- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՅԼԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ՈՒ ՉԽՈՒՍԱՓԵԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ՈՒ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՑ». ԱԼԲԻՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մարտ 01, 2021 | 13:53
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՅԼԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ ՈՒ ՉԽՈՒՍԱՓԵԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ՈՒ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՑ». ԱԼԲԻՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ալբինա Մուրադյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է:
Ալբինայի հետ զրուցել ենք գիտության զարգացման հեռանկարների և ապագայի ծրագրերի մասին:
- Ո՞րն է լավագույն ուսանող դառնալու Ձեր բանաձևը:
-Կարծում եմ, որ ես իմ կյանքի ընթացքում ոչ թե գերնպատակ եմ դրել դառնալու լավագույն ուսանող, այլ աշխատելու մշտապես ձեռք բերել գիտելիքներ, բաց չթողնելու նորը բացահայտելու հնարավորությունը և, որ ամենակարևորն է, մեծ ու փոքր հաջողություններս դարձնելու այլոց համար լուսավոր օրինակ, բայց ոչ երբեք պարծենկոտության արտահայտում:
Անշուշտ, ականջահաճո ու անչափ ոգևորիչ էր, երբ ճանաչվեցի լավագույն ուսանող, սակայն երևի թե հենց նույն պահին գիտակցեցի, թե որքան պատասխանատու ու պարտավորեցնող կոչում եմ կրելու:
Շատ ուսանողների համար, որոնք հենց այս պահին ընթերցում են իմ հարցազրույցը, գուցե կարևոր է այս հիշարժան հաջողությանը հասած մարդկանց փորձը:
- Ինչպե՞ս տարածել ու զարգացնել գիտությունը երիտասարդության շրջանում:
- Ամեն անցնող վայրկյանի հետ զարգացող աշխարհում գիտությունը շատ հաճախ ուղղակի չի կարող շարժվել անցյալի իներցիայով:
Անհրաժեշտ է քայլել ժամանակին զուգընթաց ու չխուսափել դասական կրթության մեջ նոր ու ավելի ինտերակտիվ մեթոդաբանություն ներառելուց:
Ըստ իս՝ Հայաաստանն իսկապես այն երկիրն է, որն ունի մեծ ներուժ գիտության մեջ իր ձայնը լսելի դարձնելու համար, սակայն կարևոր է նաև պետական ու հասարակական աջակցությունը:
Իրականում հարցն ավելի խորքային է, ու մի քանի ուղղություններ ունի. նախ՝ կրթական համակարգը դեռևս դպրոցական տարիներից պետք է նպաստի երեխաների վերլուծական մտածողության զարգացմանը, որովհետև ապագա գիտնականը լաբորատորիայում առաջին անգամ փորձ անող կամ գիտաճանաչողական արշավի գնացող աշակերտն է: Անդրադառնալով հասարակական ընկալումներին՝ Հայաստանում ամենաազդեցիկ «քարոզչական ապարատներից» մեկը՝ կինոարտադրությունը, գրեթե չի անդրադառնում ու ֆիլմի հերոսի կերպարում չի ներկայացնում երիտասարդ գիտնականին՝ իր առջև ծառացած խնդիրներով ու աշխատելու մեծ ցանկությամբ:
Կարծում եմ՝ ստեղծված նոր իրողությունը խորհելու տեղիք կտա, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն ու ներդրումներ անեն գիտության ոլորտում:
- Իսկ կա՞ իմաստություն, որով առաջնորդվում եք:
- Տարիքի հետ, բնականաբար, փոխվում է մարդու աշխարհայացքը, հատկապես երիտասարդության շրջանում: Կյանքիս անսասան կարգախոսը, սկաուտության շնորհիվ, դարձել է «Բարձրանալ, բարձրացնել»-ը:
Փորձն ու գիտելիքն իրենց կարևորությունը մասնակիորեն կորցնում են, երբ դրանցով չես կիսվում ուրիշների հետ: Նշածս կարգախոսը, կարծում եմ, արտահայտում է կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքը:
Աշխատում եմ ապրել նաև աստվածաշնչյան «Ոսկե կանոնին» հետևելով, այն է՝ «Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց»:
- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
-Այս տարի բակալավրիատի կրթությունս ավարտելու եմ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնում, որից հետո, Աստծո կամոք, կշարունակեմ ամբողջացնել ուսումս նույն ամբիոնի մագիստրատուրայում, բացի դրանից՝ դիվանագիտական դպրոց ընդունվելու անչափ մեծ ցանկություն ունեմ: Մանկությունից եկած քաղցր երազանքներից մեկն Արտաքին գործերի նախարարությունում աշխատելն է եղել, հուսով եմ դանդաղ, բայց հստակ քայլերով կհասնեմ այդ նպատակին ևս:
ԵՊՀ-ի հետ ես կապված եմ ուղղակի ու անուղղակի շատ թելերով. ներկայումս Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղարի պաշտոնն եմ զբաղեցնում, իսկ վերջերս ունեցած իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անկասկած, կարող եմ համարել Մայր բուհի ռազմավարական ծրագրի ստեղծման աշխատանքներում ներգրավված լինելու հանգամանքը: Անչափ պատասխանատու ու հաճելի գործընթաց է, ու պետք է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ վստահության համար:
Իսկ ապագայի, ավելի կոնկրետ կյանքիս հիմնական նպատակը Հայրենիքիս ու Ծնողներիս արժանի զավակը լինելն է:
Անի Պողոսյան