- Գլխավոր
- Նորություններ
- ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլ 24, 2021 | 13:00
Հասարակություն
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Լրացավ Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործության 106-րդ տարին: Հազարավոր մարդիկ այսօր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արման Մալխասյանը, Արթուր Իսրայելյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, համալսարանի ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի դիմաց և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը նշեց, որ հատկապես հիմա հայ ժողովուրդը պետք է վերաիմաստավորի Ցեղասպանության խորհուրդը. «Այն թյուրըմբռնումները, որոնք կան, և այն դիսկուրսը, որը կարծես թե առաջանում է, պատմության դասերը չսերտելու հետևանք է»:
Լ․ Հովսեփյանի խոսքով, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ ժողովուրդը պետք է լավագույնս սերտի Հայաստանի անվտանգությանը խոչընդոտող դասերը. «Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ բախվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող, Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն իրականացնող Թուրքիայի վարքագծին, այս ամենից հետո պարտավոր է մշակել երկրի ու ժողովրդի անվտանգ կենսագործունեությանը նպաստող նոր հրամայականներ»:
Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և այլ նմանօրինակ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Տեղեկացնենք, որ ապրիլի 23-ին Մայր բուհի ուսանողական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են ամենամյա ջահերով երթին. նրանք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից Թուրքիային դատապարտող տարբեր վանկարկումներով քայլել են դեպի Ազատության հրապարակ, այնուհետև այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Անգին Խաչատրյան