- Գլխավոր
- Նորություններ
- ԱԲՈՒԼՂԱՍԵՄ ՖԻՐԴՈՒՍՈՒՆ ԵՎ ՕՄԱՐ ԽԱՅԱՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 18, 2021 | 15:12
ԱԲՈՒԼՂԱՍԵՄ ՖԻՐԴՈՒՍՈՒՆ ԵՎ ՕՄԱՐ ԽԱՅԱՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի Ֆիրդուսու անվան լսարանում այսօր տեղի է ունեցել «Պարսից պոեզիայի երկու գագաթները» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր պարսկական գրականության երկու հեղինակներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն և Օմար Խայամին:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնը, որին ներկա էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային իր ելույթում, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնին՝ ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար:
Վերջինս նշեց, որ հիրավի պարսից պոեզիայում գարունը ծաղկուն է եղել, քանի որ շատ մեծանուն պոետներ հենց գարնանն են ծնվել՝ Ֆիրդուսի, Սաադի, Խայամ. «Գարնան ընթացքում մենք մեծարում ենք պարսից ամենահայտնի պոետներին՝ սկսելով Սաադիից, շարունակելով Ֆիրդուսիով և Խայամով»:
Այս տարի մեծարման միջոցառումների շրջանակում առաջին անգամ մեկ ամիս կնվիրվի պարսից պոեզիային, և խորհրդականը հույս հայտնեց, որ այս նախադեպն ավանդական կդառնա և հնարավորություն կտա ամեն տարի նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու:
Այնուհետև Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ելույթում անդրադարձավ պարսկական պոեզիայի երկու անհաս գագաթներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն և Օմար Խայամին՝ ներկայացնելով նրանց ոչ միայն որպես տաղանդավոր բանաստեղծների, այլև պարսկերեն լեզվի և գիտության զարգացման մեջ անգնահատելի դեր ունեցող անհատների:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնին բուռն և ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ևս մեկ անգամ նշելով, որ համատեղ ջանքերով կազմակերպված յուրաքանչյուր քայլ նպատակ ունի էլ ավելի սերտացնելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները:
Վարդան Ոսկանյանը ելույթում համառոտ անդրադարձավ Աբուլղասեմ Ֆիրդուսու և Օմար Խայամի մշակութային ու գիտական գործունեությանը՝ նշելով, որ այս հեղինակներն իրենց անգնահատելի ներդրումն ունեն իրանական ինքնության կերտման գործում :
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես եկան նաև Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ասմունքեց Աիդա Ասատրյանը:
Նշենք նաև, որ կազմակերպվել էր ասմունքի մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին միջոցառման վերջում: