- Գլխավոր
- Նորություններ
- «ԴԻՊԼՈՄԻ ԳՈՒՅՆԻՑ ԲԱՑԻ՝ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ-Ի ՄԱՍԻՆ
Հուլիս 09, 2021 | 13:38
Հասարակություն
«ԴԻՊԼՈՄԻ ԳՈՒՅՆԻՑ ԲԱՑԻ՝ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ-Ի ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանը մասնագիտական կյանք է ճանապարհում նոր սերունդ։
Մայր բուհն ավարտական դիպլոմներ է հանձնում ֆակուլտետների շրջանավարտներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ։ ysu.am-ը զրուցել է այս տարվա շրջանավարտների հետ, իմացել, թե ինչ է նրանց տվել համալսարանը, և ինչ են նրանք մաղթում նոր սերնդին։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Ալինա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ-ն իր համար հարազատ միջավայր է դարձել. «Երբեմն դժվարանում եմ ինձ պատկերացնել առանց համալսարանի։ ԵՊՀ-ն ինձ տվել է նոր ընկերներ, նոր միջավայր և մասնագիտական նոր հնարավորություններ։ Այս հաստատությունից ես ինձ հետ տանում եմ դասախոսներիս սերն ու ջերմությունը, որ զգացվում է նաև համալսարանի պատերից դուրս»։
Ալինան նշեց, որ բարձր գնահատականը կամ կարմիր դիպլոմն իր համար միայն խրախուսանք կարող է լինել, իսկ ունեցած գիտելիքներն իրեն մշտապես ավելի հեռուն են տանելու և նոր հորիզոններ բացելու։
«Միշտ էլ պատիվ է լինել Մայր բուհի ուսանող և ստանալ մասնագիտական կրթություն, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ հենց ԵՊՀ-ում»,- կարծում է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Ալբերտ Մակարյանը։
Նրա խոսքով, ԵՊՀ-ն կարող է ավելի լավը դառնալ միջազգային համագործակցությունն ընդլայնելու և ավելի շատ գործնական գիտելիքներ տալու շնորհիվ։ Ալբերտը գտնում է, որ գնահատականի միջոցով արտացոլվում է գիտելիքը, սակայն միշտ չէ, որ գիտելիքն ու դիպլոմի գույնը համապատասխանում են. «Գնահատականը և դիպլոմի գույնն ամենակարևորը չեն։ Դրանից ավելի կարևոր բաներ կան՝ կրթություն, որակներ, արժեքներ»։
Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանող, բայց արդեն համալսարանական Լիանա Առաքելյանը նշեց, որ ԵՊՀ-ն իրեն ընձեռել է լավ մասնագետ դառնալու հնարավորություն և տվել իրեն բարեկամներ, ընկերներ ու փորձ:
Այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ համալսարանին էլ ավելի լավը դառնալու համար, շրջանավարտը պատասխանեց. «Թռիչք: Սիրելի ԵՊՀ-ին թռիչքն է պակասում»:
Խոսելով բարձր գնահատականի կամ այնքան ցանկալի կարմիր դիպլոմի մասին՝ Լիանան ասաց, որ գիտելիքը գույն չունի, բայց և այնպես այդ թվերն ու գույնը չորս կամ ավելի տարիների աշխատանքն ու դրա արդյունքներն են:
Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Վոլոդյա Մազմանյանին ԵՊՀ-ում ուսումը տվել է խորը մասնագիտական գիտելիքներ, շփում ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նորանոր ընկերներ. «Համոզված եմ, որ ԵՊՀ-ն լավ սկզբնակետ կդառնա իմ հետագա մասնագիտական գործունեության համար»։
Իրավաբանը նշեց, որ ԵՊՀ-ից իր հետ տանում է միայն լավ հիշողություններ՝ թե՛ ուսումնական պրոցեսում և թե՛ դրանից դուրս բազմապիսի միջոցառումների, անձնական շփումների և, որ ամենակարևորն է, հրաշալի ու ջերմ մթնոլորտի մասին։
«Իհարկե, ստացած գիտելիքն առաջնահերթ է, սակայն ոչ պակաս կարևոր է գիտելիքի՝ ըստ արժանվույն գնահատված լինելը։ Իսկ գնահատված լինելու չափանիշը հենց գնահատականներն են և ապա նաև դիպլոմի գույնը»,- ասաց նա։
Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ Շուշանիկ Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ն, բացի մասնագիտական ու համընդհանուր գիտելիքներից, իրեն տվել է ամենակարևորը՝ նոր ծանոթություններ, որոնց արդյունքում ինքը ձեռք է բերել անփոխարինելի ընկերներ. «Դասախոսների մասին խոսելն ավելորդ է, քանի որ նրանք դարձել են շատ ավելին, քան պարզապես դասախոսը»։
Խոսելով բուհում ուսման որակի բարձրացման մասին՝ նա ասաց, որ որոշակի փոփոխություններ իհարկե հարկավոր են։
«Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուրս փորձենք մեր աշխատանքն անել սիրով ու պատասխանատվությամբ՝ լինի դա դասախոսել, թե ուղղակի սովորել»,- ասաց Շուշանիկը։
ԵՊՀ այս տարվա շրջանավարտները նաև մաղթանքներ ունեին ԵՊՀ ընդունված առաջինկուրսեցիների համար։
«Ամենաթանկ պատվոգիրն ազնվությունն է: Միշտ և ցանկացած պարագայում ազնիվ և անաչառ մնացեք: Մի՛ մոռացեք նաև խենթ ու հիշարժան տարիներ ստեղծելու մասին, որովհետև դրանք են լինելու ամենաթանկ հիշողությունները». Լիանա Առաքելյան
«Օգտվե՛ք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռում է համալսարանը՝ մասնագիտական և ոչ մասնագիտական». Ալբերտ Մակարյան
«Ինչքան կարող եք, շատ ժամանակ անցկացրեք համալսարանում, ավելին քաղեք այստեղից և վայելեք ձեր ուսանողական տարիների ամեն մի վայրկյանը». Ալինա Հայրապետյան
«Լավ սովորե՛ք և սեփական գիտելիքներով շենացնե՛ք մեր հայրենիքն ու բարձր պահեք ԵՊՀ-ի անունն ու պատիվը»․ Վոլոդյա Մազմանյան
«Պետք է ձգտել ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ ու ընկերներ: Չհիասթափվեք, եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինչպես դուք էիք պատկերացնում։ Փորձեք հնարավորինս վայելել ուսանողական տարիները և շատ զբաղվել ինքնակրթությամբ». Շուշանիկ Արշակյան
Մարինա Առաքելյան