- Գլխավոր
- Նորություններ
- «EU BUSINESS SCHOOL»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 11, 2021 | 17:31
«EU BUSINESS SCHOOL»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «EU Business School»-ի կրթական ծրագրերի և գործունեության վերաբերյալ:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ մեկնարկում է նոր համագործակցություն կենտրոնի և «EU Business School»-ի միջև:
«Մենք նոր համագործակցություն ենք սկսում «EU Business School»-ի հետ, որի մասնաճյուղերը գործում են Շվեյցարիայում, Իսպանիայում և Գերմանիայում,- ասաց Կարինե Նազարյանը,- այս համագործակցության արդյունքում մենք փորձելու ենք նաև օնլայն դասընթացներ կազմակերպել ՝ ներառելով հայաստանյան և արտասահմանյան մասնագետների»:
Տիկին Նազարյանը նշեց, որ ապագայում տեղի ունեցող դասընթացների մասին ավելի մանրամասն ուսանողները կարող են ծանոթանալ՝ հետևելով կայքի թարմացումներին:
Մեզ հետ զրույցում «EU Business School»-ի տարածաշրջանային ղեկավար Մանե Տոնոյանը հավելեց, որ հանդիպման նպատակն է ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել «EU Business School»-ի կրթական ծրագրերը, ինչպես նաև դպրոցի ընձեռած հնարավորությունները, որոնց շնորհիվ ուսանողներն հաջողությամբ աշխատանք են գտնում:
«Մեր դպրոցի առավելություններից մեկն այն է, որ շրջանավարտներն հետագայում կարողանում են շատ արագ իրենց բիզնեսը ստեղծել ,-ասաց Մանե Տոնոյանը,-բացի դրանից ուսանողներն հնարավորություն ունեն տարբեր երկրներում կապեր ձեռք բերելու, ինչպես նաև ստանալու պրակտիկ կրթություն իրենց նախընտրած ոլորտում»:
Հանդիպման ընթացքում Մանե Տոնոյանն ուսանողներին ներկայացրեց միջազգային, մասնագիտորեն հավատարմագրված «EU Business School»-ի հիմնադրման պատմություն ու այնտեղ սովորելու առավելությունները. «Հարկ է նշել, որ մեր շրջանավարտների մեծ մասը դպրոցն ավարտելուց հետո 6 ամսվա ընթացքում գտնում է աշխատանք կամ բացում է իր սեփական բիզնեսը, ինչը նշանակում է, որը դպրոցը կարողանում է ոլորտի մասին պրակտիկ գիտելիքներով ապահովել ուսանողներին»:
Վերջինս ներկայացրեց «EU Business School» ընդունվելու վերաբերյալ ընթացակարգերը, բակալավրի, մագիստրատուրայի կրթական ծրագրերը, ինչպես նաև դպրոցում օնլայն սովորելու հնարավորությունները:
Հանդիպման վերջում Մանե Տոնոյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Անի Պողոսյան