- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻԱՅՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՄ ԼԻԴԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՀՆԱՑԱԾ Է. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ». ԳՈՐԾԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հունիս 07, 2021 | 16:04
Հասարակություն
«ՄԻԱՅՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՄ ԼԻԴԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՀՆԱՑԱԾ Է. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ». ԳՈՐԾԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հանդիպեց համալսարանականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ:
Գործարարը նախ խոսեց «Հայաստան 2020» ծրագրի մասին, այնուհետև ներկայացրեց հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից արդեն իսկ մեկնարկած «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի ու հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Անդրադառնալով նախաձեռնության հիմնական նպատակային խնդիրներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ շատ է կարևորում երիտասարդների հետ հանդիպումները, և հավելեց, որ յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել շարժման մեջ՝ դառնալով ծրագրի համանախաձեռնողը:
««Հայաստան 2020» ծրագիրը դեռ անցած տարի պետք է ամփոփեինք, սակայն պատերազմը լուրջ փոփոխություններ մտցրեց մեր օրակարգում, և չնայած ծրագրի ամփոփումը շատ կարևոր է, որ հասկանայինք՝ ինչն է ստացվել, ինչը՝ ոչ, բայց պատերազմը մեզ ստիպեց ավելի շատ ապագայի մասին մտածել: Մենք լուրջ խնդիրների հետ առերեսվեցինք. նախ՝ մարդկանց շրջանում ապատիա էր, հետո՝ համատարած անտարբերություն և ապագայի հանդեպ հույսի մարում: Ուստի դեկտեմբերից սկսեցինք քննարկումներ անցկացնել՝ հասկանալու, թե ինչ պետք է անենք, որ մեր ուզած երկիրը կառուցենք, ինչ դերակատարություն պետք է ունենա Սփյուռքը, ինչ հարաբերություններ պետք է ունենանք մեր հարևանների հետ՝ մի կողմ դնելով մեղավոր ու դավաճան փնտրելու անիմաստ գործընթացները»,- նշեց գործարարը:
Ռուբեն Վարդանյանը հորդորեց հանդիպման ներկաներին ծանոթանալ ծրագրին, միանալ նախաձեռնությանը և կոնկրետ քայլեր անել Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Իսկ դրա համար առաջին հերթին բոլորը պետք է առերեսվեն իրականության հետ՝ հրաժարվելով հորինված բոլոր միֆերից:
«Երբ խոսում ես ապագայի մասին և հայտարարում, որ բոլորը երջանիկ ու առողջ են լինելու, և ընդհանրապես ամեն ինչ Հայաստանում լավ է լինելու, բայց չես նշում այն բոլոր քայլերը, որից պետք է սկսել, չես հստակեցնում քո մեկնարկային կետը, չես ընդունում այն իրականությունը, որի մեջ հայտնվել ես, ապա խոսքերը մնում են օդի մեջ: Մենք պետք է հրաժարվենք նաև մեր անտարբերությունից, որի պատճառը ոչ պետականամետ մտածելակերպն է: Ո՛չ, պետություն կառուցելը միայն պետության գլխին կանգնած մարդու խնդիրը չէ: Ոչ ոք, ոչ մի կուսակցություն միայնակ ի զորու չեն լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են: Չի գալու մի լիդեր, առաջնորդ կամ հովիվ, որը մեզ առաջնորդելու է: Այդ մտածելակերպը հնացած է, 21-րդ դարում արդյունավետ է ցանցային ու թիմային մոդելը: Մեր երկրում դա դժվար է ստացվում, քանի որ մենք միասին աշխատելու մշակույթ չունենք: Սկսել ենք մի ծրագիր, որը միանգամայն ռեալ հնարավորություններ ունի իրականություն դառնալու: Իհարկե, մեր նպատակները հավակնոտ են, սակայն մեր նախաձեռնությանն արդեն 13.000-ից ավելի մարդ է միացել, որի հիմնական մասը Սփյուռքից է, ուստի անհնարին ոչինչ չկա: Նախատեսում ենք մինչև հուլիսի 15-ը նախաձեռնության անդամների թիվը հասցնել 100.000-ի: Փորձագետների մեծ խումբ է ձևավորվում, որի թիմային աշխատանքի արդյունքում կձևավորվի պետության կառավարման միանգամայն նոր մոդել, ինչը մեզ ճանաչելի կդարձնի աշխարհում»,- ասաց գործարարը:
