- Գլխավոր
- Նորություններ
- ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Օգոստոս 04, 2020 | 21:04
Կրթություն
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
Վիրտուալ շրջայցի ընթացքում էքսկուրսավարը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի պատմությունը՝ նշելով, որ այն կոչվել է Ազգագրական- մարդաբանական թանգարան-գրադարան, ինչպես նաև թե ով է եղել առաջին տնօրենը:
Խոսվեց այն մասին, թե ժամանակի ընթացքում ինչ անվանափոխություններ է կրել Հայաստանի պատմության թանգարանը. կոչվել է Հայաստանի պետական կենտրոնական թանգարան, Կուլտուր-պատմական թանգարան, Պատմական թանգարան, Հայաստանի պատմության պետական թանգարան և վերջապես Հայաստանի պատմության թանգարան:
Լ. Հովհաննիսյանը նշեց, որ թանգարանը ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։
Էքսկուրսավարը շեշտեց, որ թանգարանում են գտնվում մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածու, Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության նմուշներ՝ բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, ինչպես նաև Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782 թ.:
Այնուհետև ներկայացվեցին թանգարանի ստորաբաժանումները և ֆոնդերի կառուցվածքը, Լ. Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն դարձրեց Հնագիտության բաժնին՝ նշելով, որ հնագիտության ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման ամբողջական ընթացքը հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով՝ մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. 15-րդ դ.:
Շրջայցի վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան, ուսանողները տվեցին իրենց հուզող բոլոր հարցերը և էքսկուրսավարից ստացան սպառիչ պատասխաններ:
Քանի որ վիրտուալ շրջայցը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր, և ուսանողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ուստի Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ ևս մեկ վիրտուալ շրջայց կկազմակերպվի՝ նվիրված ազգային տարազին և խաչքարերին։