- Գլխավոր
- Նորություններ
- ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Հունիս 30, 2021 | 16:28
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վաստակաշատ պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ ԿԳՄՍ նախարարության կողմից ոսկե մեդալ շնորհելու կապակցությամբ ԵԼՀ ֆակուլտետի հրավիրած գիտխորհրդի ընդլայնված նիստ:
Բազմավաստակ և անվանի մանկավարժին, պրոֆեսորին շնորհավորելու, շնորհակալական և երախտիքի խոսքեր ասելու էին եկել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, հյուրեր, ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:
Վերջինս անդրադարձավ Սեդա Գասպարյանի՝ անվանի գիտնականի, դասախոսի, մանկավարժի գիտական բազմավաստակ ճանապարհին և գործունեությանը:
Գ. Բարսեղյանը խոսեց նաև Սեդա Գասպարյանի մարդկային բարձր հատկանիշների մասին, առանց որոնց նրա կերպարն այդքան կատարյալ չէր լինի:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Սեդա Գասպարյանի կերպարն այնքան դրական և վառ հատկանիշների ամբողջականություն է, որ մեկ կնոջ համար այն նույնիսկ չափազանց շատ է. «Ես ուզում եմ անդրադառնալ Սեդա Գասպարյանի մարդ տեսակին, որի հետ ես երկար տարիներ աշխատել եմ: Սեդա Գասպարյան մարդը վստահ է, թե ինչ է ուզում ինքն իրենից, գործընկերներից և հանգիստ ու հանդարտ շարժվում է առաջ: Ձեր գործունեությունն օրինակ է շատերիս համար»:
Նշենք, որ տիկին Գասպարյանի 75-ամյակի առթիվ պարոն Գեղամ Գևորգյանը նվիրեց Շուշիի գորգերի գործարանում պատրաստված գորգերից մեկը. «Կա մի բան, որ շուտով եզակի կդառնա. այն Շուշիի գորգերի գործարանի արտադրանքն է: Ես ցանկանում եմ դրանցից մեկը նվիրել Ձեզ: Ցանկանում եմ, որ Դուք այն առողջ մաշեք Ձեր ոտքերի տակ»:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը: Նա տիկին Գասպարյանին գիտական մեծ ավանդի և վաստակի համար հանձնեց ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալը:
«Կարծում եմ, որ Սեդա Քերոբովնայի նման մարդիկ պետք է մշտապես մեծարվեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Տիկին Գասպարյանի մարդկային արժանիքների, հավատարիմ ընկերոջ, հայրենասեր կնոջ կերպարի մասին խոսեց պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը. «Լավ գիտնականներ շատ ունենք, որոնց թվում և Սեդա Գասպարյանն է: Սեդա Գասպարյանը լավ հայ է, նվիրյալ ու պայքարի մարդ: Մենք արդեն 58 տարի է՝ ընկերներ ենք, լավ բան է չէ՞, գեղեցիկ է: Շնորհակալ եմ Ձեր լինելիության, տեսակի համար: Ձեր տեսակն է մեզ հասցրել այստեղ: Այլ կերպ մենք չէինք լինի, մենք, Ձեր տեսակը պահելով ու վերհանելով, հարատև ենք լինելու ու շարունակելու ենք ապրել: Չէ՞ որ մարդկության զարկն է այս տեսակը՝ հայի տեսակը»:
Նշենք, որ Սեդա Գասպարյանը ոչ միայն անըստգյուտ դերակատարում ունի լեզվաբանության զարգացման մեջ, այլև մեծ վաստակ պատմագիտության ասպարեզում:
Պատմագիտության մեջ ունեցած նրա վիթխարի աշխատանքին անդրադարձան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Երբ Սեդա Գասպարյանը լեզվաբանությունից երկչոտությամբ եկավ ցեղասպանագիտություն, ամեն հոդված գրելիս պատմաբաններին խնդրում էր աչքի անցկացնել: Բայց նա այնքան էր տառապել այդ տողերի վրա, որ որևէ բան փոխելու կարիք չէր լինում: Մարդը, երբ հարգում է մեկ ուրիշի մասնագիտությունը և վստահաբար մտնում է մեկ այլ ոլորտ, անպայմանորեն հաջողության է հասնում: Սեդա Գասպարյանը, շնորհիվ իր ինտելեկտի և մարդկային բարձր արժանիքների, կարճ ժամանակում ԳԱԱ-ում մեծ հեղինակություն վաստակեց»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Էդիկ Մինասյանն էլ, խոսելով Սեդա Գասպարյանի՝ հայագիտության մեջ ունեցած մեծ ներդրման մասին, նշեց, որ նրա կատարած մանրակրկիտ աշխատանքը պատմագիտության ոլորտում լավագույն աշխատություններից մեկն է համարվում:
Միջոցառումը լի էր նաև անակնկալներով. Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանն իր շնորհավորանքի, շնորհակալական և երախտիքի խոսքն արտահայտեց երգի միջոցով: