- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 29, 2021 | 15:32
Հասարակություն
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ «Արվեստի գործերի և մշակութային ժառանգության իրերի գիտական հետազոտություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել ֆակուլտետի շրջանավարտ, ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Մանուկյանը:
«Zoom» առցանց հարթակում տեղի ունեցած վեբինարի ընթացքում Խաչատուր Մանուկյանը խոսել է վաղուց արդեն առկա գիտակարգի՝ հնագիտության մասին, որի նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
Նա մասնակիցներին ներկայացրել է մշակութային ժառանգության իրերի և արվեստի գործերի պահպանման, վերականգնման և նույնականացման համար կիրառվող գիտական մեթոդները՝ փաստելով, որ սկզբնական շրջանում հիմնականում ժամանակագրական հետազոտությունների համար օգտագործվել է պեղածո օրգանական նյութերի մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը:
«Գիտական բազմաթիվ մեթոդների կիրառումն այսօր նպատակ ունի պարզելու տվյալ նյութերի բնութագիրը, հասկանալու, թե ինչպես են դրանք ստեղծվել, ինչից են բաղկացած, ինչպես են մշակվել, և թերևս ամենակարևորը՝ իմանալով դրանց բաղադրությունը՝ հնարավորություն ստեղծել դրանք ավելի արդյունավետ պահպանելու կամ վերականգնելու»,- ասաց Խաչատուր Մանուկյանը:
Խոսելով իրենց հետազոտության արդյունքների մասին՝ բանախոսը վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացրել է հռոմեական արծաթյա մետաղադրամների, միջնադարյան ձեռագրերի և պատմական թղթադրամների ուսումնասիրության մեթոդները, եղանակներն ու դրանց բնութագրման օրինակները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Եգանյանը, կարևորելով այսպիսի նախաձեռնությունները, փաստեց, որ դրանք շարունակական կլինեն և կնպաստեն մասնակիցների նոր գիտելիքների ձեռքբերմանը:
Դասախոսությունը կարող եք դիտել այստեղ:
Քնար Միսակյան