- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉ Է ՊԵՏՔ ԼԱՎ ԳՐՈՂԻՆ. ՄԱՍ Ա. ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Սեպտեմբեր 10, 2018 | 14:14
Հասարակություն
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԼԱՎ ԳՐՈՂԻՆ. ՄԱՍ Ա. ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Եթե Հեմինգուեյի ժամանակաշրջանում գրելը միայն ընտրյալների զբաղմունքն էր, ապա հիմա այն կարելի է ասել բոլորին է վերաբերվում: Մեզանից շատերն ունեն էլեկտրոնային հասցեներ, վարում են բլոգներ և, իհարկե, սոցիալական կայքեր, որտեղ ժամանակ առ ժամանակ գրառումներ ենք կատարում և դրսևորում մեր գրելու ունակությունները:
Վերջիններս մեր մտքերի ու գաղափարների արտահայտման ուղիղ միջոցն են դարձել: Միայն թե յուրաքանչյուր միտք չէ, որ իրենից գեղարվեստական արժեք է ներկայացնում, և յուրաքանչյուր հետաքրքրասեր չէ, որ վերջում գրող է դառնում:
Գրականագետ Ժենյա Քալանթարյանի հետ փորձել ենք առանձնացնել այն բոլոր հատկանիշները, որոնք էլ ներկայացնում ենք մեր հոդվածաշարում (մաս Բ, մաս Գ):
Միջակ կամ սովորական գրողները հետևում են ուրիշների կողմից սահմանած օրենքներին, իսկ հանճարեղ գրողները ստեղծում են սեփական օրենքները:
Լավ գրող դառնալու մասին Ստեփան Զորյանը մի հետաքրքրիր անդրադարձ է կատարել: Իր հուշերից մեկում գրողը պատմում է, որ մի օր իր ուսուցչին հարցրել է, թե ինչ է պետք լավ գրող դառնալու համար: Ուսուցիչն էլ խորհուրդ է տվել՝ հարցի պատասխանը պետք է գտնել գրքերում: Հետագայում Զորյանը նշում է, որ թեպետ ինքն այդպես էլ գրքերում չստացավ «ինչպեսի» պատասխանը, բայց փոխարենը հարստացավ նոր գիտելիքով ու գրական հնարքներով, որոնք հետո տեղ գտան նրա ստեղծագործություններում:
Նա, ով ուզում է գրել, պետք է լավ տիրապետի համաշխարհային և ազգային գրականությանը: Շատ հնարավոր է, որ այն թեմաները, որոնց պատրաստվում ես անդրադառնալ, արդեն հեղինակներ ունեն, սակայն միգուցե ժամանակը պահանջում է, որ այդ թեմաներին դու այլկերպ անդրադառնաս: Եթե մարդը տեղյակ չէ, թե ինչ է գրվել իրենից առաջ, ապա նա ամեն օր փողոցում քայլող նոր Բայրոններ ու Պուշկիններ կհայտնաբերի:
Այսօրվա գրողի համար ավելի դժվար է, քան մեկ դար առաջ: Ղազարոս Աղայանը պատմում էր, որ այն ժամանակ, երբ իրենք էին ստեղծագործում, նախ մարդկանց սովորեցնում էին գրել- կարդալ, որպեսզի հետո նրանք կարողանային գրականությունն ընթերցել:
Այսինքն՝ հասարակությունը դեռևս կրթվածության խնդիր ուներ: Հիմա հասարակությունը ոչ գրաճանաչության խնդիր ունի, ոչ էլ ինֆորմացիայի պակաս: Եվ որպեսզի ժամանակակից գրողը հետաքրքրի մարդկանց, նա պետք է այդ նույն մարդկանցից գոնե մեկ քայլ առաջ լինի:
Գրականությունը պետք է ունենա կասանդրայական հատկանիշ՝ կարողանա կանխորոշել ապագան կամ լինի ապագայի մասին: Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ գործերն այսօր արդեն մեր իրականության մի մասն են դարձել, ինչը նշանակում է, որ գրողի երևակայությունը մի քիչ առաջ էր, քան իրականությունը: Մի խոսքով, որպեսզի գրողը հետաքրքրիր ընթերցողին, նա պետք է ընթերցողից գոնե կես քայլ առաջ լինի, և հիմա դա շատ ավելի դժվար է, քան մեկ կամ երկու դար առաջ:
