- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀՈԳԵԲԱՆ ՄԱՐԻԱՄ ՎԱՆՈՒՆՑԻՆ
Հուլիս 06, 2021 | 14:00
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀՈԳԵԲԱՆ ՄԱՐԻԱՄ ՎԱՆՈՒՆՑԻՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր հոգեբանության դոկտոր Մարիամ Վանունցին:
Մարիամ Վանունցն ուսանել է ԱՄՆ-ում, ստացել է մագիստրոսի, իսկ այնուհետև դոկտորի աստիճան՝ մասնագիտանալով կլինիկական հոգեբանության բնագավառում։ Ունի երկար տարիների աշխատանքի փորձ հոգեկան առողջության ոլորտում։
2005 թվականից իրականացնում է մասնավոր պրակտիկա անհատների և զույգերի հետ։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը պատմեց, որ այս հանդիպումը կազմակերպելու գաղափարն առաջացել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ զինվորների հետ հիվանդանոցում աշխատելիս ծանոթացել են Մարիամ Վանունցի հետ:
«Մենք շատ հավանեցինք այն մեթոդները, որոնցով Մարիամ Վանունցն աշխատում էր զինվորների հետ, և որոշեցինք հնարավորության դեպքում հանդիպում կազմակերպել, որպեսզի նրա գիտելիքներն օգտակար լինեն նաև մեր ուսանողների ու մասնագետների համար»,- ասաց Նարինե Խաչատրյանը:
Մարիամ Վանունցը սիրով համաձայնել է հանդիպումների շարք ունենալ դասախոսների, ուսանողների, ինչպես նաև հոգեբան մասնագետների համար, որոնք հետաքրքրված են հոգետրավմատիկ փորձառության և մասնագիտական միջամտության հարցերով։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ հոգետրավմայի հասկացման թերապևտիկ միջամտություններին, տրավմայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև հոգետրավմայի հետ աշխատանքում ռեսուրսների ապահովման խնդրին:
Հիշեցնենք, որ հանդիպումների շարքը տևելու է երեք օր:
Անի Պողոսյան