- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 16, 2021 | 14:17
ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում ռեստորանային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման (HR) բաժնի մասնագետների հետ:
Հարկ է նշել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագիրը եզակի բովանդակությամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագիր է, որը ֆակուլտետում գործում է 2017 թվականից:
Մագիստրոսական ծրագիրն արդեն ունեցել է 44 շրջանավարտ, ծրագրով այսօր ուսանում է 61 ուսանող:
Այս մագիստրոսական ծրագրի առավելություններից են ոչ միայն պրակտիկ դասընթացներն ու ոլորտային կապերը, այլև ոլորտների մասնագետների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելը:
Այս անգամ մագիստրոսական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու ռեստորանային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման (HR) բաժնի մասնագետների հետ, որոնք ներկայացնում էին ոլորտի առաջատար 7 ընկերությունները՝ «Digitain», «Երեմյան Փրոջեքթս», «Սանտաֆե», «Պահեստ33» «Jellyfish», «Արտ Լանչ», «ProReCa», «Koriz» ռեստորան:
Մեզ հետ զրույցում Մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանը նշեց, որ ծրագրի շրջանավարտներն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող կադրեր են, որոնք հաջողությամբ իրենց գիտելիքները ներդնում են ոլորտի զարգացման գործում:
«Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն ուսանող-գործատու կապի ապահովվումն է, որի շնորհիվ մեր ուսանողները հետագայում կկարողանան հեշտությամբ աշխատանք գտնել»,-շեշտեց Աննա Մաքսուդյանը՝ հավելելով, որ ոլորտի մասնագետների հետ սերտ կապեր ստեղծելը մագիստրոսական ծրագրի առավելություններից մեկն է:
Հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան նաև մասնագիտության առանձնահատկություններին, ներկայացրին ոլորտում առկա մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները:
Հատկանշական էր, որ հյուրերն ուսանողներին և ապագա մասնագետներին ներկայացրին նաև ոլորտում ձեռք բերած անձնական փորձառությունը՝ անդրադարձնելով տեղական շուկայի և տարբեր ընկերությունների հետ համագործակցության առանձնահատկություններին:
Հանդիպման վերջում մասնագետները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին: