- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ՎԱՂԸ
Մայիս 20, 2021 | 14:22
Հասարակություն
ԵՊՀ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ՎԱՂԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն այսօր ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց անմիջապես հետո:
«Առաջին անգամ համալսարանում կոլեկտիվ պայմանագիր ստորագրվել է 2007 թ.: Չորրորդ կոլեկտիվ պայմանագրի մշակման աշխատանքները մեկնարկել էին դեռևս այս տարվա մարտին համապատասխան հանձնաժողովի միջոցով»,- նշեց Արմեն Ավետիսյանը:
Վաղը՝ մայիսի 21-ին, լրանում է ԵՊՀ գործող կոլեկտիվ պայմանագրի ժամկետը, ուստի շուրջ երկու ամիս առաջ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի համատեղ որոշմամբ ստեղծվել էր հատուկ 6 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը հավանության էր արժանացրել պայմանագրի նախագիծը և օրենքով սահմանված կարգով քննարկումներ կազմակերպելու համար այն ուղարկել ԵՊՀ բոլոր ֆակուլտետներին ու կառուցվածքային ստորաբաժանումներին:
Արմեն Ավետիսյանը, անդրադառնալով կոլեկտիվ պայմանագրերի դրույթներին, նշեց, որ հանրապետության բուհական համակարգում ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը լավագույնն է՝ համակցված գործատուի և աշխատողների շահերի զուգորդմամբ. «Կոլեկտիվ պայմանագրի գոյությունը, որը տարիների ընթացքում ապացուցել է իր կենսական նշանակությունը, համալսարանականներին տալիս է սոցիալական հավելյալ երաշխիքներ և իրավունքների ու շահերի պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ: Մեծ աշխատանք է իրականացվել, և արդյունքում ստացել ենք մի այնպիսի փաստաթուղթ, որից շահելու են բոլորը՝ և՛ գործատուն, և՛աշխատողները, այսինքն՝ շահելու է համալսարանը»:
«Նոր կոլեկտիվ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով յուրաքանչյուր ամիս արհմիության անդամ համարվող աշխատողների աշխատավարձից 1 տոկոս անդամավճարները կփոխանցվեն Արհեստակցական կազմակերպությանը, և Արհմիությունը կվերսկսի իր բոլոր սոցիալական ծրագրերի իրականացումը: Առջևում ամառային արձակուրդներն են, և մեր առաջնային խնդիրն է կազմակերպել աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների պատշաճ հանգիստը: Ինչպես նաև ունենք ամիսներով կուտակված դրամական օժանդակություն ցուցաբերելու դիմումներ, որոնք պետք է առաջնահերթ բավարարվեն, մարդիկ երկար ժամանակ սպասում են»,- հավելեց Արհմիության նախագահը:
Նա վստահեցրեց, որ կոլեկտիվ պայմանագիրն Արհմիություն-գործատու սոցիալական գործընկերության փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն կտա. «Նախկին պայմանագրում կային որոշակի թերություններ, նոր կոլեկտիվ պայմանագրի մշակումը հնարավորություն տվեց գործող կոլեկտիվ պայմանագրի կիրարկման նախորդ տարիների ընթացքում առաջացած խնդիրները և տարընթերցման տեղիք տված կետերը բարեփոխելու և խմբագրելու»:
Արհեստակցական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նոր կոլեկտիվ պայմանագրի նախագծի քննարկման ամբողջ ընթացքում սոցիալական գործընկերության պատշաճ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, մասնավորապես ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանին՝ նոր կոլեկտիվ պայմանագրի նախագծի կազմումը և մշակումը բարձր մակարդակով իրականացնելու համար, ինչպես նաև նշեց, որ այս կոլեկտիվ պայմանագիրը նախորդների համեմատ քայլ առաջ է:
Վարդուհի Զաքարյան