- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԶԴԻԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՁԵՌՆԱՐԿՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՏԱՐԲԵՐ ԿՐՈՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 09, 2018 | 14:10
Գիտություն
«ԵԶԴԻԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՁԵՌՆԱՐԿՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՏԱՐԲԵՐ ԿՐՈՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Եզդիագիտություն» ուսումնամեթոդական ձեռնարկը տպագրվեց 2018 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից։ Այս առիթով զրուցեցինք գրքի հեղինակ, Իրանագիտության ամբիոնի ասիստենտ Թերեզա Ամրյանի հետ։
- Ինչո՞ւ որոշվեց կազմել եզդիագիտության մասին ուսումնամեթոդական ձեռնարկ:
- Տարիներ շարունակ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում դասավանդվել է «Եզդիագիտություն» առարկան, բայց չկար մի ձեռնարկ, որը համապարփակ ձևով կներկայացներ առարկայի հիմնական սկզբունքները, արդիականությունը, դասավանդման մեթոդները և դրա համար կիրառվող հիմնական գրականությունը: Կարծում ենք՝ ձեռնարկը կարող է օգտակար լինել ոչ միայն այդ առարկայով հետաքրքրվող ուսանողների, այլև տարբեր կրոնների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների և մեր գործընկերների համար:
- Ո՞րն է «Եզդիագիտություն» առարկայի դասավանդման նպատակը:
- «Եզդիագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակն է ուսանողներին գիտելիքներ տալ եզդիների կրոնի ծագման, զարգացման, դրա առանձնահատկությունների, ինչպես նաև եզդիական ինքնության վերաբերյալ: Դասընթացի շրջանակում ուշադրություն է դարձվում նաև Հայաստանում եզդիների ներկայության, նրանց անցած պատմական ճանապարհի, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիների մշակութային առանձնահատկություններին:
- Որո՞նք են եզդիների կրոնական աշխարհընկալման առանձնահատկությունները:
- Եզդիների կրոնը միաստվածային կրոն է, որում կարևոր դերակատարություն ունի տարբեր սրբերի, պահապան ոգիների և հրեշտակների պաշտամունքը: Ինչպես բոլոր կրոններում, եզդիների կրոնում նույնպես կարևորվում են բարու նկատմամբ հավատը, հավատարմությունը կրոնի և սովորույթների հանդեպ, ձգտումը դեպի խաղաղություն և կատարելություն:
- Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում եզդի կնոջ կերպարը:
- Վերջին մի քանի դարերի ընթացքում եզդի կնոջ կերպարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Պատմական աղբյուրներում և եզդիական բանահյուսության մեջ կարելի է հանդիպել եզդի կանանց տարբեր կերպարների՝ ավանդապաշտ կին, չխոսկան հարս, հոգատար մայր, կաղապարված մտածողության դեմ պայքարող ազատ կին, զենքը ձեռքին թշնամու դեմ կռվող կին և այլն: Այս առումով հետաքրքրական է ուսումնասիրել եզդի կնոջ կերպարի վերափոխումները, որոնց վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել կրթված լինելը և գիտության նկատմամբ ձգտում ունենալը:
Մարի Ռաֆյան