- Գլխավոր
- Նորություններ
- «ԴԵՄ ԵՆՔ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻՆ». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հունիս 01, 2018 | 14:24
Քաղաքականություն
«ԴԵՄ ԵՆՔ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻՆ». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
«ՀՀ զինապարտության մասին» նոր օրենքում տարկետման իրավունքին վերաբերող դրույթների, սահմանված չափանիշների, ինչպես նաև Մայր բուհում վերջերս ծավալված գործընթացների մասին լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
- Պարո՛ն Դումանյան, հայտնի է, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդը վերջերս տարկետման իրավունքի սահմանափակումը դատապարտող որոշում է կայացրել, ինչպե՞ս կմեկնաբանեք ֆակուլտետի դիրքորոշումը:
- Այո՛, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտխորհրդի կողմից կայացրած որոշումների մեջ արտահայտված են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության դժգոհությունն ու անհամաձայնությունը տարկետման իրավունքի գործող կարգի վերաբերյալ: Ի դեպ, Ֆիզիկայի ֆակուլտետի և ֆակուլտետին կից գործող Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդների համատեղ նիստում նույնպես նմանօրինակ որոշում է կայացվել:
Բազմիցս նշել եմ, հիմա էլ իմ տեսակետը չեմ փոխել, որ դեմ եմ այդ դրույթներին ու սահմանված չափանիշներին, քանի որ դրանք խախտում են կրթության անընդհատության սկզբունքը, ինչը մի շարք մասնագիտությունների համար, հատկապես մեր բնագավառում, շատ կարևոր է:
Դեռևս 90-ականների կեսերից տարկետման իրավունքի հարցը մի քանի անգամ քննարկվել է, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Այս անգամ նույնպես նույն պատկերն է. նախկին իշխանություններն առանց մասնագիտական լուրջ, փոխադարձ լսելիության պայմաններում քննարկում անցկացնելու օրենքը «ուժով» անցկացրին: Արդյունքում ընդունվեց մի օրենք, համաձայն որի՝ Կառավարությունը պետք է մշակեր տարկետման տրամադրման կարգն ու չափանիշները: Ամենալարված իրավիճակում՝ ապրիլի 12-ին, Կառավաությունը հաստատեց 451-Ն որոշումը, որին էլ դեմ է արտահայտվել ֆակուլտետի գիտխորհուրդը: Որոշման մեջ նշված չափանիշներին, իմ կարծիքով, նույնիսկ այսօրվա մեր առաջատար գիտնականները երիտասարդ տարիքում չէին բավարարի: Իհարկե, ի պատիվ մեր պայքարող երիտասարդների, ներկայիս Կառավարությունը հիմա փորձում է մեղմացնել այդ պահանջները: Պետք է ասել նաև, որ խոսքը վերաբերում է բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա կրթական համակարգին, իսկ դպրոցն ավարտողների ու բուհ դիմողների հատվածը բաց է մնացել: Նրանց համար սահմանված չափանիշները զավեշտալի են: Միջազգային օլիմպիադաների մի շարք են ներկայացրել, որոնց մեդալակիրները կկարողանան օգտվել տարկետման իրավունքից, այսինքն՝ խոսքն ընդամենը մի քանի հոգու մասին է: Դպրոցական օլիմպիադաների այդ ցանկում այնպիսի առարկաներ են հայտնվել, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, օրինակ՝ դպրոցականների փիլիսոփայության միջազգային օլիմպիադան: Մեր վիճակագրական տվյալները վկայում են, որ փայլուն ուսանողներ ունենք, ովքեր չեն մասնակցել ոչ մի օլիմպիադայի, սակայն արձանագրել են ավելի բարձր ցուցանիշներ, քան օլիմպիական մեդալակիրները: Օլիմպիադան սպորտ է, մեկը մասնակցում է, մյուսը՝ ոչ: Գովելի է ու մեծ նվաճում է, իհարկե, օլիմպիադայի մեդալակիր լինելը, բայց միայն դա չափանիշ լինել չի կարող:
