- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԻՆՉԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Ապրիլ 15, 2020 | 19:32
Կրթություն
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԻՆՉԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը ներկայացրել է առաջարկություն՝ կապված քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների գնահատման կարգի հետ:
Դեռևս օրեր առաջ մեզ հետ զրույցում Վահրամ Դումանյանը նշել էր, որ իրականացվող հեռավար ուսումնական գործընթացի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Ըստ նրա՝ այսօր էլ այդ հարցերը շարունակում են արդիական մնալ:
Մեզ հետ զրույցում դեկանը փաստեց, որ այսօր իրավիճակն է փոքր-ինչ փոխվել. «Այն ժամանակ իրավիճակն ավելի սթրեսային էր, քանի որ հոգեբանորեն մենք պատրաստ չէինք: Բայց այս ընթացքում մենք, ուզած թե չուզած, հարմարվել ենք ստեղծված վիճակին, հաղթահարել հոգեբանական պատնեշը և առաջընթաց արձանագրել. ուսանողների հետ քննարկումները կանոնավոր կազմակերպվում են, ղեկավարության շրջանում էլ քննարկվում են ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակներ»:
Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ, արտակարգ դրության երկարացմանը զուգահեռ, այսօր ի հայտ է եկել ամենամեծ խնդիրը, որը վերաբերում է քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների կազմակերպման և անցկացման հարցին:
«Մեր նախորդ զրույցում ես նշել էի, որ ունեմ առաջարկություններ՝ խնդիրների լուծման հետ կապված: Տվյալ հարցի վերաբերյալ նույնպես ունեմ առաջարկություն, որն արդեն ներկայացրել եմ ինչպես «Facebook» սոցիալական հարթակում, այնպես էլ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի հետ ունեցած զրույցում: Ես առաջարկում եմ քննաշրջանը հեռավար կերպով կազմակերպելու դեպքում 20 բալանոց գնահատման համակարգը փոխարինել հանձնել է/չի հանձնել գնահատման կարգով, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունների դեպքում՝ պաշտպանել է/չի պաշտպանել կարգով»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի խոսքով, իր առաջարկն ակտիվորեն քննարկվել է սոցիալական հարթակներում և հիմնականում դրական արձագանքներ ստացել. «Բոլորը հասկանում են, որ կա լրջագույն խնդիր: Իմ առաջարկությունն ընդունելու դեպքում ռիսկերն էականորեն կնվազեն, քանի որ չսահմանված չափորոշիչներով, անհասկանալի վերահսկողությամբ, տարբեր գործիքակազմերով հեռավար քննություն անցկացնելու դեպքում 20 բալանոց գնահատման համակարգն ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել»:
Վահրամ Դումանյանը մեզ տեղեկացրեց, որ իր առաջարկությունը երկուշաբթի քննարկվել է նաև ֆակուլտետի հեռավար անցկացված գիտական խորհրդի նիստում և հավանության արժանացել. «Ուսանողներին հիմնականում մտահոգում է ռոտացիայի հարցը, ինչը ես առաջարկում եմ իրականացնել առաջին կիսամյակի գնահատականների հիման վրա: Իսկ այն պնդումները, թե կան ուսանողներ, որոնք պլանավորել էին երկրորդ կիսամյակում ավելի բարձր գնահատականներ ստանալ, դրանք միայն կանխագուշակումներ են. նրանք կարող էին, ընդհակառակը, ավելի ցածր արդյունք գրանցել: Մրցակցության դեպքում արդարության հիմնական սկզբունքը հավասար պայմաններ ապահովելն է, ինչը չկանոնակարգված հեռավար գործընթացի դեպքում տարակուսելի է»:
Այս առաջարկը, ըստ դեկանի, միտված է ոչ թե զարգացում ապահովելուն, այլ արտակարգ դրության պայմաններում խնդրին օպերատիվ լուծում տալուն. «Ի դեպ, սա այն հարցն է, որի լուծման համար համալսարանը պետք է դրսևորի իր ինքնավարությունը: Կարծում եմ՝ սա հենց այդ առիթն է, երբ վերջերս այդքան քննարկված ինքնավարությունը գործնականում կերևա: Հարցը գուցե ընդունվի գիտխորհրդի կողմից, կամ այլ լուծում տրվի դրան»:
ԻԿՄ ֆակուլտետի դեկանն այս ընթացքում ուսումնասիրել է նաև ամերիկյան բազմաթիվ առաջատար բուհերում իրականացվող գործընթացը և պարզել, որ դրանք ևս ներդրել են հանձնել է/չի հանձնել համակարգը. «Սա նշանակում է, որ առաջարկության տրամաբանությունը ճիշտ է: Ի դեպ, ամերիկյան առաջատար այդ բուհերի համար հեռավար ուսուցման գործընթացն առավել հարազատ է, քան մեզ համար: Նրանք կրթության կազմակերպման էական շատ տարրեր վաղուց իրականացնում են հեռավար ձևով: Այսինքն՝ նույնիսկ այդ պայմաններում այդ բուհերը գնահատման ձևաչափը փոխել են: Հետևաբար, մենք առավել ևս պետք է փոխենք»:
Վահրամ Դումանյանն ասաց նաև, որ առաջարկը քննարկել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հետ. «Այժմ նա ուսումնասիրում է հարցը: Հույս ունեմ, որ շուտով կիմանանք նաև նրա դիրքորոշումը»:
Քնար Միսակյան