- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԽ-Ն ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Ապրիլ 14, 2021 | 19:42
Հասարակություն
ԵՊՀ ՀԽ-Ն ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:
Գեղամ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ 2019-2020 ուսումնական տարին բազմաբնույթ իրադարձություններով հագեցած ժամանակահատված էր Երևանի պետական համալսարանի համար. «2019 թ. մայիսի 16-ին լրացավ հայոց Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով տեղի ունեցան գիտակրթական, մարզամշակութային և այլ բնույթի բազմաթիվ միջոցառումներ»:
Նրա տեղեկացմամբ, հաշվետու ժամանակաշրջանն առանձնահատուկ էր նաև 2020-ի սկզբներին բռնկված և առ օրս ողջ աշխարհում ծավալվող «կորոնավիրուսային համավարակ» երևույթով, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել կյանքի բոլոր բնագավառների, այդ թվում՝ կրթության բնագավառի գործունեության վրա. «ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն, և արդեն մարտի կեսից ԵՊՀ-ն
ուսուցման գործընթացն սկսեց իրականացնել առցանց (հեռավար)»:
«Չնայած ստեղծված իրավիճակին՝ 2019-2020 ուստարում համալսարանի գործունեությունը բոլոր բնագավառներում կազմակերպվել և իրականացվել է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին ու նպատակներին համապատասխան: Նա ասաց, որ ռազմավարական այս նպատակով սահմանված խնդիր է օպտիմալացնել համալսարանի ընդունելության կառուցվածքը և չափաքանակները՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի և հանրության պահանջներին, կատարելագործել ընդունելության ընթացակարգերը և աշխատակարգերը»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նշեց, որ 2019-2020 ուստարում մեկնարկել է ԵՊՀ շուրջ 100 մագիստրոսի կրթական ծրագրի մշտադիտարկման (մոնիթորինգի) գործընթացը. «Ծրագրերի շահակիցների հետ հետադարձ կապի ապահովման համար իրականացվել են ֆոկուսխմբային քննարկումներ մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների հետ: Ֆոկուս-խմբերն անցկացրել են Սոցիոլոգիայի ու Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների մագիստրատուրայի 25 ուսանողներ՝ իրենց մասնագիտական պրակտիկայի շրջանակում»:
«Ընթացիկ՝ 2020-2021 ուստարվա սեպտեմբերին ՈԱ կենտրոնը մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ընդհանուր զեկույց է ներկայացրել ԵՊՀ ԳԽ, որը կայացրել է համապատասխան որոշում մոնիթորինգի ենթարկված ծրագրերի վերաբերյալ:
Բակալավրի վերանայված կրթական ծրագրերի մշտադիտարկումը կիրականացվի 2021-2022 ուստարվանից»,- ասաց Գեղամ Գևորգյանը և հավելեց, որ 2019-2020 ուստարում ԵՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը եղել է 8921, հեռակա ուսուցման համակարգում՝ 2205, իսկ մագիստրատուրայի ուսանողների թիվը՝ համապատասխանաբար 1990 և 536: Առկա և հեռակա ուսուցման համակարգերում ասպիրանտների թիվն էլ համապատասխանաբար եղել է 118 և 253:
Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ հաշվետու ուստարում իրականացվել է ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման գործընթացը: Երկու կիսամյակներում կիրառված զեղչերի գումարը կազմել է 387.837.650 ՀՀ դրամ:
Նա փաստեց, որ շարունակվել են դասավանդման, ուսումնառության և գնահատման բարելավմանը միտված գործընթացները. «Դեռևս նախորդ հաշվետու տարում «ERASMUS+PRINTeL» նախագծի շրջանակում, ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության դասախոսների որակավորման բարձրացման բաժնի համակարգմամբ, եվրոպական երկրներում վերապատրաստվել են 16 վերապատրաստողներ՝ ակտիվ ուսուցման տարբեր նորարարական մեթոդների ուղղություններով: Նրանք այժմ ակտիվորեն ներգրավված են ԵՊՀ դասախոսական կազմի վերապատրաստման աշխատանքներում: Նախորդ տարում նրանց կողմից վերապատրաստվել է 260 դասախոս, իսկ հաշվետու տարում՝ դասախոսների վերապատրաստման նոր դասընթացների ներդրումից և կանոնավոր իրականացումից հետո, վերապատրաստվել է ևս 500 դասախոս»:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ-ում դասընթացների իրականացումն առցանց տիրույթում կազմակերպելու համար կազմվել են նոր կարգեր և ուղեցույցներ: Նա փաստեց, որ 2019-2020 ուստարում հրատարակվել է «Երևանի պետական համալսարանի գործունեության արդյունքային ցուցանիշները (2014-2019)» ձեռնարկը, որի նպատակը գործունեության տարբեր ոլորտներում ԵՊՀ կատարողականի ուսումնասիրումն ու գնահատումն է ընդունված ցուցանիշների լրակազմի միջոցով:
«Ձեռնարկը ներառում է նաև «Web of Science» շտեմարանում ԵՊՀ հրապարակումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ըստ այդմ՝ վերջին հինգ տարիների ընթացքում «Web of Science» շտեմարանում ինդեքսավորվել է ԵՊՀ աշխատակիցների 1382 հոդված, որոնք մեջբերվել են 6102 անգամ 5419 տարբեր հրապարակումներում: 2019-2020 ուստարում ԵՊՀ-ում իրականացված գիտական գործունեության արդյունքում հրապարակվել են 1016 հոդված և 36 մենագրություն, ինչպես նաև 241 գիտաժողովի նյութեր և 5 արտոնագիր: Ազդեցության գործակցով պարբերականներում հրապարակումների թիվը եղել է 187, «Web of Science»-ում՝ 238 և «Scopus»-ում՝ 235: ԵՊՀ գիտական պարբերականներում տեղ գտած հրապարակումների թիվը եղել է 175»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ձեռնարկվել են մի շարք գործընթացներ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի (ՀԲ) ներդրման ուղղությամբ. «Մասնավորապես, ԵՊՀ 7 ֆակուլտետների կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում փորձնական (պիլոտային) եղանակով ներդրվել է հետազոտական բաղադրիչը, և սահմանվել է ՀԲ ներդրման կարգը: ՀԲ նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները և նպաստել նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Առաջին կիսամյակի ընթացքում փորձնական (պիլոտային) ծրագրի արդյունքները վերլուծելու նպատակով կատարվել է մշտադիտարկում, որը հնարավորություն է տվել վերհանելու այս գործընթացի թույլ և ուժեղ կողմերն ու թերությունները, ինչի հիման վրա ընթացակարգը բարելավվել է, և մշակվել է «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգը»: 2020-2021 ուստարվանից ՀԲ-ն պարտադիր ներառվել է կրթական բոլոր ծրագրերում»:
Գեղամ Գևորգյանը խոսեց նաև միջազգային համագործակցության, հանրային ներգրավման և ծառայությունների, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքների արդյունավետ գործունեությանն ուղղված աշխատանքների, ուսանողական կառույցների կողմից իրականացված ծրագրերի, ինչպես նաև ֆինանսական միջոցների ներհոսքի աղբյուրների և ծավալների մասին:
Ի ելույթի ավարտին Գեղամ Գևորգյանը պատասխանեց ՀԽ անդամների հարցերին, որից հետո ՀԽ անդամները բավարար գնահատեցին իրականացված աշխատանքները և հաստատեցին աշխատանքների կատարողականը:
2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Պատրաստեց Քնար Միսակյանը