- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օգոստոս 17, 2021 | 19:09
Հասարակություն
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել և իրականացնում է «Իրավունքի ամառային դպրոց»-ը, որի ընթացքում իրավունքով հետաքրքրված աշակերտների և Իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողների համար անցկացվում են իրավական տարբեր թեմաներով դասընթացներ։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ նոր ձևաչափով մեկնարկած ծրագիրը կազմակերպվել է՝ կարևորելով իրավագիտակից քաղաքացիների ձևավորման ու զարգացման հարցում իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը։
«Մեկշաբաթյա ամառային դպրոցի նպատակն աշակերտներին իրավական մշակույթին հաղորդակից դարձնելն է, դե իսկ ֆակուլտետում սովորող ուսանողները, հանդես գալով որպես բանախոսներ, իրենց ավանդն են ունենում այդ հարցում»,- ասաց ֆակուլտետի ՈՒԽ նախագահը։
Նրա խոսքով, դպրոցի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են պետության և իրավունքի տեսություն, դատական համակարգի գործունեություն, իրավունքի տարբեր ճյուղեր և ձեռք են բերելու հմտություններ՝ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։
Իրավունքի ամառային դպրոցն աշակերտներն ավարտելու են ավարտական քննությունով, որը հաղթահարած մասնակիցները ստանալու են հավաստագրեր։
«Գաղափարն ինքնին չէր հաջողի, եթե չլինեին աշակերտների հետաքրքրությունն ու անսահման ոգևորությունը, որով մասնակցում են դասերին։ Հատկապես հատկանշական են դասերի ավարտին հնչող հարցերի հոսքը և դրանց տրամաբանվածությունը։ Դասերն անցնում են ոչ միայն տեսական, այլև գործնական մակարդակով՝ խնդիր–իրավիճակներ լուծելու միջոցով»,- պատմում է Գոհար Ավագյանը։
Նրա տեղեկացմամբ, դպրոցին մասնակցում է շուրջ 80 մասնակից, դասընթացներն իրականացվում են հեռավար և առկա տարբերակներով, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, պետության և իրավունքի հասկացությանը, հատկանիշներին, առաջացման պատճառներին, իրավունքի սահմանման տեսություններին, պետական ապարատի մարմինների և գործունեության սկզբունքներին և այլն։
Պատրաստեց Քնար Միսակյանը