- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
Հունիս 22, 2021 | 14:18
Հասարակություն
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին:
- Տիկի՛ն Յաղուբյան, ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ, դառնալ բանասեր, ապա նաև դասախոս։
- Չեմ կարող ստույգ հիշել այն պահը, երբ որոշեցի դառնալ բանասեր: Սակայն դպրոցական տարիներից ցանկանում էի սովորել ԵՊՀ-ում: Լինելով պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդապետյանի թոռնուհին՝ դեռ մանկուց միշտ զգացել եմ գիտության շունչը: Ծնողներս նույնպես ԵՊՀ-ի շրջանավարտներ են: Տարիներ շարունակ ականատես եմ եղել մայրիկիս դասախոսական գործունեությանը, և սերը դեպի օտար լեզուներն ինձ մղել է դառնալու բանասեր, իսկ ավելի ուշ՝ դասախոս:
- Ի՞նչ է միջմշակութային հաղորդակցությունը: Ի՞նչ է ենթադրում դրա ուսուցումը:
- Հայաստանի և տարբեր երկրների միջև մշտապես զարգացող տնտեսական, միջազգային, կրթական և մշակութային կապերի շնորհիվ այսօր միջմշակութային հաղորդակցության ոլորտի լեզվաբանը լայն պահանջարկ ունեցող մասնագետ է, որը կկարողանա արդյունավետ հաղորդակցվել տարբեր լեզվամշակույթների ներկայացուցիչների հետ՝ կիրառելով լեզուների հարմարակման մեխանիզմը: Ուսուցումը տարվում է անգլերեն գրավոր և բանավոր խոսքի զարգացման, ինչպես նաև համացանցային գրագրության (գովազդային և կոնտենտ տեղեկատվություն) միջոցով հաղորդակցական հմտությունները կատարելագործելու ուղղություններով:
- Տիկի՛ն Յաղուբյան, ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք, որ Ձեր դասախոսություններն առավել արդյունավետ լինեն: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
- Իմ դասախոսությունների ժամանակ փորձում եմ կիրառել համակցված մեթոդներ: Ճիշտ չեմ համարում առանձնացնել որևէ հատուկ մեթոդ, քանզի դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն նպատակը: Դասի բովանդակությունից և նպատակներից ելնելով՝ փորձում եմ գտնել ավանդական և նորագույն մեթոդներից լավագույնը, որը կօգնի սովորողին յուրացնել մատուցվող նյութը:
- Տիկի՛ն Յաղուբյան, մասնակցել եք վերապատրաստման մի շարք ծրագրերի, այդ թվում՝ միջազգային: Բացի դրանից՝ ինքներդ էլ վերապատրաստում եք դասախոսներին: Կպատմե՞ք Ձեր այդ փորձառության մասին:
- Մասնակցելով մի շարք միջազգային վերապատրաստումների՝ կցանկանայի առանձնացնել «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում Պորտուի համալսարանում «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար», ինչպես նաև Լյուվենի Կաթոլիկ համալսարանում «Բաց կրթական ռեսուրսներ» խորագրերով վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում ծանոթացել եմ բաց կրթության նորագույն մոտեցումներին, բաց կրթական ռեսուրսների օգտագործման, ձևափոխման ու տարածման առկա կարգավորումներին և որակյալ ուսումնական տեսանյութեր պատրաստելու հիմնական պահանջներին: Նորագույն տեխնոլոգիաների նոր նշաձողով էլ սկիզբ առավ իմ համագործակցությունը ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հետ, որի արդյունքում շարունակական դասընթացներ եմ անցկացնում պրոֆեսորադասախոսական կազմի հետ ինչպես առկա ուսուցման ձևաչափով, այնպես էլ հեռավար՝ վարելով «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք» դասընթացը, որի շրջանակում արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 250 դասախոս: Բացի դրանից՝ ԿԳՄՍՆ-ի հրավերով և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակում դասախոսություններով հանդես եմ եկել արտերկրում:
- Ձեր դասընթացներից մեկը վերաբերում է մեդիադիսկուրսին: Ի՞նչ տեսանկյունից եք դիտարկում այն:
- Արժևորելով դասընթացի բովանդակությունը՝ նշեմ, որ այն լուսաբանում է միջմշակութային հաղորդակցության լեզվագործաբանական առանձնահատկությունները զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև համացանցի լեզվի՝ որպես մեդիադիսկուրսի կարևորագույն ենթատեսակի լեզվական և արտալեզվական դրսևորումները:
- Տիկի՛ն Յաղուբյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր կրթության ոլորտում:
- Իմ կարծիքով, երբ խոսում ենք ներկայիս կրթության ոլորտի մարտահրավերների մասին, պետք է կարևորենք ուսանողներին մոտիվացնելու հիմնահարցը: Պետք է կարողանանք աջակցել ուսանողներին ինքնուրույն մտածելու և հետազոտական աշխատանք կատարելու գործընթացներում:
- Ի՞նչ թեմայով եք հետազոտություն իրականացնում հիմա:
- Լինելով ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված «English Grammar in Practice» եռամաս դասագրքի հեղինակ, որը համապատասխանում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտության բակալավրիատի առարկայական ծրագրերին և համարվում է առաջին ու երկրորդ կուրսերի հիմնական դասագիրք, աշխատում եմ երկրորդ մասի վերամշակման և վերահրատարակման վրա:
- Ի՞նչ կուզեիք փոխել գիտության ոլորտում:
- Կյանքի ներկայիս մարտահրավերների պայմաններում կցանկանայի սերտացնել կրթության և գիտության կապը:
- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկերներին:
- Ուսանողներին խորհուրդ կտամ լինել ազնիվ և նպատակասլաց, իսկ գործընկերներիս՝ համբերատար և պատրաստ դարի առաջընթացին:
Քնար Միսակյան