- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՆՄԱՆ Է ՇԱԽՄԱՏԻ. ԱՅՆ ՈՒՆԻ ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ». ՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
Հուլիս 15, 2021 | 15:22
Հասարակություն
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՆՄԱՆ Է ՇԱԽՄԱՏԻ. ԱՅՆ ՈՒՆԻ ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ». ՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյանին շնորհվել է «ԵՊՀ պատվավոր դոկտոր» կոչումը։ Հենրիկ Շահղուլյանն ավելի քան 25 տարի ակտիվ համագործակցում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ։ Նրա ղեկավարությամբ ԵՊՀ 4 շրջանավարտ պաշտպանել է ատենախոսություն։ Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակի միջոցով հայ մաթեմատիկոսները կապեր են հաստատել արտասահմանյան հայտնի գիտնականների հետ։ Գրեթե ամեն տարի Հենրիկ Շահղուլյանն այցելում է Հայաստան, վարում գիտական սեմինարներ, դասախոսություններ և այլն։ Պարոն Շահղուլյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մասնագիտական գործունեության, ոլորտի խնդիրների ու մարտահրավերների մասին։
- Պարո՛ն Շահղուլյան, ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք զբաղվել մաթեմատիկայով:
- Ավելի մեծ տարիքում եմ որոշել զբաղվել մաթեմատիկայով, նման նպատակներ նախկինում չունեի։ Պարզապես ուսանելու տարիներին մաթեմատիկան այն առարկան էր, որն ինձ ավելի հեշտ էր տրվում։ Հետաքրքրությունը հետո է առաջացել։
- Ձեր սահմանմամբ, ի՞նչ է մաթեմատիկան:
- Մաթեմատիկան նման է շախմատի. այն ունի խաղի իր կանոնները, որոնց շրջանակում դու ստեղծում ես նոր կապեր, նոր հարցեր և աշխատում լուծել դրանք։ Պարզապես պետք է իմանալ այդ կանոնները։
- Մաթեմատիկան ստեղծագործականություն պահանջո՞ւմ է:
- Կարծում եմ՝ տարբեր մակարդակներում պահանջները փոխվում են։ Օրինակ, PhD-ի ընթացքում դժվար թե, քանի որ այդ ժամանակ դեռևս սովորում են խաղի կանոնները, բանաձևերը։ Ստեղծագործականության պահանջմունքն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փորձում ես լուծել չլուծված հարցերը։ Իմ կարծիքով, մաթեմատիկայում շատ ավելի կարևոր է օրիգինալությունը։ Բոլոր մաթեմատիկոսները ստեղծագործական մոտեցում ունեն, բայց օրիգինալ՝ քչերը։
- Ի՞նչ պետք է անել, որ մաթեմատիկան հասանելի և հետաքրքիր լինի:
- Իհարկե, տարբեր մոտեցումներ կան՝ կախված մակարդակներից։ Ամենաարդյունավետը, թերևս, բացատրական մեթոդն է։ Կարծում եմ՝ պետք է նախևառաջ գլոբալ դիտարկել հարցը, առաջնորդվել բացատրական սկզբունքով, հետո հասկանալ, թե ինչ գործիքներ կան այդ հարցը լուծելու համար, ապա կիրառել դրանք։ Շատ անգամ կարող է չստացվել. հետաքրքրությունն առաջացնելը հեշտ է, բայց պահելը՝ դժվար։ Շատ անգամ PhD-ից հետո մեծ մասն անցնում է այլ աշխատանքի, մյուսներն այլ մակարդակում են թողնում, և ի վերջո 15-20 %-ն է մնում ոլորտում։ Բարոյական լինելը կարևոր է, իհարկե, բայց պետք է նաև ռեալ նայել. այսօրվա պայմաններում իրատեսական էլ չէ նույն ուղղությամբ շարունակել և արդյունքի չհասնել, քանի որ 2-3 տարի անց պարզապես աշխատանք չի լինի։ Խաղի կանոնները փոխվել են։
- Պարո՛ն Շահղուլյան, շատերը՝ հատկապես նրանք, ովքեր հումանիտար ու հասարակագիտական մասնագիտություններ են ընտրում, մաթեմատիկա անցնելիս հարցնում են, թե կյանքում պետք գալո՞ւ են այդ գիտելիքները: Դուք ի՞նչ կպատասխանեիք նրանց:
- Հարցին կարելի է պատասխանել և՛ այո, և՛ ոչ։ Ո՛չ, եթե չես ընտրելու մասնագիտությունը, ապա իսկապես այդ գիտելիքները չես կարող կիրառել, բայց և այո, քանի որ դրանք նպաստում են, որ զարգանան տրամաբանությունը, արագ մտածելու, վերլուծելու ունակությունները, այլ գիտելիքներն արագ յուրացնելու կարողությունները։
- Պարո՛ն Շահղուլյան, մաթեմատիկայի ո՞ր ուղղությամբ եք զբաղվում Դուք։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ. լուծել խնդիրնե՞ր, թե՞ զարգացնել տեսություններ։
- Ես ազատ եզրերի տեսությամբ եմ զբաղվում, որը կիրառական բնույթ ունի, բայց ես ավելի շատ զբաղվում եմ տեսական հարցերով։ Տեսություններն ինձ համար շատ ավելի հետաքրքիր են։ Հատկապես մաթեմատիկական տարբեր ուղղությունների միջև նոր կապեր ստեղծելը, նոր հարցեր բարձրացնելն ավելի գրավիչ են։
- Ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր մաթեմատիկայի բնագավառում:
- Դրանք բավականին շատ են։ Տարբեր ուղղություններ ունեն իրենց հարցերն ու մարտահրավերները։ Կան հարցեր, որոնց լուծումներն այնքան էլ իրատեսական չեն, և եթե փորձում էլ ես, շատ հաճախ հիասթափվում ես։ Կան նաև տեխնիկական հարցեր, որոնք ժամանակ և աշխատանք են պահանջում։
- Ըստ Ձեզ՝ պե՞տք է, որ մաթեմատիկան ավելի զանգվածային դառնա: Դրա կարիքը կա՞։
- Կարծում եմ՝ պետք չէ իդեալիստ լինել։ Պարզապես նշեմ, որ մաթեմատիկան մեր հասարակության կյանքում երկու դեր է իրականացնում։ Նախ այն ուղղություն է, որը կիրառվում է տարբեր բնագավառներում։ Որպես առանձին ուղղություն՝ գուցե շատ ժամանակ պարզ չէ, թե երբ և ինչպես է կիրառվում, բայց այն մեծապես նպաստում է այլ ոլորտների զարգացմանը։ Բացի դրանից՝ ինչպես արդեն նշեցի, այն օգնում է նաև զարգացնելու արագ մտածելու և վերլուծելու կարողությունները։ Այս նպատակով մեծ տարածում է գտնում նաև շախմատը, բայց կարծում եմ՝ այն շատ կիրառական չէ, իսկ մաթեմատիկան կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Այսինքն, եթե ցանկանանք զարգացնել թվարկածս ասպեկտներից մեկը միայն՝ արագ մտածելու և վերլուծելու կարողությունները, կարելի է զարգացնել շախմատը, բայց շատ ավելի արդյունավետ է մաթեմատիկայի տարածումը։
- Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր եք, այնտեղ կա՞ այնպիսի մի բան, որ կուզեիք տեսնել ԵՊՀ-ում:
- Այնտեղ կա մեծ ճկունություն՝ կապված դասերի հետ, հատկապես մագիստրատուրայում և PhD-ի ժամանակ շատ ավելի հեշտ է ներդնել նոր ուղղություններ, նոր դասընթացներ։ Այստեղ դեռևս սովետական համակարգից եկող կարգեր են, որոնք բարդացնում են ընթացակարգը։ Ես երկար ժամանակ է, ինչ փորձում եմ այստեղ նոր ուղղություններ բերել, բայց ընդհանուր համակարգը շատ բարդացված է։
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան գիտության համակարգը։
- Շատ լավ կգնահատեի մոտ 25 տարի առաջ։ Այն ժամանակ գիտությունն ավելի ուժեղ էր, քան այսօր։ Հատկապես մաթեմատիկայի ոլորտը գնալով թուլանում է։ Շատ տաղանդավոր, խելացի մասնագետներ ստիպված այլ հարցերով են զբաղվում, բուն տեսական հարցերով զբաղվելն արդեն ձեռնտու չէ, ստիպված գնում են այլ ոլորտներ։ Սա բավականին լուրջ հարց է, և մոտ ապագայում էլ լուծում չեմ տեսնում։
- Պարո՛ն Շահղուլյան, Ձեզ շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Այն Ձեզ համար կարևո՞ր է։
- Այն շատ հաճելի է։ 25 տարվա համագործակցության մարմնավորում է, որը, ճիշտ է, որևէ ազդեցություն չունի, բայց շատ հաճելի է։
- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր գործընկերներին։
- Խորհուրդ կտամ շարունակել աշխատել ու մեծացնել համագործակցային կապերը։ Այստեղ ես ունեմ բազմաթիվ ազնիվ ու նվիրված գործընկերներ, որոնք անցկացնում են իրենց ամբողջ կարիերան կրթելու և աջակցելու նոր սերունդներին՝ միևնույն ժամանակ իրականացնելով իրենց հետազոտությունները: Շատ դեպքերում նրանց նման անշահախնդիր վարքագիծն արժենում է հենց իրենց կարիերայի զարգացումը ոլորտում: Բայց ես մեծապես հավատում եմ իմ գործընկերների կարողությանը, նրանց ներուժին և վստահ եմ, որ նրանք կարող են իրենց աշխատանքով և պետական ռեսուրսների միջոցով Հայաստանի մաթեմատիկան տեսանելի դարձնել աշխարհի գիտական քարտեզի վրա: Վերջում Հայաստանում մաթեմատիկայի ներկայիս իրավիճակի վերաբերյալ կուզեի մեջբերել Կարթագենացի զորավար Հաննիբալի խոսքը. «Կա՛մ մենք գտնում ենք ճանապարհը, կա՛մ ստեղծում այն»:
Քնար Միսակյան