- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ԱՅԼ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՅԱՆՔԻՆ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ». ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ապրիլ 10, 2020 | 17:34
Հասարակություն
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ԱՅԼ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՅԱՆՔԻՆ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ». ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, ամեն ուրբաթ կազմակերպում է առցանց հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:
Այսօրվա առցանց դասախոսության հյուրն էր հրապարակախոս, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Առցանց դասախոսությունը կրում էր ‹‹Արվեստը և ժուռնալիստիկան. փոխառնչություններ և հիմնախնդիրները›› խորագիրը։
Դասախոսության սկզբում Դավիթ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ առաջին անգամ է առցանց դասախոսությամբ հանդես գալու:
Անդրադառնալով դասախոսության թեմային՝ վերջինս փաստեց, որ մշակույթն այն ոլորտն է, որին լրագրողները մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ են անդրադառնում՝ լուսաբանելով մշակութային կյանքը, իրադարձությունները և մշակույթը ներկայացնող մարդկանց․ ‹‹Ըստ էության, մշակութային կյանքի լուսաբանումը լրագրողի մասնագիտական գործունեության էական կողմերից է››:
Առցանց հանդիպման ընթացքում Դավիթ Մուրադյանն անդրադարձավ մշակույթի էությանն ու ժողովրդի կյանքում ունեցած նշանակալի դերին․ «Մշակույթը կյանքի ինքնուրույն ձև է, որը գումարվում է մեր իրականությանը, ոչ միայն այն արտացոլելու, այլև այդ իրականությանն ինչ-որ բան ավելացնելու համար՝ բովանդակություն, փիլիսոփայություն, իդեալ, արժեհամակարգ, յուրահատուկ էություն››:
Ըստ Դավիթ Մուրադյանի՝ մշակույթը միայն ֆիլմը, երաժշտությունը կամ թատրոնը չէ․ հող մշակելը, որը հետո պտղավորվելու ու բերք է տալու, տարածք, որ հայրենիք պետք է դարձնել, սա նույնպես մշակույթ է:
‹‹Մշակույթը ստեղծվել է ոչ միայն պարզապես իրականությունն արտացոլելու, այլ նրա սահմանները ընդարձակելու և այն հաղթահարելու համար, քանի որ մշակույթը կյանքին տալիս է լրացուցիչ տարածություն››,- նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ բոլոր հզոր պետությունների հիմքում ընկած է մշակութային խորը նախահյուսվածքը, որի մեջ կարևորագույնը լեզուն է․ ‹‹Լեզուն անկախություն է, քանի որ հենց լեզուն է պայմանավորում մշակույթի ինչպիսին լինելը››:
Բանախոսն անդրադարձավ նաև հայերենին՝ համարելով այն բացառիկ ինտելեկտուալ հնարավորություն ունեցող լեզու, որն իր մեջ ահռելի հիշողություն է կրում ՝ հընթացս մատնանշելով նաև հայոց լեզվի արդիական մարտահրավերները:
‹‹Գաղտնիք չէ, որ լրագրողի հիմնական աշխատանքային գործիքը լեզուն է, որքան լեզուն իջնի դեպի կենցաղ, այդքան մենք կամաց-կամաց կիջեցնենք մեր իսկ մարդկային հոգեձգտումների որակը››,-ասաց Դավիթ Մուրադյանը:
Առցանց դասախոսության վերջում Դավիթ Մուրադյանը պարզաբանեց, որ հայ մշակույթի դիմագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մենք և՛ արևելյան, և՛ արևմտյան մշակույթի տարրեր ենք կրում, ինչը հնարավորություն է տալիս այդ աշխարհների հետ հարաբերություններ ստեղծելու՝ տալով քաղաքական բանալիներ․ ‹‹Սա այն է, ինչ ես անվանում եմ հայկական մշակութային ֆենոմեն, որը եթե ապրում է մեր մեջ և մենք էլ իր մեջ, ուրեմն մենք պաշտպանված ենք››։
Անի Պողոսյան