- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄՇԱԿՈՒՄ Է «W-Ni» ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Փետրվար 07, 2019 | 15:28
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄՇԱԿՈՒՄ Է «W-Ni» ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի հեռակա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ասպիրանտ Մարիետա Զաքարյանի կողմից առաջարկված ««W-Ni» կեղծ համաձուլվածքների ստացումն ինքնատարածվող այրման ռեժիմում» թեման «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
Մեզ հետ զրույցում Մարիետա Զաքարյանն ասաց, որ 12 ամիս տևողությամբ աշխատանքի նպատակն է մշակել «W-Ni» կեղծ համաձուլվածքի ստացման նոր մոտեցում՝ հիմնված օքսիդների համատեղ մագնեզիումակարբոթերմ վերականգնման վրա ղեկավարվող այրման գործընթացի միջոցով, որի ջերմային ռեժիմների փոփոխմամբ հնարավոր կլինի կարգավորել դրանց բաղադրությունն ու միկրոկառուցվածքն անմիջապես այրման գործընթացի ընթացքում:
Ասպիրանտի կողմից առաջարկվող մոտեցման դեպքում անհրաժեշտ միկրոկառուցվածքով «W-Ni» նուրբ կառուցվածքային փոշիների ստացումն իրականացվելու է միափուլ այրման ռեժիմում, որի համար համաձուլվածքի ստացման ավանդական տարբերակում կիրառվող մետաղափոշիների փոխարեն օգտագործելու են մետաղների օքսիդների և/կամ աղերի խառնուրդ` որպես առավել մատչելի ելանյութեր` վերականգնման համար:
Մարիետա Զաքարյանի հավաստմամբ, աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ստացվող կեղծ համաձուլվածքի կիրառական մեծ նշանակությամբ և ստացման նոր, էներգախնայող տեխնոլոգիաների մշակման անհրաժեշտությամբ:
«Նշված նպատակին հասնելու համար նախատեսում եմ ուսումնասիրել այրման և ֆազա- ու կառուցվածքագոյացման օրինաչափությունները WO3-NiO-Mg-C և NiWO4-Mg-C համակարգերում` հիմնվելով նախապես կատարված թերմոդինամիկական հաշվարկների վրա: Ստացված նյութերը բնութագրվելու են ՌՖԱ (բյուրեղական կառուցվածք), ՍԷՄ (փոշեհատիկների միկրոկառուցվածք), քիմիական և ադսորբցիոն անալիզի (տեսակարար մակերես) եղանակներով, գազային արգասիքները՝ քրոմատոգրաֆիական անալիզի եղանակով»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Մարիետան:
Հետազոտությունների լիարժեք իրականացման համար ԵՊՀ ասպիրանտն աշխատելու է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում և ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ԲԻՍ գործընթացների կինետիկայի լաբորատորիայում առկա սարքավորումներով:
Աշխատանքի իրականացման շրջանակում ստացված փոշիների կոմպակտավորման համար էլ Մարիետան համագործակցելու է Տալլինի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ:
Քնար Միսակյան