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնց շրջանակը բավականին ընդարձակ էր՝ քաղաքականություն, կրթություն, ազգային անվտանգություն և այլն: Խոսելով պետության անվտանգության մասին՝ գործարարը նշեց, որ եթե մեզ համար անվտանգությունը համար առաջին հարցն է, ապա բոլորն անխտիր պետք է գոնե մեկ ամիս ծառայեն բանակում:
«Բոլորը՝ աղջիկ թե տղա, պետք է իրենց լուման ներդնեն երկրի անվտանգության գործում: Եթե ասում ենք՝ մեր անվտանգությունը թող ապահովեն կոնկրետ տարիքային խմբի տղաները, այն տղաները, որոնք չեն ընդունվել բուհ կամ ընդունվել են այս կամ այն տարբերակով, կամ ռուսները թող ապահովեն, կամ մեկ ուրիշը, բայց ոչ ես, ոչ իմ տղան, որին պետք է ազատել բանակից, ապա ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Այլ օրինակներ՝ ընտանիքում երկրորդ աղջիկը գրեթե չի ծնվում, կամ բանակից, որն արդեն մարդուն օտարացած նույն պետությունն է, գողանալը վատ արարք չի դիտվում, ԱԺ-ում իրար հայհոյելը նորմալ է դառնում, սերիալային մակարդակով հայոց լեզվի աղավաղման դեմ բողոքում են, բայց ոչինչ չեն անում ու էլի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետական անվտանգության բաղկացուցիչ մասերն են»,- ասաց գործարարը:
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Ռուբեն Վարդանյանը գտնվել է Արցախում, իսկ տղան որպես կամավոր ծառայել է բանակում. «Դեռևս հոկտեմբերի 5-ն էր, ես հասկացա, որ պարտվում ենք, բայց քչերն էին ուզում դա տեսնել և ընկալել իրականությունը: Ինձ ասում էին՝ ինչե՞ր ես խոսում, ի՞նչ պարտություն, ի՞նչ ռազմական գործողությունների օր առաջ դադարեցում, շուտով Շահումյանն ենք վերցնում: Մեր սխալ քաղաքականության ու ոչ պետական մտածելակերպի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Երբ հարց էր հնչում, թե պատրաստ ենք արդյոք հանձնել տարածքներ, ես նույնպես մերժում էի, ո՛չ, մենք զիջելու հող չունենք, բայց այդ բոլորը միֆ էր: Այդպես էլ կոնկրետ քաղաքականություն չմշակեցինք. կամ վերադարձնում ենք 5 շրջաններն ու ամրացնում մեր սահմանները, կամ պատրաստվում պատերազմի՝ զինում ենք բանակը, բնակեցնում սահմանամերձ տարածքներն ու մեծ ներդրումներ անում՝ ամրագրելով, որ դրանք մնալու են մերը: Մեզ չէին պատրաստել այս ամենին, մենք պատրաստ էլ չէինք ընդունելու այն իրականությունը, որը կար»:
Անդրադառնալով Սփյուռքի թեմային՝ Վարդանյանը նշեց, որ Սփյուռքում խնդիրները նույնպես շատ են, քանի որ հայի ինքնությունն ու լեզուն վտանգված են. «Մենք միայն պահանջում ենք Սփյուռքից, հաշվում, թե ով ինչքան փող փոխանցեց, բայց ատամներով Սփյուռքը պահելու մասին ոչ մեկը չի բարձրաձայնում: Չէ՞ որ նրանք էլ հայ են, ու եթե Հայաստանից արտագաղթելով՝ մարդիկ շարունակում են հայ մնալ, ապա Սփյուռքից դուրս գալով ու հայ լինելուց հրաժարվելով՝ մենք վերջնականապես ենք կորցնում մեր հայրենակիցներին: Կոնկրետ քայլեր ու ծրագրեր են պետք, քանի որ ամենաշատը 20 տարի հետո մենք կորցնելու ենք Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի ու եվրոպական այլ երկրների մեր Սփյուռքը»:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ այս ոլորտում հեղափոխական քայլեր են պետք. «Կրթությունը պետության հիմնաքարն է: Օրինակ՝ մեր հարևան Իրանում երեխայի կրթությունը սկսվում է մոր արգանդում. որոշվում է, թե ինչ պետք է լսի մայրը, ինչ պետք է կարդա և այլն: Սա է իսկական պետականության հիմքը: Մեր կրթական համակարգում էվոլյուցիոն քայլերն արդյունք չեն տա, կտրուկ ու շրջադարձային փոփոխություններ են պետք»:
Ամփոփելով խոսքը՝ գործարարը նշեց, որ հայերը տաղանդավոր, ուժեղ և մեծ ներուժ ունեցող մարդիկ են. «21-րդ դարը մերն է լինելու, մենք ի զորու ենք փոխելու ամեն ինչ, պարզապես պետք է համախմբվել, եթե ճիշտ ցանց ստեղծվի, ու դա ճիշտ գործարկվի, մենք կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ՝ էտալոն դառնալով մյուս ազգերի համար: Անտարբերությունն է, որ սպանում է ամեն ինչ: Պետք է մեկ գործուն ու կենդանի օրգանիզմ դառնանք: Ապագան մեր ձեռքերում է»:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հուշանվերներ հանձնեց Ռուբեն Վանդանյանին: