- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱՎԱԿԱՆ 5/OFF». ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 20, 2021 | 21:59
Հասարակություն
«ԻՐԱՎԱԿԱՆ 5/OFF». ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվել է խաղ-մրցույթ՝ «Իրավական 5/OFF» խորագրով։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանն ասաց, որ «Իրավական 5/OFF» խաղի նպատակն է ժամանցային և հետաքրքիր ձևով ստուգել ուսանողների գիտելիքները իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
«Տարիներ շարունակ ԵՊՀ ՈւԽ իրավական հանձնաժողովն իրազեկում է ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Այժմ հասունացել է այդ գիտելիքների պաշարը ստուգելու և մեկ անգամ ևս բոլոր հարցերին պատասխանելու պահը։ Ձևաչափն ընտրվել է ժամանացայինը, որպեսզի ուսանողները սիրով և հաճույքով մասնակցեն միջոցառմանը։ 21-րդ դարի ուսանողը պարտավոր է ոչ միայն քաջատեղյակ լինել իր իրավունքների և պարտականությունների մասին, այլև պետք է կարողանա կիրառել իր գիտելիքները»,- ասաց Կարոլինա Հարությունյանը։
Խաղ-մրցույթը բաղկացած էր երեք հիմնական փուլերից։ Առաջին փուլըում ԵՊՀ ուսանողները սահմանափակ ժամանակում պետք է ընտրեին հարցի չորս հնարավոր տարբերակներից ճիշտ պատասխանը, կամ նշեին՝ ճիշտ է կամ սխալ է։
Այս փուլում առավել շատ միավորներ հավաքած 20 ուսանող անցավ 2-րդ փուլ։ Իսկ դուրս մնացած 5 ուսանողները ձևավորեցին ժյուրիի կազմը, որը հետագայում կարող էր հավելյալ մեկ միավոր տալ այն թիմին, որն իր կարծիքով արժանի է դրան։ 20 մասնակիցները վիճակահանությամբ ձևավորեցին 4 թիմեր։
Մրցույթի 2-րդ փուլում, որը կոչվում էր «Ճակատագիր», ընդամենը 2,5 րոպե ժամանակում թիմակիցները պետք է միմյանց բացատրեին հնարավորինս շատ բառեր։ Բառերը վերաբերում էին համալսարանական կյանքին։
Վերջին և 3-րդ փուլը կոչվում էր «ԻՐԱՎիճակ»։ Այս փուլի ժամանակ թիմերին ներկայացվել էին 3 հիմնական իրավիճակներ, որոնք ուսանողները պետք է վերլուծեին և ցույց տային կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
Ամփոփելով 2-րդ և 3-րդ փուլերի արդյունքները՝ հաղթող թիմ ճանաչվեց «RedCreative» թիմը։ Խաղի ավարտից հետո 3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականը զբաղեցրած թիմերը ստացան հավաստագրեր։ «Ամենաիրազեկ» անվանակարգին արժանացան հաղթող թիմի անդամները։ Հավաստագրեր տրվեցին նաև այլ անվանակարգերի համար։
«Շատ ոգևորիչ էր ուսանողների մասնակցությունը և ակտիվությունը։ Հաշվի առնելով նրանց խնդրանքները՝ խոստանում ենք, որ այս ծրագիրը կլինի շարունակական։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ծրագրի կազմակերպիչ, Իրավական հանձնաժողովի պատասխանատու Էդիտա Ռուստամյանին»,- մրցույթի ավարտին մեզ հետ զրույցում ասաց Կարոլինա Հարությունյանը։
Պատրաստեց Քնար Միսակյանը