Բնածին օժտվածությունն ու ուրօրինակ աշխարհընկալումը պակաս կարևոր չեն լավ գրող դառնալու համար: Մեկին հետաքրքրում է բնության գույները, մյուսին ՝ աղմուկը բնության մեջ, երրորդը տարանջատում է աղմուկը ռիթմից, այսինքն՝ ըստ հետաքրքրության՝ առաջինը նկարիչ է դառնում, երկրորդը՝ երաժիշտ, իսկ երրորդը խոսքի երանգների վրա է ուշադրություն դարձնում:
Դիտողականությունը լավ գրողի ունակության դրսևորումներից մեկն է: Երկու հոգի կարող են զբոսնել փողոցով, և նրանցից մեկը միայն կարող է այնպիսի մանրուքներ նկատել, որոնք հետո գրական գործի հիմք կարող են դառնալ:
Գլխավորը երկրորդականից տարբերելն այն հատկանիշն է, որը հաջորդում է դիտողականությանը: Պետք չէ թաքնվել մանրամասնությունների հետևում: Էականը ոչ էականից տարբերելու կարողությունը հետաքրքրիր գործի գրավականներից է: Դիտողականությունը շնորհք է, որը կարելի զարգացնել ընթերցանությամբ, ընդ որում՝ կարդալով ոչ միայն գրականության, այլև արվեստի, գիտության և փիլիսոփայության մասին գրքեր:
« Գրական կյանքը չի կարելի միանգամից սկսել մեծ գործերով: Նա, ով իր գործերը սկսում է վեպով, այլ ոչ թե ակնարկով կամ պատմվածքով, նման է այն դերասանին, ով իր առաջին բեմելը սկսում է Շեքսպիրով»,-ասում էր Շիրվանզադեն: Իհարկե, երբեմն բացառություններ էլ են լինում: Մենք ունենք նաև այնպիսի գրողներ, որոնց հաջողվել է հենց առաջին քայլերից գրական ասպարեզում ուշադրության արժանանալ, ինչպես, օրինակ, Շահան Շահնուրն իր առաջին վեպով, Վահան Տերյանը տպագրված իր առաջին բանաստեղծությունների ժողովածուով:
Բայց օրինաչափությունը փոքր քայլերով մեծ գործերին հասնելու մեջ է:
Ազդեցությունն այն սանդուղքն է, որով ամեն մեկը բարձրանում է դեպի ինքնուրույնություն: Կան մեծ գրողներ, որոնց ազդեցության տակ սկսնակները բավականին երկար են մնում: Իսկ լավ գրողի առաջադրանքն այն է ՝ թոթափել այդ ազդեցությունը և գտնել սեփական ճանապարհը: Տարբերվող ձեռագիր ունենալը կարևոր առաջադրանքներից է, իսկ սովորելու համար ուրիշի նման կարելի է գրել:
Քննադատական արձագանքները կարևոր են: Դրանցից չպետք է խուսափել կամ վիրավորվածի կեցվածք ընդունել, փոխարենը պետք է այն օգտագործել գրելու տեխնիկան կատարելագործելու համար: Երբ Արշակ Չոպանյանը Դանիել Վարուժանի առաջին ժողովածուի՝ «Սարսուռներ»-ի մասին հոդված է գրում, Վարուժանը շնորհակալություն է հայտնում Չոպանյանին իր նամակում գրելով, թե արդյոք խրախուսելու իղձը հավելյալ արժանիքներ չի ստեղծել իր համար:
Միայն մտածող մարդիկ կարող են նմանատիպ կասկածներ ունենալ: Պետք է սթափ լինել, քանի որ փառքով արբենալը շատ վտանգավոր է:
Լեզվի խնդիրը կարևոր է: Միշտ էլ խոսակցական լեզուն տարբերվել է գրական լեզվից: Լավ գրողները կարողանում է ոճական միջոցներով կերպավորել հերոսին՝ առանց լեզուն խաթարելու: Արսեն Տերտերյանը, երբ խոսում է Նար-Դոսի հերոսների մասին, ասում է՝ նույն գրական լեզվի շրջանակում նրա ժամանակակից հերոսը և զառամյալ ծերունին խոսում են նույն գրական լեզվով, բայց Նար-Դոսը կարողանում է նրանց տարբեր կերպ խոսեցնել:
Անի Պողոսյան