- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ
Մարտ 31, 2021 | 12:37
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ
ԵՊՀ-ն հայտարարում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) էսքիզային առաջարկի բաց մրցույթ:
Մրցույթը նպատակ ունի ընտրելու կառուցման համար լավագույն նախագծային առաջարկությունը: Այն բաց է հետաքրքրված բոլոր անհատների, խմբերի և կազմակերպությունների համար՝ առանց որևէ սահմանափակման:
Մրցույթին ներկայացվող էսքիզային առաջարկը պետք է պարունակի կառուցվող հուշահամալիրի նախագծային և կառուցման ընդհանուր արժեքի, կառուցման ժամանակացույցի, ինչպես նաև նյութի տեսակի, գույնի, չափերի վերաբերյալ տեղեկություն:
Մրցույթին ներկայացված փաթեթները քննարկվելու և գնահատվելու են հանձնաժողովի փակ նիստում հայտերի ներկայացման ավարտից հետո 10-օրյա ժամկետում՝ պահպանելով մասնակիցների գաղտնիությունը:
Ներկայացված բոլոր նախագծերը, ներառյալ հանձնաժողովի կողմից չընդունվածները, ցուցադրվելու են մեկ շաբաթ՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ և ևս մեկ շաբաթ՝ մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո:
Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային նախագիծը հիմք է ընդունվելու կառույցի իրականացման համար: Հեղինակի հետ կնքվելու է համապատասխան պայմանագիր:
Տեղեկացնենք, որ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, որից գլխավոր մրցանակը կազմում է 500.000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակը՝ 300.000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 200.000 ՀՀ դրամ:
Հուշահամալիրի էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է։ Էսքիզային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1) 507 սենյակ կամ ուղարկել monument@ysu.am էլ. փոստին:
Մրցույթին մասնակցելու պահանջների և կանոնների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Պատրաստեց Քնար Միսակյանը