրաժեշտ իրավական կարգավորումների բացակայության պարագայում անհասկանալի է, թե արդյոք խոսքը վերաբերում է արարքի ծանրությանը, գործի իրավական, թե փաստական կողմի բարդությանը, դատավարության մասնակիցների բազմաթվությանը, թե որևէ այլ չափանիշի։
Առաջարկվող կարգավորումը կարող է նաև հանգեցնել դատավորների միջև գործերի կամայական բաշխմանը, ուստի դա ոչ իրավաչափ նահանջ է նաև դատավորների միջև գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխման հիմնարար պահանջից, իսկ դա իր հերթին դատավորների անկախության կարևորագույն երաշխիք է։ Մասնավորապես Դատական իշխանության և դատավորների անկախության վերաբերյալ զեկույցում[2] գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխումը «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) դիտարկել է իբրև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ «օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարանի» կողմից գործի քննության հիմնարար պահանջի տարր (73-81-րդ կետեր)։
Պետք է նաև փաստել, որ այս կարգավորումը և Օրենքի հիմնավորմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդին արդարադատության արդյունավետ իրականացման ապահովման լիազորություն վերապահելու առաջարկը հակասում է նշված մարմնի՝ որպես դատական իշխանության անկախության ապահովման երաշխավորի Սահմանադրական կարգավիճակին։ Ըստ այդմ, դա հակասում է նաև նշված մարմնին բացառապես դատական իշխանության անկախության ապահովմանն ուղված լիազորություններ վերապահելու գաղափարին։ Ավելին, նշված կարգավորումը ոչ միայն չի բխում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի կարգավիճակից, այլև փաստացի հանգեցնելու է վերջինիս կողմից դատական իշխանության նկատմամբ ներքին գերատեսչական վերահսկողության քողարկված գործառույթ իրականացնելուն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչն արժեզրկելու է դատական իշխանության ներքին անկախության ապահովման կարևորագույն պահանջը։
2. Օրենքի 12-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ՝ Օրենսգրքի նոր 148.1-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման հնարավորություն՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։
Նման կարգավորումը փաստացի ենթադրում է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ առիթի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման հիման վրա նույն մարմնի կողմից փաստացի և´ կարգապահական վարույթ հարուցելու, և´ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծում, այն պարագայում, երբ կարգապահական վարույթ հարուցելու մյուս առիթների (ԶԼՄ-ում տեղ գտած հրապարակումներ, վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերում և այլն) առկայության դեպքում վարույթ հարուցելու հարցը լուծելու են Օրենսգրքով նախատեսված իրավասու այլ մարմինները, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը իրավասու մարմնի միջնորդության հիման վրա քննարկելու է միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցը։ Առիթներով պայմանավորված՝ նման տարբերակման հիմնավոր լինելու հանագամանքը որոշակիորեն վիճելի է։ Նույն մարմնի իրավասության մեջ փաստացի կարգապահական վարույթ հարուցելու և միաժամանակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների մեկտեղումը խիստ վտանգավոր է և կարող է պարարտ հող նախապատրաստել համապատասխան մարմնի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ նույն մարմնի կողմից համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումին ընթացք տալուց արդեն իսկ որոշակի կանխակալ վերաբերմունք կարող է դրսևորվել ապագայում կայացվելիք` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման առնչությամբ:
