- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՆՁ ՕԳՆԵՑ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ. ԵՍ ԿԳԱՄ ԵՊՀ». ԵՂՎԱՐԴԻ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ
Նոյեմբեր 23, 2018 | 16:37
Կրթություն
«ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՆՁ ՕԳՆԵՑ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ. ԵՍ ԿԳԱՄ ԵՊՀ». ԵՂՎԱՐԴԻ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ
Այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց՝ համալսարանի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար:
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց էին գնացել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ԵՊՀ գիտական քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը, նույն վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ, Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը նշեց, որ իրենց վարչության կողմից կազմակերպվող մարզային այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ: Նա նաև հայտնեց, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրելու:
Մենուա Սողոմոնյանը դպրոցի հումանիտար հոսքի աշակերտներին նախ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ծանրակշիռ վաստակը պետականաշինության, ինչպես նաև տնտեսության զարգացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության կայացման հարցերում, ապա խոսեց ԵՊՀ կառուցվածքի և ներկայիս գործունեության մասին. «Երևանի պետական համալսարանն ամենամեծն է մեր երկրում և ամենահինը։ Այն ունի 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, 15 գիտական կենտրոն, 50-ից ավելի լաբորատորիաներ»։
Կարևորելով ու արժևորելով բարձրագույն կրթության դերը՝ Մ. Սողոմոնյանը մանրամասնեց, թե ինչպես է ԵՊՀ-ում կազմակերպվում բարձրագույն կրթությունը, անդրադարձավ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հնարավորություններին, բուհի կրթական ակադեմիական միջավայրին, խոսեց նաև բուհում գործող ուսանողական կառույցների գործունեության մասին:
Արշալույս Գալստյանն էլ աշակերտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ վերջիններիս հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտական կողմնորոշմանը, ուսման վարձավճարներին, բուհի ընդունելության ընթացակարգին, թեստային առաջադրանքներին, շտեմարաններում կատարվելիք փոփոխություններին, ինչպես նաև համալսարանն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հնարավորություններին:
«Կարծում եմ, որ մարզերի և Երևանի դպրոցներում պարբերաբար կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն իսկապես շատ օգտակար են թե՛ մասնագիտական կողմնորոշման, թե՛ բուհ-դպրոց կապի ամրապնդման առումով»,- մեզ հետ զրույցում նշեց Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը դպրոցի բնագիտական հոսքի աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձավ ֆիզիկայի բնագավառի այն մարտահրավերներին, որոնք մինչ այժմ լուծում չեն ստացել. օրինակ՝ աշխարհում չկան լազերից պաշտպանող ակնոցներ, լույսի երկու ճառագայթներն անկորուստ միավորող սարքեր, ղեկավարվող կոնտակտային ոսպնյակներ և այլն:
Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը նշեց, որ դրանք նպաստում են աշակերտների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:
«Այս հանդիպման արդյունքում ես ծանոթացա համալսարանի ֆակուլտետների կրթական ծրագրերին, ինչն էլ ինձ կօգնի ավելի հեշտ ընտրել այն բուհը, որը ես ցանկանում են ապագայում ընդունվել»,- մեզ հետ զրույցում ասաց Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Հայրապետյանը:
Նույն դպրոցի աշակերտուհի Լիլիթ Ղազարյանն էլ անկեղծացավ. «Տատանվում էի այն հարցի շուրջ, թե ապագայում որ համալսարանում պետք է ուսումս շարունակեմ, սակայն այսօրվա հանդիպումն ինձ օգնեց ոչ միայն ծանոթանալ ԵՊՀ կրթական ծրագրերին, այլև ավելի հեշտ կողմնորոշվել. ես կգամ ԵՊՀ»:
Այս այցելությունը ոգևորել և շատ տպավորել էր նաև դպրոցի ուսուցիչներին, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին համալսարանականներին նման բովանդակալից հանդիպման համար:
Նադեժդա Տեր-Աբրահամյան