- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Հուլիս 07, 2021 | 13:58
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ ու Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որը մեկնարկել է Ծաղկաձորում և տևելու է մինչև հուլիսի 29-ը։
Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:
Այսօր մեկնարկած դասընթացը վարում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որը նախ խոսեց հաջողակ մարդու համար ամենակարևոր հատկության՝ կարգապահության մասին. «Աշխարհի ու մարդկության պատմության մեջ գրեթե չկան մարդիկ, որոնք հաջողության են հասել առանց կարգապահության։ Դա է հաջողության գրավականը»։
Ինտերակտիվ դասընթացի ժամանակ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենը մասնակիցներին բացատրեց CV-ի ու ռեզյումեի տարբերությունը, իմացավ, թե ովքեր են աշխատանքի դիմել CV-ի օգնությամբ, և ովքեր առհասարակ ունեն ինքնակենսագրական։
«Այսօր ու վաղը մենք աշխատելու ենք միասին, ունենալու ենք գրագետ կազմված CV-ներ, որոնք բոլորը ստուգելու եմ»,- ասաց նա։
Լ․ Հակոբյանը բացատրեց, որ աշխատանքի դիմելու համար շատ կարևոր են անգամ տարրական մանրուքները։ Մասնակիցները ծանոթացան գործատուին դիմելու քայլերի հաջորդականությանը, CV-ն ճիշտ ներկայացնելու, մոտիվացիոն նամակ գրելու ու հարցազրույցին մասնակցելու ընթացակարգերին։
Բանախոսը սեփական օրինակով ցույց տվեց, որ համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելը դեռ բավարար չէ աշխատանք գտնելու համար, ինչպես նաև մասնակիցներին ներկայացրեց, թե բացի մասնագիտական, ակադեմիական գիտելիքներից՝ ուրիշ ինչ է հարկավոր աշխատաշուկայում պահանջված լինելու համար։
Դասընթացի վերջում «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի մասնակիցներն այցելեցին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան։
Մարինա Առաքելյան