Բացի դրանից՝ այս կարգավորումը հանգեցնելու է թե՛ դատավորի և թե՛ Բարձրագույն դատական խորհրդի անհիմն ու անհարկի գերծանրաբեռնվածությանը։ Քանի որ արդարադատության ցանկացած տեսակի պարագայում կողմերից առնվազն մեկը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է՝ չնայած Օրենքով նախատեսված դիմում ներկայացնելու որոշակի պայմանների առկայությանը, փաստացի հնարավորություն է ընձեռվել գրեթե ցանկացած գործով դժգոհ մնացած ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջապես դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ։ Ասվածի վառ ապացույցը նաև Օրենքի հիմնավորման մեջ նշված վիճակագրությունն է, համաձայն որի՝ 2018-2020 թթ. հաշվետու ժամանակահատվածներում Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հարուցած վարույթների թիվը չի գերազանցել դիմումների մոտ 10 տոկոսը, իսկ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթների թիվը՝ դիմումների 3 տոկոսը։ Չնայած Օրենքը նախատեսում է դիմումների վերադարձի հնարավորություն, այդուհանդերձ, դա դարձյալ ենթադրում է այդ դիմումների որոշակի նախնական ուսումնասիրություն։ Բացի դրանից՝ դիմումների վերադարձը չի բացառում դրանց կրկին ներկայացման հնարավորությունը։ Իսկ դատավորի պարագայում ստացվում է, որ առերևույթ հիմնավոր ցանկացած բողոքի ընթացք տալու պարագայում, անկախ ելքից, դատավորը ոչ միայն ստիպված է լինելու նախապես Բարձրագույն դատական խորհուրդ պատասխան ներկայացնել, այլև պատրաստվել համապատասխան նիստերին մասնակցելու համար։ Դա լրացուցիչ բարձրացնելու է դատավորների, առանց այդ էլ, խիստ ծանրաբեռնվածությունը։
3. Ինչ վերաբերում է Օրենքով առաջարկվող՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների (բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի) լիազորությունները կասեցնելուն, ապա թեպետ դա կարող է լուծել այս մարմնի արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը՝ բացառելով որպես դատավոր ծանրաբեռնվածությունը և իրական հավասարություն ապահովել խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև (խորհրդի դատավոր անդամները փաստացի զբաղեցնում են երկու պետական պաշտոն` դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի, այնինչ ոչ դատավոր անդամները, սահմանված անհամատեղելիության կանոնների ուժով, Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակից բացի, այլ պաշտոն զբաղեցնել չեն կարող), այդուհանդերձ, Նախագծով սրա հետ կապված մի շարք հարցեր մնում են դեռևս չլուծված։ Այսպես, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների լիազորությունների կասեցումը ենթադրում է, որ կոնկրետ դատարանում այլ դատավորներին լրացուցիչ չծանրաբեռնելու համար անհրաժեշտ է լինելու նշանակել նոր դատավորներ։ Այս դեպքում, հարց է ծագում, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը նշված մարմնում իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո. մասնավորապես, արդյոք պետք է պարտադիր վերականգնվի նախկին պաշտոնում, թե թափուր հաստիքի բացակայության դեպքում պետք է ռեզերվային դատավորի կարգավիճակ ունենա։ Օրենքով առաջարկվող նման փոփոխության պարագայում պետք է համապատասխան լուծում տրվեր նաև նշված հարցերին։ Իսկ նշված հարցերի հստակ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը բխում է դատավորի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի պահանջներից։ ՀՀ Սահմանադրությունը, ամրագրելով դատավորի բարձր սահմանադրական կարգավիճակը, դրա մանրամասները սահմանելու լիազորությունը պատվիրակել է Դատական օրենսգրքին (174-րդ հոդվածի 11-րդ մաս)։ Իսկ առաջարկվող նոր կարգավորման պարագայում դատավորի կարգավիճակի հետ կապված կարևորագույն հարցեր մնում են չլուծված։
Վերոգրյալի հիման վրա կոչ ենք անում Հանրապետության նախագահին իրացնել նշված Օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխասնությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը՝ կանխելով դատական իշխանության անկախության սահմանադրական հիմքերին հակասող այս նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գ. Ս. Ղազինյան
[1] Նշված փաստաթուղթը հասանելի է https://rm.coe.int/16807477d9 կայքէջում։
[2] Report on the Independence of the Judicial System Part I: The Independence of Judges, 16 March 2010, CDL-AD(2010)004, հասանելի է այստեղ՝
https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2010)004-e: