- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Մայիս 04, 2021 | 14:39
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել է նոր ձևաչափ ունեցող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագիրը, որի առաջին՝ դասընթացների փուլի մեկնարկը տրվել է «Իրավաստեղծ գործընթաց» խորագիրը կրող սեմինար-քննարկմամբ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը նշեց, որ ծրագրի շրջանակում շուրջ 50 ուսանող հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով:
Նրա խոսքով, դասընթացների փուլի ավարտին ուսանողները ներկայացնելու են օրենսդրական փոփոխությունների բանավոր առաջարկներ, հաղթահարելով հարցազրույցների փուլը՝ երկօրյա արտագնա կոնֆերանսի ընթացքում ուսումնասիրելու են իրավական ակտերի կազմման տեխնիկական լուծումները՝ մշակելով իրենց իսկ կողմից առաջարկված իրավական ակտերի նախագծերը։
«Բացի դրանից՝ ծրագրի ավարտին ուսանողների մասնակցությամբ իրականացվելու է ԱԺ նիստ, որի ընթացքում քննարկվելու են կազմված նախագծերը՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ միասին»,- փաստեց ՈՒԽ նախագահը։
Գոհար Ավագյանն ընդգծեց, որ ֆակուլտետի ՈւԽ-ն պարբերաբար կազմակերպել է միջոցառումներ՝ միտված ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, բայց այս ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ պետության ապագան կախված է իրենց ոլորտում լավագույն հմտություններն ունեցող մասնագետների առկայությունից. «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու ապագա օրենսդիրներ»:
Պատրաստեց Քնար Միսակյանը