- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՓՈԽԱՆՑԵԼ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 21, 2021 | 15:11
«ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՓՈԽԱՆՑԵԼ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ սոցիոլգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված ֆակուլտետի զոհված ուսանող Արտակ Ստեփանյանին:
Հուշ-ցերեկույթը կազմակերպել էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:
Միջոցառմանը ներկա էին Արտակ Ստեփանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ուսուցիչները, ինչպես նաև ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրոդ պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը, որից հետո Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը հանդես եկավ ելույթով:
Վերջինս նշեց, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս համալսարանականներն ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մարտական գործողություններին և ունեցել ցավալի կորուստներ:
Ցավոք սրտի, կորուստներից անմասն չի մնացել նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետը, որն այս պահին ունի երկու նահատակված և մեկ անհետ կորած ուսանող:
Դեկանը ցավակցական խոսքեր ասաց անմահ հերոսների ընտանիքների անդամներին և հարազատներին՝ նշելով, որ նրանց հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում. «Մեր պարտքը պետք է լինի հերոսների հիշատակը սերնդեսերունդ փոխանցելը»:
Արթուր Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Ստեփանյանի ընտանիքին՝ հայրենիքի համար հերոս դաստիարակելու և մեծացնելու համար:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Էլինա Արիստակեսյանը ներկաներին պատմեց Արտակ Ստեփանյանի ուսանողական կյանքի և Ուսխորհրդում դրսևորած պատրաստակամության, օրինակելի վարքի մասին. «Արտակ Ստեփանյանի կորուստը ցավալի ու չամոքվող կորուստ է, դժվար է նրա մասին անգամ անցյալով խոսելը, բայց նա մեր սրտում կմնա անսահման բարի անձնավորություն ու լավ ուսանող»:
Ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ շնորհակալություն հայտնելով Արտակ Ստեփանյանի ծնողներին՝ հերոս զավակ դաստիարակելու համար:
Արտակ Ստեփանյանի մասին խոսեցին նրա ուսուցիչները, դասախոսներն ու ընկերները:
Իսկ Արտակ Ստեփանյանի նկարն իր ուրույն տեղը գտավ լսարանի պատին: Նշենք նաև, որ նախատեսվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ սենյակն անվանակոչել նրա անվամբ:
Անի Պողոսյան