- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ «ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Մայիս 14, 2021 | 17:54
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ «ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտը և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերությունն այսօր ընկերության 30-ամյակի միջոցառումների շրջանակում կնքել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են ՀՀ-ում կենսատեխնոլոգիայի, դեղարտադրության, գիտակրթական ոլորտների զարգացման, ուսանողների գործնական գիտելիքների ամրապնդման, մրցունակ և պահանջված մասնագետներ պատրաստելու և երիտասարդների կարիերային զարգացման հնարավորությունների ստեղծման շուրջ։
«Լիկվոր» ընկերության հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը համալսարանականներին ծանոթացրեց ընկերության արտադրական հնարավորություններին, որակի վերահսկման ողջ գործընթացին:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընկերություն այցի ընթացքում նշեց.
«Ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ առաջատար դեղարտադրող «Լիկվոր» ընկերության միջև կնքված այս հուշագիրը վերջին տարիներին ընթացքում ձևավորված մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է, և սա շատ կարևոր է գիտահեն տնտեսություն ունենալու համար: Մեր ուսանողները սովորելուն զուգահեռ իրենց ստացած գիտելիքները կամրապնդեն և նաև կկիրառեն պրակտիկ փորձով, կզարգացնեն իրենց հմտություններն ու կարողությունները»:
Լավագույն ուսանողներին խրախուսելու նպատակով «Լիկվոր» ընկերությունն իր 30-ամյակի առթիվ հիմնել է անվանական՝ «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակ, որը տրամադրվելու է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021-2022 թթ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրա ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021-2022 թթ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:
Ըստ հուշագրի՝ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում անցնելու են արտադրական պրակտիկա, ուսումնասիրելու են պատշաճ արտադրական ու լաբորատոր գործունեության (GMP, GLP) առանձնահատկությունները և ծանոթանալու արտադրության կազմակերպման գործընթացին:
Ըստ «ԼԻԿՎՈՐ»-ի հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի՝ բուհերի հետ համագործակցությունները կարևոր են հատկապես երիտասարդների մասնագիտական որակների կատարելագործման և տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու տեսանկյունից:
««Լիկվոր»-ի ստեղծման առաջին օրվանից և գործունեության 30 տարիների ընթացքում մեզ համար գերակա սկզբունք է եղել պրոֆեսիոնալ, հմուտ մասնագետների ներգրավումն ու երիտասարդ կադրերի մասնագիտական աճին, մրցունակ և պահանջված դառնալուն ուղղված ծրագրերի իրականացումը: Դրան ուղղված քայլերից մեկն էլ այս համագործակցությունն է, որի շրջանակում ուսանողները «Լիկվոր»-ում կանցնեն պրակտիկա, կծանոթանան արտադրության գործընթացին ու մեր նորաբաց R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի աշխատանքին»,- ասաց Սերգեյ Մաթևոսյանը:
Նշենք, որ «Լիկվոր» ընկերությունն իր 30-ամյակի միջոցառումների շրջանակում գործարկել է նաև R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնը: Ստորագրված հուշագրի և համագործակցության շրջանակում այս խոշոր դեղարդյունաբերական ընկերությունում նախատեսվում են ստերիլ դեղերի արտադրության վերաբերյալ ուսումնական և արտադրական պրակտիկաներ: Ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաև R&D կենտրոնի աշխատանքին, որտեղ իրականացվելու են կենսատեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ՝ դեղարտադրության կատարելագործման, նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրման, նորարար և արդյունավետ լուծումների միջոցով որակյալ ու թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող արտադրանք ստեղծելու նպատակով: