- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՏՆԱԿԱՆԻ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՆԱ ԱՄԵՆԱՉՀԱՐԳՎԱԾ, ՉԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՆ Է». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
Հունիս 30, 2021 | 17:01
Գիտություն
«ԳԻՏՆԱԿԱՆԻ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՆԱ ԱՄԵՆԱՉՀԱՐԳՎԱԾ, ՉԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՆ Է». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Պարոն Սաղյանի հետ զրուցել ենք Հայաստանում գիտության զարգացման իր պատկերացումների, Սահմանադրական դատարանում վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, բուհերի և Արցախի գիտական կենտրոնի հետ համագործակցության ձևաչափի և հեռանկարների մասին:
Մեզ հետ զրույցում Աշոտ Սաղյանը, խոսելով Հայաստանում գիտության զարգացման մասին, ասաց, որ այն առաջին հերթին պետք է իրականացնի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Նրա խոսքով, զարգացման համար նախևառաջ պետք է օպտիմալացում, որը պետք է իրականացվի բովանդակային, այլ ոչ թե ինքնանպատակ. «Նման փորձ կա: Կառուցվածքային օպտիմալացում տեղի է ունեցել 2010 թվականին, որի արդյունքում ստեղծվել է այն կենտրոնը, որը ես եմ ղեկավարում: Դա արդարացված մոդել է, ինչի մասին վկայում են կենտրոնի նվաճումները»:
Աշոտ Սաղյանի խոսքով, օպտիմալացման արդյունքում կարող են ստեղծվել գիտահետազոտական, գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական, ինչու չէ, նաև գիտաուսումնական կենտրոններ. «Գործընթացը կարող է տեղի ունենալ կամ ինստիտուտների միաձուլմամբ, կամ հետազոտական ցանցերի ստեղծման միջոցով, որի շրջանակում ըստ հետազոտական գլոբալ ուղղությունների՝ գիտահետազոտական խմբերը կմիաձուլվեն և կսկսեն աշխատել»:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ըստ նորընտիր նախագահի, պետք է աջակցի ռազմարդյունաբերական ոլորտին. «Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներից որոշներն արդեն մասնակցում են այդ գործին, բայց պետք է ընդլայնել այդ համագործակցությունը, պետք է առաջին հերթին որոշել, թե որ ուղղություններն են հրատապ, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ ելնելով մեր պաշտպանական համակարգի խնդիրներից: Այսինքն՝ աշխատել նպատակային, քանի որ պատերազմը ցույց տվեց, որ մեր ռազմարդյունաբերական համալիրն իրականում ոչ մի իրատեսական բան չէր տվել մեր պաշտպանական համակարգին»:
Աշոտ Սաղյանը փաստեց, որ ակադեմիան ավանդաբար եղել է հիմնարար հետազոտությունների պատասխանատուն, բայց այսօր պահանջարկն այլ է. «Այսօր տնտեսության զարգացման հեռանկարները, ռազմարդյունաբերական համալիրը, բնապահպանական և գլոբալ այլ խնդիրները պահանջում են աստիճանաբար հիմնարար հետազոտություններից տեղափոխվել դեպի կիրառական հետազոտություններ: Այսինքն՝ անել այնպես, որ հիմնարար հետազոտությունների արդյունքները գնան դեպի կիրառական դաշտ, ապրանքայնացնվեն»:
Ըստ Աշոտ Սաղյանի՝ պետք է փորձել վերականգնել և ընդլայնել միջազգային հարաբերությունները. «Այդ հարաբերություններ չպետք է լինեն ուղղակի պայմանագրեր թղթի վրա, այլ լինեն փոխշահավետ, գործող և աշխատող պայմանագրեր»:
Նրա խոսքով, պետք է նաև երիտասարդացման գործընթաց իրականացնել. «Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է մտածել և մոտ ապագայում երիտասարդացման գործընթաց իրականացնել հենց ակադեմիայի նախագահության կազմում: Դրա համար պետք է կանոնադրության մեջ համապատասխան կետեր ներառել և սահմանել տարիքային շեմ ու մինչև այդ տարիքն ընդունել ղեկավար պաշտոնում»:
Աշոտ Սաղյանը, խոսելով սոցիալական խնդիրների մասին, ասաց, որ այսօր գիտաշխատողի աշխատավարձը գրեթե երկու անգամ ցածր է, քան երկրի միջին աշխատավարձն է. «Դա անընդունելի է: Նորմալ երկրում նման չի կարող լինել, քանի որ գիտնականի ցածր աշխատավարձը նշանակում է, որ նա ամենաչհարգված, չընդունված դասակարգն է: Հայաստանը միշտ եղել է առաջատար գիտության ոլորտում Սովետական Միության շրջանում, գիտնականները միշտ որոշիչ խոսք և դեր են ունեցել, բայց այսօր վարձատրվում են երկու անգամ ցածր: Պետք է պայքարել սրա դեմ, պետք է բարձրաձայնել, մինչև մեր պետական չինովնիկները հասկանան, որ գիտնականին պետք է արժանավայել տեղ տալ հասարակության մեջ»:
Սոցիալական փաթեթում Աշոտ Սաղյանը տեսնում է երիտասարդ գիտնականների, ակադեմիայի աշխատակիցների համար բնակարանաշինության շարունակումն ու ընդլայնումը. «Մի նախադեպ արդեն կա, և ես ունեմ տեղեկություններ, որ այդ ծրագրից օգտվելու ցանկացողները շատ են»:
