- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 08, 2021 | 16:14
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով:
Վարպետության դասը նախաձեռնել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և խորհուրդ տվեց հետևել կենտրոնի կազմակերպած հանդիպումների մասին թարմացումներին. «Մենք պարբերաբար նախաձեռնում ենք հանդիպումներ և վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների հետ, ուստի, հետևելով մեր կայքի թարմացումներին, դուք հնարավորություն կստանաք տեղեկացված լինելու մեր ապագա միջոցառումների մասին»:
«Մարմնի լեզուն գործնական կյանքում» վարպետության դասը վարող Հակոբ Մակդիսը ոլորտի առաջատար մասնագետներից է, և մեզ հետ զրույցում նա կարևորեց նմանաբնույթ միջոցառումների նշանակությունը:
«Այսպիսի հանդիպումների շնորհիվ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները հնարավորություն կունենան մարմնի լեզուն ավելի լավ ուսումնասիրելու՝ տեղեկանալով ժամանակակից գիտական ուսումնասիրությունների մասին, ինչի շնորհիվ կկարողանան բիզնեսում գրագետ հարաբերութուններ ստեղծել և պահել դրանք »,- շեշտեց Հակոբ Մակդիսը:
Վարպետության դասի ընթացքում պարոն Մակդիսը նշեց, որ մարդն իր առօրյայում 30 րոպեի ընթացքում կարող է ուղարկել մոտ 800 ոչ վերբալ ազդանշան, և եթե մարդու ուղեղը բավականաչափ մարզված լինի, կկարողանա շատ երևույթներ ավելի պարզորոշ տեսնել։
«Ըստ ժամանակակից հետազոտությունների՝ հաղորդակցման մեջ մարմնի լեզուն առանձնահատուկ կարևոր է և կարող է վճռորոշ նշանակություն ունենալ բիզնեսի հաջողման գործընթացում»,- փաստեց բանախոսը:
Դասընթացի ժամանակ բանախոսը ներկայացրեց «V3» (ձայն, տեսք, լեզու) կանոնի կիրառումը գործնական կյանքում, անդրադարձավ հաղորդակցման ժեստերի տեսակներին. «Առավել ուշադիր պետք է դիտարկել այն ժեստերը, որոնցով զուգահեռ շեշտվում է որևէ միտք կամ խոսք»:
Սահմանելով «Մարմնի լեզուն»՝ բանախոսը նշեց, որ այն իր մեջ ներառում է կեցվածք, ժեստեր, ձեռքսեղմում, աչքի կոնտակտ, դեմքի արտահայտություն:
Ըստ բանախոսի՝ մարմնի լեզուն կոնտեքստային համադրության լեզու է, որտեղ կարևորվում են ինչպես ժեստերը, այնպես էլ համատեքստը:
Վարպետության դասի վերջում տեղի ունեցավ «Դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում:
Անի Պողոսյան