Կարգում գրված է նաև, որ արտասահմանյան առաջատար բուհեր ընդունվողները տարկետման իրավունք կստանան: Ի՞նչ է ստացվում, որ Կառավարությունը ստորադասում է մեր բուհերը՝ մասնավորապես ԵՊՀ-ն: Ստացվում է, որ եթե մի փայլուն երեխա որոշում է ընդունվել, օրինակ, ԵՊՀ, նա պարտավոր է զորակոչվել, իսկ որևէ արտասահմանյան բուհ ընդունվելու դեպքում՝ տարկետում կստանա: Ստացվում է, որ գործող օրենքով տարկետման իրավունք կստանան միայն մի քանի հոգի: Նախկին Կառավարության պատասխանատուներն այդպես էլ չըմբռնեցին այն միտքը, որ դժգոհություն արտահայտողներն այլ խնդրի մասին են բարձրաձայնում. խնդիրը կրթության անընդհատության սկզբունքն է: Ի վերջո, մեդալակիրը կարող է ընդունվել բուհ ու վատ առաջադիմություն ունենալ: Սա անհատի խնդիր է: Մենք բուհում պետք է ստեղծենք մի կրիտիկական զանգված, որտեղ առողջ մրցակցության պայմաններում կծնվեն այնպիսի անհատներ, ովքեր կհաղթահարեն դժվարություններն ու փուլ առ փուլ կդառնան առաջատար մասնագետներ: Նրանք, ի դեպ, նույնպես հետագայում պետք է ծառայեն պետությանը: Պետությանը ծառայելու տարբեր ձևեր կան: Միայն զինվորական համազգեստ կրելու հարցը չէ: Եթե պետությունը ներդրում է անում երիտասարդ կադրի պատրաստման գործում, նա էլ հետագայում պարտավոր է վերադարձնել իր պարտքը պետությանը: Ծառայություն կարող է համարվել նաև ցածր աշխատավարձով ու կոնկրետ սահմանված ժամկետով բուհում դասավանդելը, պետական կառույցներում աշխատելը և այլն: Ամեն տեղ, ամեն բնագավառում այսօր երիտասարդ կադրերի պակաս է զգացվում, չի կարող մասնագիտությունը զարգանալ, եթե նոր մտքեր, նոր մոտեցումներ չկան: Կարծում եմ՝ նոր Կառավարությունը կվերանայի այդ դրույթներն ու սահմանված չափանիշները: Ընդգծեմ նաև, որ այդ գործընթացներում ոչ միայն ԵՊՀ-ն, այլև բուհական ողջ համակարգը բավականին պասիվ էին: ԵՊՀ-ն պետք է լիներ առաջամարտիկը: Իսկ բուհերը ոչ միայն ոչինչ չարեցինք, այլև հակառակվեցին այն երիտասարդներին, ովքեր պայքարում էին դրա համար: Վստահ եմ, որ նրանք դեռ կհասնեն իրենց նպատակին, ու մենք պարտավոր ենք աջակցել նրանց՝ ելնելով մեր իսկ շահերից: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ երիտասարդներին մեղադրեցին վախկոտության, դավաճանության մեջ, սխալ ու անընդունելի վարք դրսևորեցին: Եթե Աստված չանի, մի բան պատահի սահմանին, ապա այդ երիտասարդները կամավոր կհայտնվեն առաջնագծում, մենք արդեն տեսել ենք դա: Նրանք պայքարող ու քաջ տեսակներ են, ովքեր առողջ են մտածում:
- Առաջին անգամ չէ, որ Ձեր կարծիքը տարբերվում է ԵՊՀպաշտոնական դիրքորոշումից: Ի՞նչ գնահատական կտաք ԵՊՀ-ում վերջերս ծավալված գործընթացներին՝ ուսանողների՝ բուհի ռեկտորին ներկայացված պահանջներին, ինչպես նաև ղեկավարության արձագանքին:
- Նախ ուզում եմ շեշտել, որ ես մտավորականության ներկայացուցիչ եմ, ով պետք է լինի ազատ ու անկախ իր դիրքորոշման ու տեսակետների մեջ:
