- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ՎԱՍԻԼԻ ԿՈՒԶՆԵՑՈՎԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 08, 2019 | 16:49
Կրթություն
ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ՎԱՍԻԼԻ ԿՈՒԶՆԵՑՈՎԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Եգիպտոսի անվան լսարանում այսօր դասախոսություն կարդաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՄՊՀ) համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Վասիլի Կուզնեցովը:
Դասախոսությունը կազմակերպել էր Արևելագիտության ֆակուլտետը:
«Թունիսի թաքնված ուղիները. քաղաքական գործընթացների դիսկուրսային վերլուծության մեթոդաբանության վերաբերյալ» խորագրով դասախոսությանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ողջունեց ներկաներին՝ ներկայացնելով բանախոսին:
Վասիլի Կուզնեցովը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի վերլուծական զեկույցների հեղինակն է, որոնք վերաբերում են Արաբական աշխարհի զարգացման սոցիալ-քաղաքական խնդիրներին և պետականաշինությանը:
Նա նաև «Թունիսի թաքնված ուղիները. ապրել և պատմել հեղափոխությունը» մենագրության հեղինակն է: Մասնակցել է Լիբիական հակամարտության հաղթահարման երկկողմ և բազմակողմ բազմաթիվ բանակցությունների:
Վասիլի Կուզնեցովը պատմեց իր՝ «Թունիսի թաքնված ուղիները. ապրել և պատմել հեղափոխությունը» մենագրության մասին:
Վասիլի Կուզնեցովը նշեց, որ դասախոսության ընթացքում կենտրոնանալու է մեթոդաբանական հարցերի վրա, քանի որ դրանք երբեմն առավել կարևոր են, քան բուն իրադարձությունները:
Ըստ բանախոսի՝ գիրքը նվիրված է հետևյալ երևույթների: Նախ՝ առանցքում Թունիսում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական գործընթացներն են: 2008 թվականին տեղի ունեցավ առաջին ցույցը տարածաշրջանում, որը մարդկանց կյանքեր խլեց: Այդ տարին համարվեց հեղափոխական գործընթացների սկիզբ:
Վասիլի Կուզնեցովը նշեց, որ իր համար մեծ նշանակություն ունի մեթոդաբանությունը:
«Ես փորձեցի այս աշխատությամբ ցույց տալ, որ որոշակի նարատիվներ ազդում են քաղաքական սուբյեկտների գործունեության վրա»,- ասաց նա:
Վասիլի Կուզնեցովն անդրադարձավ այն փաստին, որ մարդու էսթետիկ ընտրանքը նախորդում է քաղաքական և էթնիկական ընտրությանը: Ըստ նրա՝ մարդիկ իրականությունը տեսնում են դրա մասին տեղեկատվության միջոցով:
Վասիլի Կուզնեցովը թեզիսների մեջ առանձնացրեց հետևյալը. քաղաքական իրականությունը կազմվում է քաղաքական տարբեր սուբյեկտների գործունեությունից: Այդ սուբյեկտների գործունեությունը պայմանավորված է այն նարատիվներով, որոնցում որ գոյություն ունի:
Կուզնեցովը պատմեց նաև թունիսական գրաֆիտիի ուսումնասիրությունների մասին, որոնք փոփոխվող մեյնսթրիմի, փոփոխվող իրականության արձագանքն էին:
Վասիլի Կուզնեցովը ներկաներին պատմեց նաև Կաֆսայի՝ Թունսիսի նահանգներից մեկի մասին, որը ֆոսֆորիտների հանքարդյունաբերական կենտրոնն է:
Բանախոսը պատմեց իր կատարած դաշտային հետազոտությունների, դրանց արդյունքների մասին՝ նշելով, որ հետազոտության մեջ կարևոր դեր խաղաց մարդկային բաղադրիչը:
Դասախոսությանը հաջորդեց քննարկումը:
Մարի Ռաֆյան