- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ․ ԽՈՒՍՏՈՒՓՅԱՆ ԱՐԾՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ»․ ԶՐՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 21, 2021 | 16:17
«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ․ ԽՈՒՍՏՈՒՓՅԱՆ ԱՐԾՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ»․ ԶՐՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «Թոնդրակ» արշավական ակումբի հետ այսօր կազմակերպել էր զրույց-քննարկում «Գարեգին Նժդեհ.Խուստուփյան արծվի հետքերով» խորագրով։
Մեզ հետ զրույցում Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթևիկ Հակոբյանն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին ընդառաջ և նվիրված է հայ պետական ու քաղաքական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ազգային գաղափարախոս և Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գործունեությանն ու գաղափարներին։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Նա կարճ անդրադարձավ Գարեգին Նժդեհի կենսագրությանը, խոսեց նրա ծավալած գիտական, ռազմական և քաղաքական գործունեության մասին. «Գարեգին Նժդեհը փայլուն հետք է թողել հայ ժողովրդի կյանքում, նրա անունն ու փառքը հավերժ կմնան սերունդների հիշողության մեջ»:
Ֆակուլտետի դեկանը եզրափակեց իր ելույթը ՈՒԳԸ-ին ուղղված շնորհակալական խոսքով և այս թեմայով գիտաժողով կազմակերպելու մասին ուսանողներին ուղղված հորդորով։
Միջոցառման հյուր, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր-տնօրեն Գոռ Ղազարյանը սկզբում ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։ Նա նշեց, որ Նժդեհի կերպարը բազմակողմանի է և բազմաշերտ։
Գ.Ղազարյանը համառոտ խոսեց Նժդեհի ռազմական և քաղաքական գործունեության մասին, ներկայացրեց նրան որպես իմաստասերի, քաղաքագետի, գրողի և ազգային գաղափարախոսի։
Հիշելով Գարեգին Նժդեհի «Հայրենիքս և ես` մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին» խոսքերը՝ վերջինս նշեց, որ Նժդեհի համար կյանքի գերագույն նպատակը հայրենիքն էր, իսկ ինքը դարձավ այդ հայրենիքը փրկող և պահպանող միջոցը. «Մենք չորս կետով փորձել ենք պատասխանել այն հարցերին, թե ով է Նժդեհը՝ պետական ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, Լեռնահայաստանի առաջնորդ, ազգային գաղափարախոս» ։
Հանդիպման ընթացքում ուսանողները թեմայի վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմեր դիտեցին, իսկ վերջում ներկաները խոսեցին Նժդեհի գաղափարախոսության և երկրի ռազմաքաղաքական վիճակի մասին։
Մարինա Առաքելյան