Տասնյակ տարիներ է, ինչ աշխատում եմ Մայր բուհում, և չեմ տեսել, որ համալսարանը նման հայտարարություններ տարածի: Պրոռեկտորների հայտարարությանը հարգանքով եմ վերաբերում, ընդունում եմ ի գիտություն, սակայն չեմ կիսում նրանց տեսակետը: Այդ հայտարարությունն ավելի շատ նման էր հայտարարության հանցագործության մասին, քան համալսարանական ոճով ու ակադեմիական բարձր դիրքերից ասված խոսքի՝ ուղղված հանդարտեցման, սիրո ու համերաշխության: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ի անունից տարածված հայտարարությանը, ապա ճիշտ կլիներ, որ այն ԵՊՀ ռեկտորի անունից տարածվեր, որովհետև ԵՊՀ-ում կան մարդիկ, ովքեր այլ կերպ են վերաբերվում այդպիսի հայտարարություններին: Ես նմանօրինակ հայտարարություններ ու կոչեր չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում աջակցության կոչով դիմել միջազգային կառույցներին կամ միջազգային համալսարանական հանրությանը: Օրինակ, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի համալսարաններն արձագանքեին ու պաշտպանեին ԵՊՀ-ին, որը ՀՀ-ում քաղաքական ճնշումների է ենթարկվում, դա ճի՞շտ կլիներ: Դա պատիվ կբերե՞ր Մայր բուհին, կարծում եմ՝ ոչ: Համալսարանն այսօր քաղաքական ճնշման ենթարկվելու խնդրով դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին, պետական կառույցներին, իրավապահ մարմիններին, որ գան փրկե՞ն մեզ մեր ուսանողներից: Ի դեպ, տարօրինակ ձևով հայտարարությունը չի ուղղվել Ազգային ժողովի նախագահին: Ամեն դեպքում, մեր ուսանողների հետ մենք հայտարարությունների լեզվով չպետք է խոսենք: Նշված է, որ 100 հոգի ներխուժել են համալսարան, արդյոք դա ճի՞շտ ձևակերպում է: Այդ 100 հոգին մեր ուսանողներն ու լրագրողներն էին: Իհարկե, ամեն ինչ չէր, որ ընդունելի էր ուսանողների պահվածքի մեջ: Եթե հայտարարություն տարածողները կարծում են, որ տեղի են ունեցել իրավական կոպիտ խախտումներ, ապա ինչո՞ւ այդ ուսանողներին, ըստ սահմանված կարգի, չեն հեռացնում, ինչպես, օրինակ, ժամանակին գերազանց սովորող ուսանող Նիկոլ Փաշինյանին 5-րդ կուրսում հեռացրին, ի՞նչն է խանգարում: Նախ մենք քայլեր ձեռնարկենք, մեր իրավական գործիքներն օգտագործենք, քանի որ ամեն ինչին իրավական ձևակերպում ենք տալիս, հետո մեզ աջակցելու խնդրանքով դիմենք այլ կառույցներին:
- Իսկ ի՞նչ կասեք ՀՀ ԿԳ նախարարի՝ ԵՊՀ ղեկավարությանն ուղղված գնահատականի մասին:
- Ինքս, լինելով ԵՊՀ ղեկավարության մաս, չեմ կիսում նախարարի կարծիքը: Սակայն ճիշտ չեմ համարում նաև նախարարի խոսքը ռեկտորատի ընդլայնված նիստում տեսապատկերներով ներկայացնելուն, քանի որ պարզ չէ, թե նա ի՞նչ կոնտեքստում և ինչի՞ համար է դա ասել: Եթե, օրինակ, նայենք այն տեսանկյունից, որ տարկետման իրավունքի պայքարում ԵՊՀ-ն, իմ կարծիքով, ոչ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, ապա ուսանողության աչքերում ԵՊՀ-ն, և ոչ միայն ԵՊՀ-ն, վարկաբեկվեց: Գուցե ժամանակին նախկին նախագահն էլ անհաջող ձևակերպումներով հայտարարություններ է արել, հանրային քննարկմա՞ն ենք դրել: Բոլորն էլ մարդ են և կարող են սայթաքել: Կարծում եմ՝ նախարարի հետ պետք էր առանձնազրույց ունենալ ու հասկանալ, թե ինչո՞ւ է նման կերպ արտահայտվել: Ի վերջո, նա էլ է համալսարանական:
Պետք է հասկանալ, որ համալսարանը երբեք չի եղել համասեռ զանգված, չի էլ կարող լինել, այստեղ զարգացման ու առաջընթացի համար բազմակարծություն է պետք: Ուստի՝ մեծ ուրախությամբ կլսեմ նաև իմ այն գործընկերների կարծիքները, ովքեր համակարծիք չեն ինձ հետ: