- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ապրիլ 03, 2020 | 13:37
Գիտություն
Հասարակություն
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
- Պարո՛ն Թռչունյան, ի՞նչ է կորոնավիրուսը: Ի՞նչ է հայտնի դրա վերաբերյալ:
- Կորոնավիրուսները, ինչպես մյուս վիրուսները, բնության մեջ շատ տարածված մասնիկներ են: Դրանք բաղկացած են հիմնականում սպիտակուցներից ու նուկլեինաթթուներից և բազմապատկվում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում: 19-րդ դարի վերջին՝ վիրուսների հայտնաբերումից հետո, շատ ժամանակ է անցել, և կուտակվել է հսկայական գիտական տեղեկատվություն, որը վկայում է, որ վիրուսները եղել են, կան և կլինեն: Դրանք առաջացնում են մարդու լուրջ հիվանդություններ, և հետևաբար միշտ պետք է պատշաճ ուշադրություն դարձնել վիրուսների տարածումը սահմանափակելու վրա: Սխալ է կարծել, թե դրանք ինչ-որ տեղ կվերանան: Ո՛չ, դրանք միայն կփոփոխվեն՝ ենթարկվելով մուտացիայի։ ՌՆԹ պարունակող վիրուսները, ինչպիսիք են կորոնավիրուսները, մեծ հաճախականությամբ ձևափոխվում են և առաջացնում նոր վարակիչ հիվանդություններ: Գրիպի և շնչառական այլ վիրուսների ուսումնասիրության փորձը և դրանց դեմ պայքարը թույլ է տալիս միանշանակ խոսելու այդպիսի պնդման մասին: Կորոնավիրուսային հիվանդությամբ այսօր համեմատաբար քիչ ծանր դեպքեր կան, և մահացությունը դիտվում է հիմնականում ուղեկցող հիվանդություններ ունեցող վարակակիրների շրջանում: Համոզված եմ, որ շուտով ամեն ինչ կանցնի, և մենք հաջողությամբ դուրս կգանք այս իրավիճակից:
- Ի՞նչ միջոցառումներ պետք է արվեն այս ընթացքում: Պարետատան կողմից իրականացվող սահմանափակումներն արդարացվա՞ծ են:
- Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել կորոնավիրուսային վարակի տարածմամբ և խիստ սահմանափակող միջոցառումների հետևանքով առաջացած խուճապը: Ես լիովին համաձայն եմ կառավարության հետ, որ անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել միայն պաշտոնական տվյալների և գիտականորեն հիմնավորված միջոցառումների մասին, քանի որ բնակչության մեծ մասը չի կարողանում ընկալել և վերլուծել տրամադրվող տարաբնույթ տեղեկատվությունը: Խիստ կարանտինն անհրաժեշտ է վիրուսի տարածումը սահմանափակելու համար, բայց սա ժամանակավոր միջոց է: Անհնար է ամեն ինչ երկար ժամանակով սահմանափակել: Ներկա իրավիճակից պետք է եզրակացնել, որ գլխավորը համալիր կանխարգելիչ միջոցառումներն են, որոնցից են հիգիենայի կանոնների պահպանումը, առողջ ապրելակերպի ապահովումը, կարանտինը, բնակչության պատվաստումը (համապատասխան պատվաստանյութի առկայության դեպքում), և որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, բավականաչափ արդյունավետ չեն իրականացվում: Հետևանքը ստեղծված իրավիճակն է: Անհրաժեշտ է մանրէաբանության, վիրուսաբանության, վարակիչ հիվանդությունների և համաճարկաբանության բնագավառների ավելի շատ գիտնականներ և մասնագետներ ներգրավել՝ ոչ միայն բնակչությանը տեղեկացնելու և իրավասու միջոցառումներ մշակելու ու ձեռնարկելու, այլև կորոնավիրուսային վարակով ստեղծված իրավիճակի վերլուծության, վիրուսային և այլ վարակների դեմ պայքարի նոր ձևեր ու լուծումներ գտնելու նպատակով ՝ հաշվի առնելով այս վիրուսների հատկությունները և կենդանի օրգանիզմների հետ դրանց փոխազդեցության առանձնահատկությունները: Դժբախտաբար, սրա մասին քիչ է խոսվում:
- Ստեղծված իրավիճակից ի՞նչ եզրակացություն կարելի է անել:
- Այն, որ անիմաստ խոսակցությունները պատվաստանյութերի ցածր արդյունավետության մասին, շենքերի և շինությունների, տրանսպորտային միջոցների և փողոցների ոչ սանիտարական վիճակը, սննդամթերքի մանրէաբանական անվտանգության պատշաճ վերահսկողության բացակայությունը և այլն վաղ, թե ուշ տալիս են իրենց բացասական հետևանքները: Երկար տարիներ ոչ ոք չէր խոսում, օրինակ, ձեռքերը լվանալու մասին, և միայն հիմա սկսեցին նշել այն: Այնինչ անհրաժեշտ է մանկուց սովորեցնել երեխաներին․դեռ նախադպրոցական հաստատություններում և լրատվամիջոցների օգնությամբ: Այն, ինչ հիմա արվում է, միշտ պետք է արվի: Բացի դրանից՝ բնապահպանական միջոցառումների նկատմամբ ուշադրությունը պետք է կտրուկ բարձրացվի, հակառակ դեպքում հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել: Կարելի է ասել, որ բնությունը «պատասխան» է տալիս իր խնդիրներին անբավարար ուշադրություն դարձնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես Նոբելյան դասախոսության ժամանակ նշել է ամերիկացի մանրէաբան Վաքսմանը, ավելի դաժան պատերազմ է սկսվելու միկրոօրգանիզմների և մարդկանց, վիրուսների և մարդկանց միջև: Եվ այդ պատերազմում ելքի համար մեծ պատասխանատվություն են կրելու կառավարությունները: Կանխարգելիչ միջոցառումների և բնապահպանական խնդիրների լուծման համար միջոցներ խնայել չի կարելի։
Քնար Միսակյան