- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԵՄԸ ՍԻՐՈՒՄ Է ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՍԿ ՄԱՐԻՑԱՆ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Հուլիս 07, 2021 | 17:11
Մշակույթ
«ԲԵՄԸ ՍԻՐՈՒՄ Է ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՍԿ ՄԱՐԻՑԱՆ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Լիտվայում հուլիսի 2-4-ը տեղի է ունեցել «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը և արժանացել ոսկե «Grand Prix» մրցանակին։ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանի և Մարիցա Թիլիքյանի հետ զրուցել ենք մրցույթի, դրան մասնակցելու գաղափարի, նախապատրաստական աշխատանքների, հաղթանակի ու հետագա անելիքների մասին:
«Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով անցկացված «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթի նպատակն է երաժշտարվեստի ոլորտում բացահայտել շնորհալի երիտասարդներին: Մրցույթին այս տարի մասնակցել է ավելի քան 15 երկրի 120 մասնակից:
Մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, երգել սկսել է դեռևս երկու տարեկանից: Մեզ հետ զրույցում նա հիշեց, որ համալսարան ընդունվելիս իմացել է, որ այստեղ գործում է Մշակույթի կենտրոն և ԵՊՀ-ում առաջինը հենց այստեղ է եկել:
«Մշակույթի կենտրոնն ինձ համար միշտ տան նման է եղել, այստեղ այնքան սեր ու ջերմություն, ուշադրություն ու հոգատարություն կա: Մեր տնօրեն Կարինե Դավթյանը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Սարգսյանը, խմբավար Ռուբեն Կարասեֆերյանն այնքան արհեստավարժ մոտեցմամբ ու սիրով են պարապել մեզ հետ, որ ես որոշեցի ուսումս շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ երբեք չմոռանալով կենտրոնն ու չկտրելով ինձ դրա հետ կապող ամուր թելերը»:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասաց, որ «Baltic Voice 2021» մրցույթին մասնակցելու գաղափարը ծնվել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Տալլինի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանի շնորհիվ. «Ջաննան եղել է մեր կողմից կազմակերպված ամառային դպրոցի մասնակիցներից մեկը, անցել ազգային երգ ու պարի դասընթացները և քաջատեղյակ է մեր գործունեությանն ու հնարավորություններին: Մի օր էլ նա տեղեկացրեց մրցույթի մասին՝ ասելով, որ այն շատ բարձր մակարդակով իրականացվող միջոցառում է, և հույս հայտնեց, որ մենք էլ կմասնակցենք դրան»:
Կարինե Դավթյանի խոսքով, ստանալով մրցույթի մասին տեղեկատվություն՝ միանգամից մտածել է. այս մրցույթին մասնակցելու մեկնարկը պետք է լինի հենց Մարիցայի ելույթով, բայց դրա համար պետք էր նախապես ներկայանալ էլեկտրոնային տարբերակով, և եթե ընտրեին մասնակցին, ապա նոր միայն հնարավորություն ստանալ հանդես գալու մրցույթին. «Մենք էլեկտրոնային տարբերակով ուղարկեցինք անհրաժեշտ բոլոր նյութերը, որից հետո ստացանք հրավերը և արդեն սկսեցինք խանդավառությամբ նախապատրաստվել»:
«Մարիցան մեր կենտրոնում է արդեն 11 տարի: Այս ընթացքում նա մասնակցել ու հաղթել է միջազգային ու տեղական բազմաթիվ մրցույթներում: Բեմը սիրում է մտածող մարդկանց, իսկ Մարիցան այդպիսինն է: Մարիցան այն մարդն է, որն աստվածային շնորհով է օժտված, ես տեսել եմ այդ շնորհը և փորձել եմ հնարավորություն ստեղծել այն լավագույնս դրսևորելու համար»,- ասում է Կարինե Դավթյանը և հիշեցնում, որ Մարիցան նաև Մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի սան է, խաղացել է տարբեր ներկայացումներում. «Սա շատ հետաքրքիր միահյուսում է, երբ երգչուհին ոչ միայն հրաշալի վոկալով ներկայացնում է երգը, այլև կարողանում է ստեղծել կերպար»:
Մարիցա Թիլիքյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Կարինե Դավթյանին՝ իրեն վստահելու և հատկապես այս շրջանում իրեն ընտրելու համար. «Արցախյան այս պատերազմում ես կորցրի եղբորս ու անսահման շնորհակալ եմ սիրելի տիկին Դավթյանին՝ ինձ նորից իմ սիրելի աշխարհ՝ երգարվեստ, վերադարձնելու, Հայաստանը ներկայացնելու ու Հայաստանի մասին պատմելու հնարավորություն ընձեռելու համար»:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ մրցույթին նախապատրաստվելիս ամենաբարդը եղել է երգի ընտրությունը: Մասնակիցները մրցույթին պետք է հանդես գային երկու երգով. մեկը կարող էր լինել մասնակցի նախընտրած ցանկացած երգ, իսկ մյուսը՝ համաշխարհային հիթ. «Մրցույթին շատ կարևորվում էր անհատական մոտեցումը. այսինքն, պետք է երևար մասնակցի ձեռագիրը»:
«Մենք միասին լսեցինք բազմաթիվ երգեր: Հետո որոշեցինք, որ պետք է անպայման Հայաստանի մասին երգով ներկայանանք: Մանավանդ մեզ համար դժվարին ժամանակներից հետո նման մրցույթում մենք անպայման պետք է պատմեինք մեր երկրի մասին»,- ասաց Կարինե Դավթյանը և նշեց, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ առավ Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգի վրա:
«Մրցույթին նախապատրաստվելիս մենք հասկանում էինք, որ կարևոր է ամեն ինչ՝ հագուստը, բեմադրությունը: Այսինքն՝ կատարումը պետք է ներդաշնակ լիներ և լիներ այնպիսին, որ դիպչեր օտարների սրտերին ու հուզել: Մեր դիմաց մենք նման առաքելություն էինք դրել»,- վերհիշում է Կարինե Դավթյանը:
Մարիցա Թիլիքյանի բեմական հագուստի հարցում օգնել է «Տերյան» մշակութային կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Մելիքյանի. «Դիմեցինք նրան, նա էլ մեծ սիրով մեզ տրամադրեց իր մոդելավորած հագուստը, որը 3-րդ դարի հայկական գորգի մոտիվներով է կարված»:
Խոսելով մեներգչուհու ելույթի բեմադրության մասին՝ Մշակույթի կենտրոնի տնօրենն ասաց, որ այն միանգամից պատկերացրել է ուղեկցող կադրերի առկայությամբ. «Ես մտածում էի, որ հնարավոր չէ երկիրը ներկայացնել առանց կադրերի՝ առանց իմանալու, թե մրցույթին դրա հնարավորությունը կտրվի, թե ոչ»: Կարինե Դավթյանը գաղափարը ներկայացրել է մրցույթի կազմակերպիչներին, որոնք էլ սիրով ընձեռել են այդ հնարավորությունը. «Երգի ընթացքում կադրերով ցուցադրեցինք Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Դադիվանքը, Սևանա լիճը և մեր մյուս մշակութային հարստությունները, որոնք տպավորեցին ու ամբողջացրին կատարումը»:
Մարիցայի համար էլ բեմադրության ամենատպավորիչ հատվածներից մեկն այն է եղել, երբ երգի կուլմինացիայի ժամանակ, Կարինե Դավթյանի մտահղացմամբ, հանել է Հայաստանի՝ հագուստի մեջ թաքցրած դրոշն ու սկսել ծածանել. «Շատ հզոր էր այդ պահը, տպավորիչ ու ինձ համար շատ հուզիչ»:
«Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ մեր գաղափարը նման արձագանք կունենա, կհուզի: Մենք ուզում էինք ներկայացնել Հայաստանը, ուզում էինք, որ օտարները ճանաչեն ու գնահատեն մեր երկիրը. մենք հզոր մշակույթ ունենք, որով պետք է հպարտանանք»,- ասաց Կարինե Դավթյանը և շնորհակալություն հայտնեց Մերձբալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանին, որը սիրով հյուրընկալել է իրենց, ծանոթացել կենտրոնի գործունեությանը և խրախուսել ու շնորհակալություն հայտնել Մարիցային:
Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև Մերձբալթյան երկրների հայ համայնքների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, որոնք մեծ սիրով ու ջերմությամբ են ընդունել իրենց, օգնել ու աջակցել, նույնիսկ եկել դահլիճ՝ ոգևորելու Մարիցային:
Հիշելով նրա ելույթը՝ Մշակույթի կենտրոնի ղեկավարը, որը, ի դեպ, նաև ժյուրիի կազմում է եղել, ասաց, որ Մարիցան միակ մասնակիցն է եղել, որին երկրորդ անգամ հրավիրել են բեմ, հուզվել նրա ելույթի ժամանակ ու ոտնկայս ծափահարել. «Մարիցան հրաշալի կատարեց նաև համաշխարհային հիթը, բայց օտարազգիները հուզվեցին հատկապես Հայաստանի մասին պատմող երգի ժամանակ: Շատերը մոտենում էին մեզ ու ասում, որ չեն հասկացել երգի բառերը, բայց այնպես են ազդվել, որ չեն կարողացել զսպել իրենց արցունքները»:
Մարիցա Թիլիքյանն էլ հիշեց, որ իր ելույթի ժամանակ ու հետո այնքան ջերմություն է զգացել ու ստացել, որ մրցանակի մասին արդեն չի էլ մտածել. «Կարևորը, որ մենք կարողացանք պատվով ներկայացնել Հայաստանը, այսինքն՝ մեր առջև դրված առաքելությունը մենք կարողացանք իրագործել»:
Ժյուրիի անդամ լինելու առաջարկը Կարինե Դավթյանին արել են մրցույթի կազմակերպիչները՝ ուսումնասիրելով իր գործունեությունն ու ծանոթանալով նրա աշխատանքներին: Նա մեզ պատմեց, որ քանի որ Մարիցան իր սանն է եղել, չի քվեարկել նրա օգտին, բայց փոխարենը լսել ու գնահատել է մյուս մասնակիցներին՝ 11-20 բալային սանդղակով՝ ներկայացնելով նաև իր մեկնաբանությունները:
Մարիցան դեռևս չի ստեղծագործում և կարծում է, որ դա ևս մի նշաձող է, որին պետք է հասնել կյանքում. «Ես դեռ վախենում եմ ստեղծագործել, որովհետև ուզում եմ, որ այն, ինչ կցանկանայի ներկայացնել, նախևառաջ ես ճանաչեմ, հասկանամ ու որակով մատուցեմ»:
Նրա երազանքն է, որ աշխարհը ճանաչի Հայաստանը, որ բոլորը ճանաչեն մեր հերոսներին. «Ես ուզում եմ իմ գործունեությամբ ճանաչելի դարձնել իմ փոքր, բայց մեծ երկիրը, որին այնքան սիրում եմ»:
Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել ու նպաստել են այս հաղթանակին. «Շնորհակալ ենք ԵՊՀ ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի, ինչպես նաև «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիային»»:
Մարիցա Թիլիքյանն ու Կարինե Դավթյանը տեղեկացրին, որ ստացել են տարբեր մրցույթների մասնակցության հրավեր, որոնց սիրով կմասնակցեն և կփորձեն պատվով ներկայացնել Հայաստանը:
Քնար Միսակյան