- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Փետրվար 26, 2021 | 12:39
Կրթություն
ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության վարչության կազմակերպած մասնագիտական կողմնորոշման այցերը շարունակվում են։
Այս շաբաթ ԵՊՀ են այցելել Երևանի թիվ 24, 94, 139 ավագ դպրոցների աշակերտները։
Փետրվարի 24-ին թիվ 94 և 139 դպրոցների բարձր դասարանների աշակերտները հյուրընկալվել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Նրանց ողջունել է ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը։ Դպրոցականները դասախոսություն են լսել «Երկրի պտույտը իր առանցքի և արեգակի շուրջը. դրա հետևանքները» խորագրով։
Փետրվարի 26-ին թիվ 94 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն։ Նրանց համար շփման ուժի կիրառման թեմայով դասընթաց է անցկացրել ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը։ Ֆիզմաթ. գիտ. թեկնածուն ապագա դիմորդներին պատմել է շփման ուժի տեսակների, բնութագրի և կիրառության մասին։
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնության շրջանակում ոչ միայն աշակերտներն են այցելում ԵՊՀ, այլև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն են գնում դպրոցներ։
Այսպիսով՝ փետրվարի 22-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Սերժիկ Սրապիոնյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոց։ Նա մասնակցել է աշակերտների կողմից կազմակերպված «Մայրենիի օր» միջոցառմանը։ Միջոցառման վերջում բանասիրական գիտությունների թեկնածուն շնորհավորել է դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին տոնի կապակցությամբ՝ կարևորելով մայրենի լեզվի գերազանց իմացությունն ու սերը նրա հանդեպ։
Փետրվարի 24-ին Երևանի թիվ 29 ավագ դպրոց է այցելել ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը։ Նա «Թումանյանի գրական ժառանգությունը» խորագիրը կրող հանդիպման ժամանակ խոսել է մեծն բանաստեղծի կյանքի, նրա անցած գիտական ուղու և թողած անգնահատելի ժառանգության մասին։