- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Ապրիլ 14, 2021 | 18:41
Քաղաքականություն
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը հրավիրվել էր օրակարգային այն նույն հարցերով, որոնք պետք է քննարկվեին դեռևս ապրիլի մեկին հրավիրված նիստի ընթացքում, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չէր ունեցել։
Այսօրվա նիստին ներկա էր ՀԽ 17 անդամ` համալսարանականների կողմից ընտրված 16 և կառավարության կողմից ընտրված մեկ անդամ` Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ Տեղեկացնենք, որ նախորդ օրերի ընթացքում ՀԽ 15 անդամ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել, որոնցից 14-ը մակագրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես նիստի սկզբում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նշեց, դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։ Ընդ որում՝ նրա տեղեկացմամբ, 15 անդամներից միայն երկուսն են ներկայացրել հիմնավորում, թե ինչու են դադարեցնում իրենց լիազորությունները:
Նախքան նիստի օրակարգի հաստատումը, դրա վերաբերյալ հնչեցին առաջարկություններ։ Մասնավորապես՝ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց քննարկել ՀԽ անդամակցությունից հրաժարված անդամների պահվածքը և հանդես գալ հայտարարությամբ, Ավետիք Քերոբյանն առաջարկեց օրակարգում ներառել ՀԽ նախագահի ընտրության հարցը, իսկ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջարկեց օրակարգում ներառել Հոգաբարձուների խորհրդի՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հարցը։
Կառլեն Խաչատրյանի առաջարկի ընդունումից հետո ՀԽ-ն քննարկեց Ավետիք Քերոբյանի առաջարկը՝ մասնավորապես հնչեցնելով մտահոգություններ, թե ներկա անդամների կողմից ընտրությունը հետագայում կարող է խնդրահարույց լինել և առաջացնել լեգիտիմության հարց, քանի որ ներկաների գերակշիռ մասը համալսարանական անդամներ են:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը նշեց, որ ՀԽ հետագա գործունեությունն իրականացնելու համար նախ պետք է հասկանալ իրավիճակը, իմանալ այն անդամների հիմնավորումները, որոնք լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել՝ փաստելով, որ նիստին զուգահեռ՝ այդ անդամները հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանի կարծիքով, քննարկման իմաստ չկա, քանի որ ԵՊՀ աշխատանքային և ուսումնական գործընթացները բնականոն իրականացվում են, մինչդեռ Կառլեն Խաչատրյանը և ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը չհամաձայնեցին այս տեսակետի հետ։ Կառլեն Խաչատրյանի վստահեցմամբ, ԵՊՀ-ում կան կառավարման լրջագույն խնդիրներ, իսկ իշխանության ներկայացուցիչների պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ փորձ է արվում տապալել ՀԽ-ի աշխատանքը:
Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ այս իրարանցումն արհեստական չէ, այլ արդյունքն է նրա, որ ՀԽ 15 անդամ, ըստ էության, չարամտորեն ՀԽ անդամ լինելով հանդերձ՝ համալսարանի հանդեպ իրենց պատասխանատվությունից խուսափում է. «Թե ինչ հիմնավորումներ նրանք կներկայացնեն, դա հարցի մյուս կողմն է: Կարծում եմ՝ դա չպետք է պայմանավորի մեր առջև դրված կարևոր հարցերին լուծում տալը: Իրավական տեսանկյունից որևէ խոչընդոտ չկա»:
Առաջարկն ընդունելուց ու հարցն օրակարգում ընդգրկելուց հետո Ավետիք Քերոբյանն առաջարկեց նաև ներառել դիմում գրած անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ դա, ըստ աշխատակարգի, ՀԽ-ի իրավասությունն է:
Այս առիթով ծավալվեց քննարկում, որի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ երեկ երեկոյան գրություն է ուղարկել կառավարություն` տեղյակ պահելով, որ 30-օրյա ժամկետում պետք է նշանակել նոր անդամներ։ Ավետիք Քերոբյանը պարզաբանեց, որ հարցի քննարկումն անհրաժեշտ է, քանի որ խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման որոշում այս պահին, ըստ էության, չկա, և ռեկտորի գրությունը շուտ է ուղարկվել:
Ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս իմաստով կա նախադեպ, երբ իրենց լիազորությունները դադարեցնելու դիմում էին ներկայացրել ՀԽ նախագահ Գևորգ Մուրադյանը և ևս 3 անդամ, որոնց փոխարեն նշանակվել են նոր անդամներ, և իրավական հետևանքներ չեն եղել:
Ավետիք Քերոբյանն ասաց, որ որոշման կայացումն անհրաժեշտ է, քանի որ օրակարգում կան հարցեր, որոնք հաստատելու համար անհրաժեշտ են ոչ միայն ներկա անդամների ձայների մեծամասնությունը, այլև ՀԽ ամբողջ կազմի ձայների մեծամասնությունը:
Դիմում գրած անդամների լիազորությունները դադարեցնելու հարցն օրակարգում ներառելու առաջարկը սկզբում համապատասխան ձայներ չհավաքեց, որից հետո նա ասաց, որ այդ դեպքում կդադարեցնի մասնակցությունը նիստին, ինչը ենթադրում է քվեակազմի բացակայություն և ըստ այդմ՝ նիստի դադարեցում: Քննարկումից հետո ՀԽ անդամները նորից քվեարկեցին և ընդունեցին առաջարկությունը:
Օրակարգը վերջնական հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրեց 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:
Հաշվետվության և կատարողականի մանրամասն ներկայացումից ու հարցուպատասխանից հետո ՀԽ անդամները բավարար գնահատեցին իրականացված աշխատանքները և հաստատեցին կատարողականը:
Օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ՀԽ անդամները հաստատեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հարցը, որի հիմնավորումը նախապես ուղարկվել էր անդամներին, որպեսզի այն համապատասխանեցվի օրենսդրությանը:
Հայտարարված ընդմիջումից հետո նախապես ներկա 17 անդամներից ներկայացան 16-ը: Անահիտ Չուբարյանը, որը նիստի միջնամասում դրան արդեն մասնակցում էր առցանց, ընդմիջումից հետո դադարեց պատասխանել հեռախոսազանգերին: ՀԽ անդամների շրջանում ծավալվեց քննարկում, թե իրավաչա՞փ է արդյոք նիստը շարունակելը, թե՞ ոչ: Ի վերջո, որոշվեց այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
Քնար Միսակյան