- Գլխավոր
- Նորություններ
- ‹‹ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱԳԵՑՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՐԱՎԸ››. ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Ապրիլ 03, 2020 | 17:12
Հասարակություն
‹‹ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱԳԵՑՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՐԱՎԸ››. ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման:
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն այսօր ուսանողների համար կազմակերպել էր առցանց դասախոսություն՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մասնակցությամբ:
Առցանց դասախոսության ընթացքում Բորիս Նավասարդյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակներում լրատվության առջև ծառացած մարտահրավերները:
Վերջինս նշեց, որ այս օրերին լրագրողները բավականին հաճախ առնչվում են համավարակի թեմայի մասին տարածվող նորությունների իրավական և էթիկական խնդիրներին:
‹‹Այս օրերին հաճախ կարելի է հանդիպել նոր «COVID-19» համավարակի՝ նաև ‹‹Չինական վարակ›› անվանմանը,- փաստեց Բորիս Նավասարդյանը,- ինչը կարող է բացասական վերաբերմունք ձևավորել տվյալ երկրի նկատմամբ, ուստի լրագրողները պետք է խուսափեն նմանօրինակ բնորոշումներից››:
Ըստ բանախոսի՝ տարիներ առաջ այսպիսի բացասական վերաբերմունքի արժանացել էր նաև Իսպանիան այնտեղ բռնկված ‹‹Իսպանական գրիպ››-ի պատճառով:
Հատկանշական են նաև վարակակիրներին վերաբերող տեղեկատվության տարածման մոտեցումները. թեև տարբեր երկրներում դրանք տարբեր են, բայց բոլորի համար ընդհանուր է անձի նույնականացման խնդրից խուսափելը:
Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ, այս պահին որակյալ բովանդակություն ձևավորելու համար չպետք է համավարակին վերաբերող կանխատեսումների մասին տեղեկատվություն տարածել. ‹‹Այժմ շատ ավելի արժեքավոր է տեղեկացնել, թե ինչպես կարելի է սեփական անձը և միջավայրի մարդկանց պաշտպանել համավարակից››:
Բացի դրանից, ըստ բանախոսի, շատ կարևոր է տիրապետել տեղեկատվական դաշտին, ինչպես նաև մրցակից լրատվամիջոցներին գերազանցել թեմայի մասին ունեցած հարուստ գիտելիքներով:
‹‹Մեր ժամանակներում լրագրողներին մրցակից են նաև սովորական օգտատերերը, որոնք ունեն հետաքրքիր մտքեր այս կամ այն թեմայի վերաբերյալ,- փաստեց Բորիս Նավասարդյանը,- ուստի լրագրողը պետք է օգտագործի ձեռքի տակ եղած միջոցներն ու անընդհատ հարստացնի գիտելիքները նորերով››:
Բանախոսը նշեց, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս չստեղծելու տեղեկատվական սով, ինչը կարող է խուճապի պատճառ դառնալ. ‹‹Տեղեկատվության պակասը կարող է խուճապ առաջացնել հասարակության մեջ, այդ պատճառով պետք է օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հագեցնել տեղեկատվական ծարավը››։
Անդրադառնալով ավանդական և նոր մեդիայի մրցակցությանը՝ Բ. Նավասարդյանը փաստեց, որ այժմ կարելի է խոսել ոչ թե մրցակցության, այլ համակեցության մասին. ‹‹Այս օրերին մենք շատ հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես է ավանդական և նոր մեդիան ապրում համակեցությամբ՝ օգտագործելով մեկը մյուսի նյութերն ու հնարավորությունները››:
Բանախոսն առցանց դասախոսությունը եզրափակեց՝ ներկայացնելով Հայաստանում դեռևս փորձարարական փուլում գտնվող լրագրողական դիտորդ մարմնի մասին տեղեկատվություն:
Նշենք, որ առցանց դասախոսությունների շարքը շարունակական է լինելու:
Անի Պողոսյան