- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՆՊԱՍՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ». ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 11, 2019 | 09:23
Հասարակություն
«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՆՊԱՍՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ». ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառները, նպաստող պայմանները և կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանն ասաց, որ այսօրվա մեթոդագործնական պարապմունքը կազմակերպվել է ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:
«Երկու կառույցների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 4-ից 27-ը ԵՊՀ-ում իրականացվում է ՀՀ ՊՆ զինծառայողների վերապատրաստում, որն անցկացվում է ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի հոգեբան դասախոսների, ինչպես նաև ՀՀ ՊՆ հոգեբան փորձագետների կողմից: Իրականացվում է 108-ժամյա դասընթաց, որը ներառում է ռազմական հոգեբանության արդիական բոլոր խնդիրները, այդ թվում՝ ինքնասպանությունների կանխարգելման ուղիները»,- փաստեց Ժասմեն Աղասյանը:
Նրա փոխանցմամբ, Ինքնասպանությունը կանխող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի ակտիվ աջակցությամբ 2003 թվականին սեպտեմբերի 10-ը հայտարարվել է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր, ինչի համար էլ այսօրվա սեմինարաշարքին զեկուցումներով հանդես գալու համար հրավիրվել են ոչ միայն վերապատրաստման ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև թեմայի հիմնախնդիրներին քաջատեղյակ այլ մասնագետներ:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Սամվել Բարոյանն ասաց, որ Զինված ուժերում 2019 թվականին ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերը 2018 թվականի համեմատությամբ նվազել են:
«2018 թվականին գրանցվել է 11 դեպք, իսկ ընթացիկ տարվա մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 7 դեպք, այսինքն՝ համեմատաբար արձանագրվել է 36%-ով նվազում: Սակայն ժամանակագրական առումով տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունները և համեմատությունները փաստում են, որ Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերը որևէ օրինաչափության չեն ենթարկվում և գերակշիռ մասում պայմանավորված են իրավիճակային ռեակցիաներով»,- ասաց Սամվել Բարոյանը:
Նրա համոզմամբ, ինքնասպանությունների կանխարգելման գործում շատ կարևոր է զինծառայողների՝ ժամանակին անցկացվող բուժզննումը, ինչպես նաև զորամասի բժշկի կամ հոգեբանի կողմից նրանց հոգեվիճակի, տրամադրվածության կանխորոշումը. «Բացի դրանից՝ չի կարելի բավարարվել միայն ինքնասպանության աստիճանի հասած մարդկանց բացահայտմամբ, այլև ստորաբաժանումների համագործակցությամբ կայունացնել զինծառայողների հուզական և լարված վիճակը»:
«Ինքնասպանությունների կանխարգելման համար չափազանց կարևոր են նաև ոչ պաշտոնական, ընկերական միջավայրում զինծառայողների հետ մշտական շփումները՝ նրանց մեջ ամրապնդելով լավատեսությունն ու հավատը, ինչպես նաև վստահությունն իրենց ուժի և կարողությունների հանդեպ»,- ասաց Սամվել Բարոյանը:
Գիտագործնական պարապմունքի բացմանը ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ադամյանն ասաց, որ զինված ուժերում զինծառայողների շրջանում ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելման աշխատանքները կրում են համակարգված բնույթ և իրականացվում են զորամասերում ստեղծված ինքնասպանությունների, ինքնախեղումների կանխարգելման խմբի կողմից:
Արթուր Ադամյանը հույս հայտնեց, որ այսօրվա միջոցառումը մեծապես կնպաստի զորամասերի հրամանատարական կազմի, սպա-հոգեբանների, ինչպես նաև զորամասում ստեղծված ինքնասպանությունների, ինքնախեղումների կանխարգելման խմբերի պատրաստության բարձրացմանը և զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների դեպքերի կանխարգելմանը:
«Ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառները, նպաստող պայմանները և կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունքի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հ. Ավանեսյանը, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ. Գասպարյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ Արթուր Ադամյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը, ինչպես նաև Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը:
Մեթոդագործնական պարապմունքի ավարտին տեղի ունեցան քննարկումներ և արդյունքների ամփոփում:
Քնար Միսակյան