- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հունիս 01, 2021 | 14:48
Հասարակություն
«ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը հայտարարում է 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն:
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների հետ, և հենց այդ բժշկական կենտրոններում իրականացվում է ծրագրի մի շարք առարկաների դասավանդումը, այդ թվում՝ «Վերարտադրողական տեխնոլոգիաներ» («Աստղիկ» բժշկական կենտրոն), «Մասնավոր հյուսվածքաբանություն» (Հիստոժեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոն), «Արյունաբանություն» (Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական Կենտրոն), «Կլինիկական իմունոլոգիա» (Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական Կենտրոն):
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական կարողություններն ախտաբանական ֆիզիոլոգիայի, հյուսվածքաբանության, իմունոլոգիայի, արյունաբանության, հոգեֆիզիոլոգիայի, նյարդաֆիզիոլոգիայի, մարդու սաղմնաբանության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառներում՝ հետազոտական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար:
Ծրագրի շրջանակում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները մասնագիտական ոլորտում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով:
«Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» ծրագրի շրջանավարտները կարող են իրենց հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում և այլն:
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի գործունեության մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ այստեղ: