- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
Փետրվար 26, 2021 | 17:51
Մշակույթ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, հյուրեր, ուսանողներ:
Ներկաներին ողջունեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Վերջինս նշեց, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի միջև համագործակցությունը զարգացման նոր ճանապարհ է թևակոխում:
«Այս միջոցառումը մեր համագործակցության և համատեղ աշխատանքի ապացույցներից մեկն է: Այս դժվարին իրավիճակներում մարդուն ապրեցնում են իսկական երաժշտությունն ու մնայուն գործերը,- նշեց Կ. Դավթյանը և հավելեց,- աշխատելով, գործելով և, իհարկե, մշակույթով պետք է ինքնամաքրվենք ու շարունակենք ապրել»:
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց գերմանացի հայտնի կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:
«Քանի որ կոմպոզիտորը պատկանում է ողջ աշխարհին, ապա հավասարապես նաև մերն է: Մենք որոշեցինք մեր ունեցած համեստ միջոցներով կազմակերպել այս միջոցառումը»,- տեղեկացրեց տիկին Պապյանը:
Վերջինիս կարծիքով ևս, այս ծանր օրերին Բեթհովենի երաժշտությունը, ոգու ուժը և չհանձնվելու կամքն արդիական են. «Համերգի ծրագրում կտեսնենք մարդկային ճակատագրին բնորոշ բոլոր զգացմունքները. սեր մարդու և բնության հանդեպ, հայրենասիրություն, շահամոլություն, վրեժ, ատելություն, խաղաղություն և երջանկություն, որոնց այսօր այդքան շատ ձգտում է հայ ժողովուրդը»:
Նշենք, որ համերգը վարում էր Հասմիկ Պապյանը, իսկ ողջ ընթացքում հնչում էին կոմպոզիտորի վոկալ ստեղծագործությունները: