- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ
Հունիս 01, 2021 | 16:53
Հասարակություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է երկօրյա գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի ընթացքում ուսանողները բնության մեջ տեսել ու հաշվառել են Հայաստանի Կարմիր գրքում ներառված մի շարք կենդանիների:
Մեզ հետ զրույցում Կենդանաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը նշեց, որ գիտարշավը կազմակերպվել է Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության միջազգային ծրագրի («CaBOL») և «Կենդանիների էկոլոգիա և պահպանություն» ու «Կենդանիների բազմազանություն» առարկաների շրջանակում, որոնց ուսուցման ընթացքում ուսումնասիրվում է նաև կենդանիների պահպանությունը:
«Գիտարշավի կազմակերպումը նպատակ ուներ ուսանողներին գործնականում ծանոթացնելու կենդանիների պահպանությանը: Մենք ընտրեցինք հատկապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, քանի որ այստեղ արգելոցային պայմանները շատ լավն են և կենդանիների պահպանությունն էլ լավ է իրականացվում, ուստի ստեղծվում է լավ հնարավորություն բնության մեջ տեսնելու և հաշվառելու Հայաստանի Կարմիր գրքում ներառված կենդանիներին՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ»,- ասաց Աստղիկ Ղազարյանը:
Նրա փաստմամբ, Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի, ամբիոնի դոցենտ Գեորգի Պոպովի, դասախոս Տիգրան Հայրապետյանի և իր ուղեկցությամբ կազմակերպված գիտարշավին մասնակցել են ֆակուլտետի 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները, ինչպես նաև 2-րդ կուրս այն ուսանողները, որոնք որպես մասնագիտացում ընտրել են կենդանաբանությունը:
Արգելոցի տարածքում մասնակիցները տարբեր ուղղություններով իրականացրել են արշավներ, որոնց ընթացքում կարողացել են դիտարկել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Parnassius Mnemosyne» և այլ թիթեռներ, Իլիկամողես, Անդրկովկասյան սահնօձ, ինչպես նաև Սպիտակագլուխ անգղ, Գաճաճ արծիվ, Անտառային ձիաթռչնակ, տարբեր տեսակի չղջիկներ և այլ կենդանիներ:
Բացի դրանից՝ գիտարշավի մասնակիցները կարողացել են դիտարկել Սև անգղին, որը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և բնադրում է միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող Բեզոարյան այծին:
Աստղիկ Ղազարյանը նշեց, որ ձայնագրող սարքերի օգնությամբ ձայնագրվել են այլ տեսակի չղջիկների ձայներ. «Արգելոցի մի քանի հատվածներում էլ տեղադրվել ենք ֆոտոթակարդներ, որոնք արձանագրել են Եվրոպական նապաստակին և Աքիսին: Նկատել ենք նաև արջի հետքեր»:
Քնար Միսակյան