- Գլխավոր
- Նորություններ
- «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ՆԺԴԵՀԻՆ, ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 16, 2021 | 17:48
Գիտություն
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ՆԺԴԵՀԻՆ, ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պաելանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Նժդեհն այսօր» խորագրով երիտասարդական գիտաժողով:
Մեզ հետ զրույցում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի և «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն Կարին Տոնոյանը, խոսելով միջոցառման նախաձեռնության և նպատակի մասին, ասաց, որ այսօր քննարկելով երկրի իրավիճակը և դրան հանգեցնող պատճառները՝ պարզ է դառնում, որ դրանք շատ խորքից են գալիս, և որոնք հենց գաղափարախոսության բացակայության ու եղած գաղափարախոսությունը չկիրառելու հետևանք են:
«Այն բոլոր ասույթներին, թե մենք այսօր չունենք ազգային գաղափարախոսություն, ես միշտ ուզել եմ պատասխանել, որ յուրաքանչյուր ազգ կերազեր ունենալ այնպիսի գաղափարախոս, ինչպիսին Գարեգին Նժդեհն է: Նա ոչ միայն փայլուն և հանճարեղ սահմանել է այն ամենը, ինչ մենք պետք է անենք և ինչին պետք է դավանենք, այլև տվել է ծրագիր, թե ինչպես պետք է կառուցենք մեր ապագա երկիրը, որ այն լինի անխոցելի, հզոր և իրականացնի բոլոր հայերի երազանքները»,- ասաց Կարին Տոնոյանը և հավելեց, որ որոշվել է այս ձևաչափով կազմակերպել միջոցառում՝ նաև ցույց տալու, որ Նժդեհն այդքան բարդ չէ, և նույնիսկ երիտասարդները կարող են յուրացնել այն, դարձնել իրենցն ու դառնալ գաղափարապես անխոցելի:
Կարին Տոնոյանի վստահեցմամբ, յուրաքանչյուր ոք, ով յուրացրել է Նժդեհին, պատրաստ է ցանկացած դժվարության ու պայքարի:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, «Հայ ասպետ» դպրոցի ուսուցիչ Գևորգ Բարսեղյանն էլ փաստեց, որ ներկայումս գիտական առանձնահատուկ հետաքրքրությունների առարկա է դառնում հայ իրավական փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրությունը. «Այս համատեքստում իր կարևորությամբ առանձնանում են Նժդեհի հայացքները։ Նժդեհի ստեղծագործական ժառանգության, նրա իմաստասիրական հայացքների ուսումնասիրությունն ունի ինչպես տեսական նշանակություն՝ միտված այս կամ այն խնդրահարույց հարցի շուրջ հակասական և իրարամերժ գնահատականների հաղթահարմանը, այնպես էլ գործնական մեծ կարևորություն»։
Միջոցառման բացման խոսքն ասելիս Կարին Տոնոյանը վստահեցրեց, որ երկիրն այսօր ամենից լավ կարող են կառուցել, վերականգնել և նորից շենացնել մեր կրտսեր զավակները, որովհետև ավագ սերունդը շատ սխալներ է թույլ տվել: «Այսօր ես մեր սաների միջոցով փորձել եմ նժդեհյան իմաստությամբ ձեզ ուղղորդել, որ դուք ինքնահամոզվեք և հասկանաք, որ ձեր անելիքն է այսօր ոտքի կանգնեցնել երիտասարդությանը և շենացնել մեր երկիրը»,- դիմելով ներկաներին ասաց Կարին Տոնոյանը:
Նա, մեջբերելով Նժդեհի՝ «Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ և Հայ, արժանի Անկախութեան» միտքը, վստահեցրեց, որ, այո՛, միայն անկախությամբ կարելի է ստեղծագործել և հասնել հզորներին. «Այսօր, ավելի քան երբևէ, Նժդեհն ամենահզոր օգնականը պետք է լինի ու առաջնորդի մեզ»:
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանը ողջույնի իր խոսքում հույս հայտնեց, որ այսօրվա թեման կդառնա լուրջ քննարկման առարկա. «Մենք կարիք ունենք հասկանալու Գարեգին Նժդեհին ինչպես որպես քաղաքական գործչի, այնպես էլ որպես ազգային տեսաբանի»:
Աշոտ Ենգոյանի վստահեցմամբ, այն ժողովուրդներն ունեն ապագա, որոնք առաջնորդվում են ազգային գաղափարախոսությամբ: Ըստ նրա՝ շատ են եղել տեսություններ, որոնք հավակնել են դառնալու մեր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Գարեգին Նժդեհինը, սակայն այդպես էլ չեն դարձել.
«Ես Նժդեհի տեսությունը համարում եմ ամենամոտը, և գուցե այն մեր փրկությունն է, որովհետև Նժդեհի հիմնական սկզբունքն այն է, որ եթե հասարակությունն ուզում է ապագա ունենա, պետք է առաջնային համարի բարոյահոգեբանականը և գաղափարականը: Եթե նյութապաշտությունն իշխում է հասարակությունում, մենք հակված են կորցնելու ամեն ինչ»:
Երիտասարդական գիտաժողովին այսօր զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ-ի և այլ բուհերի ուսանողներ ու «Հայ ասպետ» դպրոցի աշակերտ՝ ներկայացնելով նժդեհյան գաղափարախոսության հիմնական դրույթներն ու տեսույթները:
Գիտաժողովին՝ որպես մասնագետներ, հրավիրված էին ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Արմեն Սարգսյանը, Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը, որոնք գիտաժողովի ավարտին հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց դիտարկումները:
Կարին Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հնչած բոլոր զեկուցումները հասանելի կլինեն համացանցում, կտարածվեն սոցիալական հարթակներում և կտպագրվեն. «Բացի դրանից՝ մենք կայցելենք մարզեր, կհայտնաբերենք երիտասարդներ, նրանց կվարակենք Նժդեհով և կփորձենք ուղղել 30 տարվա այն սխալը, երբ օգտագործել ենք ընդամենը Գարեգին Նժդեհի անունը՝ որպես հողածածկույթ հազար ու մի նպատակների: Մենք Գարեգին Նժդեհի էությունը, ազգապաշտությունը, տիեզերական իմաստնությունը պետք է դարձնենք մեր նոր սերնդի սեփականությունը, որով և անպարտելի կդարձնենք նրան»:
Քնար Միսակյան