Հաջորդ ուղղությունը, ըստ նորընտիր նախագահի, գիտնականների վարկանիշավորումն է. «Դա պետք է արվի: Ակադեմիայում այդ գործընթացը սկսվեց, հետո դադարեցվեց: Ես համոզված եմ, որ եթե դա մենք չանենք, մեր փոխարեն անելու են ուրիշները:
Նրա խոսքով, շատ կարևոր է, թե ինչպես է պետք գնահատել. «Գիտության կոմիտեն ինստիտուտներին գնահատում է՝ ըստ տպագրված հոդվածների քանակի: Ես շատ եմ կարևորում դա, ինքս ամեն տարի ամենաքիչը տասը հոդված տպագրում եմ գիտական առաջատար հանդեսներում, բայց գտնում եմ, որ միայն գիտական հոդվածների քանակով ինստիտուտին գնահատելը ճիշտ չէ, դա կարևոր է, բայց պետք է միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչ է տալիս այդ ինստիտուտը տնտեսությանը: Ի վերջո, պետությունը հիմնել է ինստիտուտ ոչ միայն նրա համար, որ այն հոդվածներ տպագրի, այլ նաև որ դրանք մշակումներ, գյուտեր, ներդրումներ կատարեն տնտեսության մեջ, որ տնտեսությունն էլ հիմնվի այդ գիտության վրա»:
«Իզուր չէ, որ վերջին տարիներին, ով գալիս է իշխանության, առաջին հերթին խոսում է գիտելիքահենք տնտեսության ստեղծելու մասին: Այդպես էլ չտեսանք այդ գիտելիքահենք տնտեսությունը, որովհետև դրա համար առաջին հերթին պետք է ստեղծել գիտական հենք, իսկ դրա համար պետք է լուրջ մոտեցում պետության կողմից, լուրջ ֆինանսավորում»,- ասաց Աշոտ Սաղյանը:
Մեզ հետ զրույցում նա կարևորեց նաև գովազդային գործունեությունը, որը, նրա խոսքով, ակադեմիայում շատ ցածր մակարդակի վրա է. «Ճիշտ է՝ ակադեմիան ունի իր կայքը, բայց դա բավարար չէ: Այսօր հասարակության շրջանում գիտնականի, գիտության վերաբերյալ ձևավորված թյուր կարծիքը վատ լուսաբանման հետևանք է: Հասարակությունը չգիտի, թե ինչով է զբաղված ակադեմիան, չգիտի, որ աշխարհի ռեյտինգավորված լավագույն կազմակերպությունների շարքում ներառված հայաստանյան կազմակերպություններից միայն 12-ը ակադեմիայից են, ընդ որում՝ հարևան երկրներից ներառված են մեկական կազմակերպություններ»:
Խոսելով Սահմանադրական դատարանում վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին՝ Աշոտ Սաղյանն ասաց, որ ճիշտ կլինի այն հետ վերադարձնել քննարկման, վերամշակման. «Վերջանական այն փաթեթը, որ կազմվել է ԱԺ-ում, չի ներառում հիմնական այն դրույթները, որոնք կցանկանար գիտնականը: Իմ կարծիքով, ճիշտ կլինի այն վերադարձնել վերամշակման: Ամեն հարց կարելի է լուծել քննարկման արդյունքում, բայց առանց քննարկումների ներկայացնել կրթության, գիտության վերաբերյալ օրենք, որը ներառում է ռազմավարական բոլոր կետերը, ինձ թվում է՝ ճիշտ չէ»:
Բուհերի և ակադեմիայի համագործակցության մասին խոսելով՝ նա ասաց, որ այն պետք է ընդլայնել. «Որոշ ժամանակ առաջ, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, առաջարկվում էր ինստիտուտները միացնել համալսարաններին: Մենք արձագանքեցինք և ասացինք, որ այսօր մենք պատրաստ չենք դրան գնալու: Այդ միացումն այսօր լինելու է զուտ մեխանիկական»:
Նրա փաստմամբ, դա իրականացնելու համար պետք է մոդել ստեղծել, միջանկյալ ժամանակահատված տրամադրել. «Պետք է փորձել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների համագործակցությունն ընդլայնել, խորացնել ու սերտ կապ ստեղծել դրանց միջև: Արդյունքում արդեն պարզ կլինի՝ ինչպես անել: Ստորաբաժանումները պետք է միացվեն իրար բովանդակային առումով»:
Խոսելով Արցախի գիտական կենտրոնի հետ համագործակցության մասին՝ պարոն Սաղյանն ասաց, որ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Ֆարմացիայի ինստիտուտի կողմից արդեն կնքվել է համագործակցության հուշագիր, որը պետք է ընդլայնվի. «Ժամանակին մենք մտածում էինք Արցախի գիտական կենտրոնը տեղափոխել և դարձնել ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում, ինչը ցանկանում էին նաև Արցախում: Դա մի շարք հնարավորություններ կընձեռի: Ես կօգտագործեմ իմ հնարավորությունները և նորից կբարձրացնեմ այդ առաջարկությունը, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես կլինի: Ես կաշխատեմ, որ տարբեր ինստիտուտներ համագործակցեն Արցախի և՛ գիտական կենտրոնի, և՛ համալսարանի, և՛ մյուս այն օջախների հետ, որտեղ կան գիտահետազոտական աշխատանքների իրականացման ինչ-որ սաղմեր»:
Աշոտ Սաղյանն ասաց, որ այսօր դիմում է գրել և ազատվել Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից. «Կսպասեմ Հոգաբարձուների խորհրդի նիստին, որը կհաստատի ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծումը, ես կվերցնեմ ղեկավարի պաշտոնը և կփորձեմ առաջ տանել այդ ուղղությունը: Ես համոզված եմ, որ իմ կարիքը դեռ շատ կա այստեղ, կփորձեմ ավարտին հասցնել այն, ինչ մենք սկսել ենք»:
Հարցազրույցի մանրամասները՝ ստորև.
Քնար Միսակյան