- Գլխավոր
- Նորություններ
- «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ապրիլ 07, 2020 | 16:29
Հասարակություն
«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։
Հասկանալու համար համավարակի հետևանքով տնտեսության ոլորտներում երևան եկող խնդիրները՝ պրոֆեսորը նախ ներկայացրեց ՀՀ տնտեսության կառուցվածքը, որի լավագույն բնութագրիչներից մեկը ՀՆԱ-ի կառուցվածքն է։
«Հետազոտելով մեր տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքը՝ պարզվում է, որ տնտեսության 54,1%-ը ձևավորում են առևտրի և ծառայությունների, 18%-ը՝ արդյունաբերության, 11% -ը՝ գյուղատնտեսության և հարկերի ու 6%-ը՝ շինարարության ոլորտները»,- նշեց տնտեսագետը։
Վերջինիս դիտարկմամբ, համավարակի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանալու առևտրի և ծառայությունների ոլորտներում, որտեղ հիմնականում ներառված են փոքր և միջին բիզնեսները, ինչպես նաև զբոսաշրջությունը։
Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ խնդիրներից ածանցվում են նաև նորերը. այն է՝ ՀՆԱ-ի կառուցվածքի ընդհանուր ծավալի մեջ փոքրանալու են հարկերի մասնաբաժինը և դրանց բացարձակ արժեքը․ «Ըստ էության նվազելու են հարկերը, և արդյունքում ունենալու ենք հարկային մուտքերի թերացումներ, որոնք բերելու են որոշակի բյուջետային ծախսերի թերակատարման կամ մասնակի կատարման»։
Այդուհանդերձ անդրադառնալով արդյունաբերության ոլորտում արտահանման ենթակա հանքահումքային և պատրաստի սննդի արտադրանքների արտահանմանը՝ տնտեսագետը պարզաբանեց․ «Հանքահումքային արտադրանքն այս խնդրահարույց ժամանակաշրջանում պահպանելու է իր «դիրքը», քանի որ դրանք երկարաժամկետ գործող պայմանագրեր են։ Սպասվելիք խնդիրները կառաջանան որոշ ժամանակ հետո, եթե միջազգային գների իջեցում նկատվի, ապա դա կանդրադառնա նաև այս ոլորտի վրա»։
Ինչ վերաբերում է պատրաստի սննդի արտադրանքի արտահանմանը, պրոֆեսորը նկատեց, որ պետք է դիտարկվեն այն երկրները, որտեղ հնարավոր կլինի արտահանել պատրաստի սնունդը։ «Եթե արտահանման հիմնական ուղղությունները դիտարկենք ԱՊՀ և ԵԱՏՄ երկրները և նկատենք, որ Ռուսաստանում խնդիրները խորանում են, ապա մենք ևս արտահանման ապրանքների սպառման խնդիր կունենանք, որն էլ կհանգեցնի արտահանման ծավալների կրճատմանը»։
Ըստ այդմ՝ Հայկ Մնացականյանը կոչ արեց երևույթները դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում․ «Կարճաժամկետն այն է, ինչը հիմա մենք տեսնում ենք, իսկ երկարաժամկետն ի հայտ է գալու հետագայում, ուստի անհրաժեշտ են մի շարք միջոցառումների իրականացում»։
Տնտեսության առջև ծառացած խնդիրների շարքում պրոֆեսորն առանձնացրեց նաև գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ նրա, խիստ աջակցության կարիք ունի․ «Այստեղ խնդիրը ոչ միայն տնտեսության, այլև բնակչությանը պարենային ապրանքներով ապահովելու խնդիրն է, որը ցանկացած երկրի տնտեսության ուշադրության կենտրոնում է գտնվում»։
Անդրադառնալով մյուս հարցին, որը վերաբերում էր դրամաշնորհներին և հարկային արձակուրդներին, ամբիոնի վարիչը նշեց, որ ներկայումս կառավարությունն իրականացնում է երկու հիմնական ուղղվածությամբ ծրագրեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների չեզոքացմանը։
«Տնտեսական հետևանքների ուղղվածության ծրագրերը, որոնք 4-ն են, վերաբերում են համաֆինանսավորմանը, վերաֆինանսավորմանը, սուբսիդավորմանը և որպես թիրախային խումբ ուղղված են ՓՄԾ-ներին, իսկ սոցիալական խնդիրների չեզոքացման ծրագրերը վերաբերում են այս ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքների, գործազուրկ կամ օրավարձով ապրող, մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող խավերին դրամական աջակցության տրամադրմանը»,- մանրամասնեց Հ․ Մնացականյանը։
Հետևաբար վերոնշյալ սոցիալական խնդիրների չեզոքացմանն ուղղված ծրագրերը, ըստ մասնագետի, թիրախավորված են։
Այս իրավիճակում խնդիրները հասկանալու, տնտեսությունը զարգացնելու և այն ճգնաժամի չհասցնելու համար տնտեսագետն առաջարկում է երկու մոտեցում՝ հասարակության աջակցություն և անհրաժեշտության դեպքում նաև հարկային արձակուրդների տրամադրում։
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի կարծիքով, խնդիրները հասկանալու երկրորդ ճանապարհը տնտեսության զբաղվածության կառուցվածքի դիտարկումն է․ «Կան որոշակի նրբություններ, որոնք վերաբերում են ՀՆԱ-կառուցվածքին։ Օրինակ՝ եթե գյուղատնտեսությունը կազմում է մեր տնտեսության ՀՆԱ-ի 11%-ը, ապա այնտեղ աշխատում է մեր զբաղվածների թվի 25%-ը, կամ շինարարության ոլորտը, որը կազմում է 6%-ը, ապա այնտեղ զբաղվածների թիվը կազմում է 4,4%-ը։ Պետության հիմնական խնդիրը հնարավոր գործազրկության կանխումը և աշխատատեղերի պահպանումն է, քանի որ տնտեսական ճգնաժամի հիմնական բնութագրիչը գործազրկության բարձր ցուցանիշն է, հետևաբար վերոնշյալ տնտեսական և սոցիալական քայլերն արվում են նաև համատարած գործազրկությունը կասեցնելու համար»։
Ամփոփելով խոսքը՝ Հայկ Մնացականյանը նշեց, որ ճգնաժամի հետևանքների բնութագրիչները նույնն են՝ տնտեսության ակտիվության անկում, գործազրկության աճ, սպառման ծավալների նվազում և այլն, ուստի յուրաքանչյուր պետություն սպասվելիք տնտեսական ճգնաժամից խուսափելու համար պետք է առաջնորդվի սեփական տնտեսության կառուցվածքի առանձնահատկությամբ և դրան համարժեք քայլեր ձեռնարկի։
Անգին Խաչատրյան